Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-Ն ԱԺ-ՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴՈՄԻՆԱՆՏ ՈՒԺ»

Ապրիլ 23,2007 00:00

«ՀՀԿ-Ն ԱԺ-ՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴՈՄԻՆԱՆՏ ՈՒԺ»

\"\"Համոզված է կուսակցության նախընտրական շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը

– Մինչեւ վերջերս անցկացված, այդ թվում՝ «Գալափ» միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի սոցհարցումներով «Հանրապետականն» իր վարկանիշով զիջում էր «Բարգավաճ Հայաստանին»: Բայց ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային սոցիոլոգների վերջին հարցումներով այս կուսակցություններն իրենց վարկանիշով փոխատեղվել են: Ինչպե՞ս եք դա բացատրում:

– Այո, մարտ ամսի տվյալներով ԲՀԿ-ն առաջատարն էր, բայց այս պահի դրությամբ եւ մեր ունեցած տվյալներով, մասնավորապես՝ նաեւ APS միջազգային կազմակերպության սոցհարցումներով, ՀՀԿ-ն մոտավորապես 4-5 տոկոսի առավելությամբ առաջատար է: Բայց քանի որ արդեն ակտիվ քարոզչություն է գնում մասնավորապես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների կողմից, ես ենթադրում եմ, որ նշված թիվը դեռ էապես աճելու է ու ընտրություններից մոտ 5-10 օր առաջ մոտավորապես ավելանալու է 10 տոկոսով, եթե ոչ՝ ավելի: Դրա համար օբյեկտիվ հիմքեր կան: Դրանցից մեկն այն է, որ այսօր մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն առավելապես հանրապետականներ են: ՀՀԿ-ականներ են առաջադրված մոտավորապես 30 ընտրատարածքներում, եւ ես առավել քան համոզված եմ, որ քարոզչության մեկնարկից հետո պատգամավորության այդ 30 թեկնածուներից առնվազն 25-ը ընտրատարածքներում հաղթելու են: Երկրորդ գործոնն այն է, որ քարոզչությանն է միացել նաեւ մեր խորհրդի նախագահը՝ Սերժ Սարգսյանը, որի հանդիպումները բավականին բարձր մակարդակով են անցնում, եւ դրանք բավականին լուրջ ազդեցություն են թողնում ընտրազանգվածի վրա: Դա եւս էապես ազդում է ՀՀԿ-ի ձայների աճի վրա եւ տալիս է հնարավորություն նման ակնկալիքներ ունենալու համար: Սա է այն օբյեկտիվ հիմքը, որը հնարավորություն է տալիս մեզ մեր ձայները ավելացնելու, եւ ես պատասխանատվությամբ ասում եմ, որ ՀՀԿ-ն այս պահի դրությամբ, մեր ունեցած բոլոր աղբյուրներով եւ տեղեկություններով, առաջատար է։ Եթե ընտրությունները լինեն այսօր, ապա մենք համոզված ենք, որ մեծամասնականով երկրորդ տեղում հայտնված կուսակցությունը առնվազն 4 անգամ ավելի քիչ ձայն է ունենալու, քան ՀՀԿ-ն: Այսինքն՝ ՀՀԿ-ն 23-24 պատգամավորով ավելի է ներկայացված լինելու ԱԺ-ում, քան երկրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը: Դա նշանակում է, որ այն առանցքը, այն դոմինանտ ուժը, որը պետք է ձեւավորի վաղվա խորհրդարանը, ՀՀԿ-ն է լինելու:

– Երկրորդ տեղ ասելով հատկապես ո՞ր կուսակցությանը նկատի ունեք: Արդյո՞ք ԲՀԿ-ին:

– Ես հիմա անուններ չեմ նշի, որովհետեւ առաջադրված մի քանի կուսակցություններ կան, ուստի չեմ ուզում որեւէ կուսակցության PR-ն անել: Բայց ես ունեմ իմ վերլուծությունը եւ համոզված եմ դրանում:

– Դուք խոսեցիք «մեծամասնականի» մասին, իսկ ընդհանուր առմամբ քանի՞ պատգամավոր է ՀՀԿ-ն ակնկալում ունենալ նոր ԱԺ-ում՝ ե՛ւ մեծամասնականով, ե՛ւ համամասնականով։

– Ես կարող եմ ընդամենը մեր նվազագույն թիվն ասել՝ 55 մանդատ (41,9 տոկոս- Ն. Մ.): Դրանից ցածր մենք չենք պատկերացնում, իսկ դրանից առավել՝ հնարավոր է: Ես ուղղակի ուզում եմ զուսպ լինել վերին շեմի մասին կանխատեսումներ անելիս, թեեւ ներքին համոզմունք ունեմ, որ այդ թիվը 55-ից ավելին է լինելու:

– Դուք ասացիք, որ ՀՀԿ-ի քարոզարշավին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը նոր լիցք ու վարկանիշ բերեց, բայց նրան այդ քարոզարշավի ժամանակ ներկայացնում են որպես ՀՀ վարչապետի, ոչ թե ՀՀԿ նախագահի: Չե՞ք կարծում, որ դա կարող է ավելացնել ոչ այնքան ՀՀԿ-ի, որքան իր՝ վարչապետի վարկանիշը:

– Իհարկե, քարոզչությունն ունի իր նրբությունները: Եթե հիշում եք, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ինքն ակտիվ քարոզարշավի չի մասնակցի, քանզի հասկանում է, որ երկրում կան բավականին խնդիրներ, եւ այդ ժամանակահատվածն ինքը չի ուզում ընդամենը քարոզչությամբ զբաղվելով հագեցնել: Նա ուզում է հասցնել իբրեւ վարչապետ՝ երկրի այս կամ այն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրներն ուսումնասիրել՝ իր գործողությունները կանոնակարգելու համար: Բացի այդ, ընտրարշավը՝ ընտրարշավ, բայց երկիրը պետք է շնչի ցանկացած համապետական միջոցառման ժամանակ, եւ այդ միջոցառումը չպետք է ազդի երկրի տնտեսության, քաղաքականության վրա, որի համար պատասխանատու է նաեւ վարչապետը:

– Իսկ ինչո՞վ են ՀՀԿ-ի ծրագրերը տարբերվում մյուս կուսակցությունների ներկայացրած շատ գեղեցիկ ծրագրերից:

– ՀՀԿ-ն ելնելով գործադիր մարմնում աշխատելու իր փորձից եւ հաշվի առնելով պետության հնարավորություններն ու ռեսուրսները, հաշվի առնելով այն պոտենցիալը, որ մենք ունենք, իրատեսական եւ տրամաբանական ծրագիր է ներկայացնում ժողովրդին: Կարելի է բազմաթիվ գեղեցիկ ու ցանկալի բաներ գրել ծրագրում, որոնք մեր իրականության եւ զարգացման մակարդակի հետ որեւէ կապ չունեն, ու փորձել այդպիսի ծրագրերով ժողովրդի ականջը շոյել, քանզի այսօր ձայներ են պետք: Մենք այդ ճանապարհով չենք գնում, մեր գործելակերպում չկա պոպուլիզմ, կա սթափ դատողություն: Կարեւորն այն է, այդ մասին նաեւ ՀՀԿ նախագահը հայտարարեց, որ մենք տեսնում ենք զարգացման հեռանկար, եւ մոտակա տարիներին եթե ՀՀԿ-ն մնա իշխանության, զարգացման տեմպերը երկու անգամ ավելանալու են ներքին պոտենցիալի եւ ճիշտ ու կազմակերպված աշխատանքի, կոռուպցիայի, մենաշնորհի, ստվերայնության դեմ պայքարի եւ որպես սրա արդյունք՝ հարկային մուտքերի ավելացման շնորհիվ:

– Չե՞ք կարծում, որ այդ շատ լավ ծրագրեր ներկայացնելու իմաստով ՀՀԿ-ի դիրքերը մյուս ուժերի համեմատ խախուտ են, որովհետեւ ՀՀԿ-ն արդեն յոթ տարի կառավարության ղեկին է, եւ կարող է հարց ծագել՝ մինչեւ հիմա ինչո՞ւ չեք իրականացրել այդ ծրագիրը, որը հիմա եք ներկայացնում:

– Ցանկացած ժամանակահատված իր հրամայականներն ունի: ՀՀԿ-ն 7 տարիների ընթացքում եղել է իշխանության եւ որոշակի աշխատանք կատարել է, ունեցել է նաեւ որոշակի թերություններ ու բացթողումներ, որոնց մասին մենք ասում ենք: Եղել են խնդիրներ, որոնք արդեն հաղթահարվել են, եւ կան խնդիրներ, որոնք մենք պետք է փորձենք հաղթահարել: ՀՀԿ-ն այսօր իր ծրագրերի շրջանակներում իրական հնարավորություն ունի դրանք իրականացնել:

– Այսօր արդեն մարդիկ ահազանգում են անձնագրերի հավաքման, ընտրակաշառքի բաժանման մասին: ՀՀԿ-ն ի՞նչ է անում այսօր արձանագրվող օրինախախտումները կանխելու համար՝ որպես գործադիր մարմնի ղեկավար եւ ընտրությունների երաշխավոր:

– Մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե ՀՀԿ-ն հավակնում է իշխանության առանցք եւ դոմինանտ ուժ լինել, ապա առավել, քան որեւէ ուժի՝ մեզ են պետք նաեւ մաքուր ընտրություններ, ինչը հնարավորություն կտա ունենալ նաեւ ուժեղ իշխանություն: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նորմալ կառավարել եւ դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին: Բոլորը շատ լավ հասկանում են, որ դոմինանտ ուժը լինելու է ՀՀԿ-ն, առանցքը լինելու է ՀՀԿ-ն: Իսկ այդ հնարավորությունն ունեցող ո՞ր ուժը կուզենա ստվերել առաջիկա ընտրությունները: Չեմ բացառում, որ այն ուժերը, որոնք առանձին տարածքներում ուժեղ են, կփորձեն նման մեխանիզմներ կիրառել, բայց մենք դեմ ենք եւ անթույլատրելի ենք համարում անձնագրերի հավաքումը եւ ընտրակաշառք բաժանելը: ՀՀԿ-ն ամենաշահագրգիռ կուսակցությունն է այսօր, որ ընտրություններն անցնեն արդար, եւ մենք առաջարկում ենք կուսակցություններին ու պատրաստ ենք երկխոսության մեջ մտնել նրանց հետ՝ փորձելու ու գտնելու մեխանիզմներ, որ ընտրատարածքներում խախտումներ չլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել