Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանին բաժին հասան «տառապած ծերերը»

Ապրիլ 23,2007 00:00

ԱԺԿ-ի հանդիպումները Գյումրիում

«Թեկնածուի հետ հանդիպման պետք է գա ոչ թե ժողովուրդը, այլ դու պետք է գնաս ժողովրդի մոտ, այս ձեւով ավելի հստակ ես պատկերացնում ժողովրդի իրական տրամադրությունները. մենք ոչ միայն հաղորդում ենք նրանց՝ ինչ մենք ենք ուզում, այլ լսում ենք նրանց, իսկ ամբիոնային մեթոդը արդեն հնացած է, իրեն սպառած եւ միգուցե կոպիտ հնչի, բայց գտնում ենք, որ Փանջունու պես կենտրոնում կանգնելը ու ասելը՝ արի իմ մոտ, այլեւս քաղաքական գործիչների ու կուսակցությունների համար հարցեր չի լուծում»,- երեկ Գյումրիի փողոցներում ոտքով ման գալն ու գյումրեցիների հետ առանձին-առանձին կենդանի զրույցի մեջ մտնելը այսպես բացատրեց Ազգային Ժողովրդական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Սակայն նրա անձը հիմնականում հետաքրքրում էր տառապած ծերերին, ովքեր վերջինիս տեսնելով՝ անմիջապես գալիս էին սրտները դատարկելու: Ի դեպ, շատերն էլ մոտենալով ու տեսնելով, որ փող չեն բաժանում, հիասթափված թողնում ու հեռանում էին:

ԱԺԿ նախագահին ուղղված բողոքները բազմաբնույթ էին՝ սկսած գործազրկությունից, անարդար բնակբաշխումից, տնակների մեջ փտելուց, Գյումրիի հիվանդանոցներում բժիշկների կատարած ալան-թալանից ու ծեր ընչազուրկների նկատմամբ ունեցած արհամարհական վերաբերմունքից, թոշակների ձգձգումից, ավանդների չփոխհատուցումից՝ մինչեւ ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցների պահանջած «մաղարիչները». «Իմ թոշակը անցած տարվա հունվարից պտի բարձրանար՝ ըստ ձեր տրված հայտարարությունների, էդ ինչը՞ղ օր Ազգային ժողովում դրեցին պատգամավորի աշխատավարձի բարձրացման հարցը՝ երկրորդ օրը բարձրացավ, ընձեն լավ տղա են ըդո՞նք, թող հլը գային կռվի դաշտ»,- վրդովված էր ազատամարտիկներից մեկը: «Իհարկե, բարոյախոսելով չի, պտի ժողովրդի մասին մտածել, կառավարությունն էլ չի մտածում, բայց խնդիրը ո՞րն ա. եթե իշխանությունը, պաշտոնավորը քո մասին չի մտածում, դրա համար ասում եմ՝ հանրաքվեով պետք է կարողանանք հետ կանչել կառավարությանը, գելի գլխին Ավետարան կարդալով չէ, վա՞տ է գործում կառավարությունը, ստորագրահավաք ես անում, հանրաքվե ու հետ ես կանչում»,- փորձում էր զայրացած բնակչին հանգստացնել Շավարշ Քոչարյանը: «Ականջն էլ հետը պտի ոլորես, հետ կանչելով չէ»,- հավելում էր բնակիչը: «Դու հլա հետ կանչի, էդ իրավունքը ստացի, հետո նոր ականջը ոլորելու մասին մտածի. մենք հիմա էդ մեխանիզմն ենք մշակում, անհրաժեշտ է կախման մեջ դնել կառավարությանը»,- գրեթե բոլորի հետ հանդիպման ժամանակ իրենց ծրագիրն էր ներկայացնում Շավարշ Քոչարյանը:

Երբեմն հնչում էին նաեւ անեծքներ նախկին իշխանությունների հասցեին՝ թե «մուրազները փորները մնան, բանկերում երկու կոպեկ դագաղի փող ունեինք հավաքած, ընպես արեցին, որ դրանից զրկվանք»: Մյուսներն էլ զարմացած էին, թե՝ «Ժողովուրդը վարի կերթա, բա դա Ազգային ժողո՞վ է, Ազգային ժողովն է՞լ հոգս ու դարդ թողած՝ երթա Լոնդոն ման գա»: «Ազգային ժողով է, բայց ոչ լավ»,- ասում էր ԱԺԿ նախագահը՝ խուսափելով ավելորդ բնութագրումներից ու խոստումներից: ԱԺԿ նախագահը, ով այս անգամ ավելի շատ լսողի դերում էր, քան քարոզողի, ցավով նկատեց, որ գյումրեցիների՝ նախորդ տարիների «բայեվոյ տրամադրությունը» վերածվել է ծայրահեղ հիասթափության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել