Լրահոս
Օրվա լրահոսը

Տունը խլել են եւ անօթեւան թողել

Ապրիլ 23,2007 00:00

Բնակչին խոստացել են նոր բնակարան տալ, բայց խաբել են

«Արդեն 18 տարի վարձով եմ ապրում, խաբեցին ու տունս ձեռքիցս առան: Այս երկրում ոչ մեկի վրա չես կարող հույս դնել, ոչ մի օրենք չի գործում: Ոչ տանս գումարն են տալիս, ոչ էլ ինձ հասանելիք բնակարանը»,- «Առավոտին» այսպիսի դժգոհություն հայտնեց Շողիկ Հովհաննիսյանը: Նա 19 տարի առաջ Ավետիսյան-Գրիբոյեդով փողոցների բակային տարածքում սեփական տուն է ունեցել: Սակայն նախկին ջրօգտագործման նախարարությունը տարածքում կառուցապատման աշխատանքներ է իրականացրել՝ պայմանով, որ Շ. Հովհաննիսյանին եւ մեկ այլ բնակչի՝ Միսակ Պողիկյանին նույն տարածքում կառուցվելիք բնակելի շենքում բնակարաններ կհատկացնի: Այդ նախարարությունը հետագայում ներառվել է գյուղատնտեսության նախարարության մեջ, այնուհետեւ առանձնացել է ու դարձել «Ջրաօջախ» ՍՊԸ: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց տիկին Հովհաննիսյանը, եթե իրեն նման փոխհատուցման առաջարկ չանեին, ոչ մի դեպքում իր տնից դուրս չէր գա. «Մեր տները քանդեցին, շենքի հիմքը փորեցին, բայց երկար տարիներ շենքն այդպես էլ չէր կառուցվում: Միայն 2003-ից սկսեցին շենքի շինարարական աշխատանքները: Բայց այդքան տարի սպասելուց հետո էլ շենքի սեփականատեր Գառնիկ Հարոյանը չի համաձայնում իր խոստումը կատարել եւ այդ շենքից տուն տրամադրել՝ ասելով, որ շենքն «էլիտար» է եւ իրենց վրա թանկ է նստել»:

Շ. Հովհաննիսյանը ճարահատյալ դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որն էլ որոշել է, որ Շ. Հովհաննիսյանին անպայման պետք է «էլիտարից» տուն հատկացնեն, բայց պայմանով, որ այդ բնակարանի համար գյուղնախարարությունը պետք է ՍՊԸ-ին հավելյալ գումար վճարի՝ $22 000: Նույն որոշումն են կայացրել նաեւ վերաքննիչ ու վճռաբերկ դատարանները: Սակայն մի քանի ամիս անց տիկին Հովհաննիսյանը դատարանից ծանուցագիր է ստացել այն մասին, որ գյուղնախարարությունը փոխանցում չի կատարել, եւ գումարի վճարման ժամկետն արդեն լրացել է, այսինքն՝ իրենք այլեւս չեն կարող այդ շենքից բնակարան ստանալ:

Այս առնչությամբ գյուղնախարարության իրավաբանական վարչության պետ Կարինե Գրիգորյանը «Առավոտին» պարզաբանեց, որ դատարանը գործը քննելիս հաշվի չի առել երրորդ կողմին. «Այս դեպքում՝ մեզ, անգամ դատարան ներկայանալու ծանուցագիր չենք ստացել: Մենք այդ մասին իմացել ենք շատ ուշ, երբ ստացել ենք ծանուցագիր այն մասին, որ պետք է «Ջրաօջախին» գումար մուծենք: Հետո մեզ որտեղի՞ց այդքան գումար, որ մասնավոր ընկերությանն էլ տանք»: Նրա ներկայացմամբ, «գումար վճարողը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի պետք է հաշվի առնեին նաեւ նրանց եւ դատարան հրավիրեին. երբ մենք դիմել էինք դատարան, հայցվոր կողմից ոչ ոք չէր ներկայացել՝ ոչ փաստաբանները, ոչ էլ հայցվորը»:

Շ. Հովհաննիսյանի խոսքերով, մեկ ամիս առաջ էլ ծանուցագիր է ստացել, թե ինքը իր բնակարանը ստանալու հարցը բարձրացնելով՝ կառուցապատողներին խանգարում է շենքի շինաշխատանքներն իրականացնել: Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «Ջրաօջախ» ընկերության սեփականատեր Գառնիկ Հարոյանից, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել