Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԹԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂՆ ԷՐ

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Յուրի Վոլֆսոնը, ըստ մեղադրողի, «վարկաբեկում է մեր պետական այրերին»

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի կազմակերպման եւ իրականացման մեջ: Դատարանը երեկ եւ դրան նախորդած երկու օրերին շարունակեց հետազոտել գործում առկա ապացույցները:

Մահափորձը թեեւ տեղի էր ունեցել 2001թ. դեկտեմբերի 29-ին, սակայն գործի հիմքում դրվել էին 2005թ. հունիսի 1-25-ի Վոլֆսոն-Ասատրյան հեռախոսային խոսակցությունների վերծանումները: Պաշտպան Կարեն Մեջլումյանը համաձայն չէր մեղադրանքի հետեւյալ ձեւակերպմանը. «Վոլֆսոնի եւ Ասատրյանի անձնական եւ հանցավոր կապերը հիմնավորվել են հեռախոսային վերծանումներով»: Մեղադրող Ժաննա Կոտիկյանն էլ պնդեց, թե այդ վերծանումները ցույց են տալիս հեռախոսային զրույցների հաճախականությունը մինչ պատգամավորի մեքենայի պայթյունը եւ դրանից հետո:

Վերծանումների մեջ կար Սուրիկ Պողոսյանի հեռախոսազանգ: Պողոսյանին Սիլվա Ասատրյանը չճանաչեց, իսկ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը դատարանին հայտնեց. «Նա իմ ընկերներից է: Գործարար: Ղեկավարում էր շինարարական կազմակերպություններ: Երբ ԿԳԲ-ում իմացան, թե ինչ պաշտոն էր զբաղեցնում, նրանք որոշեցին շինծու գործ սարքել: ԿԳԲ կարելի էր գալ, մեծ գումար մուծել ու… ազատվել: Ենթադրվում է, որ ստացել են եւ նրա ու կնոջ հեռախոսը հենց այնպես չի հայտնվել»: Այստեղ չդիմացավ մեղադրող Ժաննա Կոտիկյանը, ըստ որի՝ «Վոլֆսոնն անխնա հայտարարություններ է անում՝ վարկաբեկելու մեր պետական այրերին»: Ի պատասխան, Վոլֆսոնը ռեպլիկի կարգով նկատեց. «Կան վկաներ, որոնք կապացուցեն իմ ասածը»:

Ուսումնասիրվեց մեքենայի պայթյունից հետո առգրավված ԱԺ պատգամավորի սեւ անդրավարտիքը եւ սպիտակ վարտիքը իրեղեն ապացույց ճանաչելու արձանագրությունը: Պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ այս ապացույցն անթույլատրելի է, քանի որ գործով տուժող Աիդա Ջանշյանը որպես ընթերակա է ստորագրել արձանագրությունը: Իսկ ընթերական, ըստ պաշտպանական կողմի, «գործով չշահագրգռված անձն է», մինչդեռ Աիդայի վնասը (ապակիներն էին կոտրվել) վերականգնել է Մելիք Գասպարյանը:

Նախորդ դատական նիստին ուսումնասիրվեց 1994թ. Հայաստանի գերագույն դատարանի քրգործերով դատական կոլեգիայի կայացրած դատավճիռը: Ըստ այդ գործի նյութերի, Վոլֆսոնի հետ դատվել են Էդիկ Այդինյանը՝ Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորման տնօրենը: Եղել է նաեւ մեկ վրացի՝ «Գոդա» ասոցիացիայի ռեգիստր Թամազ Ճրելաշվիլին: Անդրկովկասյան զինվորական օկրուգի զինմասի սպա Վոլֆսոնը, ըստ գործում առկա ապացույցի, մեղադրվել է «լազերային զենքը Հայաստանում վաճառելու» մտադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել