Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՍԱ, ԽՈՍԱ, ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՃԻՇՏ ՄԱՐԴ»

Ապրիլ 23,2007 00:00

Երեկ թալինցի մի տղամարդ հիացմունքով լսում էր Արտաշես Գեղամյանի ելույթը

Արտաշես Գեղամյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ այցելեց հանրապետության 34-րդ բնակավայրը: Թալինի մշակույթի տան հրապարակում հավաքված բազմությունը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահին դիմավորեց աղուհացով, դհոլ-զուռնայով եւ ԱՄ կուսակցության սպիտակ դրոշներով: Միակ հռետորը, ինչպես սովորաբար լինում է «Ազգային միաբանության» հանրահավաքներին, կուսակցության նախագահն էր: Արտաշես Գեղամյանը առանց հոգնելու եւ առանց ընդմիջման խոսեց մոտ 40 րոպե, թալինցիներին պատմեց գյուղացու չարքաշ վիճակի, հայ մարդու նեղ օրերի եւ երկրի քայքայվող տնտեսության մասին, ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց իր հակաճգնաժամային ծրագիրը, պաշտոնական վիճակագրական տվյալներ: Ելույթի ընթացքում գյուղացիներից շատերը գլուխներն էին տմբտմբացնում՝ հավանություն տալով ասվածին: Արտաշես Գեղամյանը մարդկանց բացատրեց, որ այլեւս այսպես ապրել չի կարելի. «Եվ ահա ծնվեց հակաճգնաժամային ծրագիրը, ծնվեց մի ծրագիր, որը բոլոր հարաճուն հարցերի պատասխաններն է տալիս»: Արտաշես Գեղամյանի ներկայացրած վիճակագրական թվերը լսելիս՝ հանրահավաքի եկածները կարծես ավելի խրվեցին հուսահատության գիրկը, «վախ-վախ-վախ», այսպես հոգոց հանեց մի մարդ, երբ Արտաշես Գեղամյանն ասաց. «Միայն անցյալ տարի ՀՀ-ից դուրս է հանվել 2 միլիարդ 100 միլիոն դոլար գումար, որովհետեւ ճիշտ այդ գումարի չափով դրսից ապրանքներ են ներմուծվել: Երբ ուշադիր կարդում ես այդ ապրանքների տեսականին, ապա անկախ քեզանից մտածում ես՝ լավ, մի՞թե կարելի է այսքան աննպատակ աշխատել, ինչպես իշխանություններն են աշխատում: Միայն անցյալ տարի ներմուծել են 305 տոննա ցորեն, 54 հազար 500 տոննա շաքարավազ, 16 հազար տոննա տավարի միս, 7,5 հազար տոննա թռչնի միս, 128 միլիոն տուփ ծխախոտ: Ինչո՞ւ եմ հենց այս թվերը ձեզ մոտ հրապարակում, որովհետեւ ՀՀ վարելահողերի 45 տոկոսն այսօր չի օգտագործվում, չի օգտագործվում, որովհետեւ գյուղացին հնարավորություն չունի դա մշակելու»: Արտաշես Գեղամյանի ելույթը մի քանի րոպե պարզապես հուսահատության գիրկը նետեց թալինցիներին: Առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մարդիկ ուղղակի անելանելի հոգեվիճակում հայտնվեցին: Սակայն Արտաշես Գեղամյանը Գեղամյան չէր լինի, եթե չցրեր նաեւ այդ տրամադրությունները. «Այ, սրա համար ենք ասում, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, այ, սրա համար է, որ բոլորիդ կոչ ենք անում եւ խնդրում ենք՝ 2007 թվականի մայիսի 12-ին մեկ մարդու պես գնացեք ընտրությունների, ձեր խղճի մտոք ընտրեք, երբեք ու երբեք կարիքից դրդված մի գայթակղվեք ընտրակաշառքով, իմացեք, դուք այդ գումարը սատանայի ձեռքերից եք վերցնում, եւ այդ գումարով դուք կողոպտում եք այս լավ բալիկին (ձեռքը դրեց կողքին կանգնած մի երեխայի գլխին- Մ. Ե.), իր հասակակիցների ապագան, դուք տապանաքար եք դնում հայոց պետականության ապագայի վրա»:

Արտաշես Գեղամյանի ելույթից հետո մի տիկին հասցրեց հարց ուղղել ԱՄ նախագահին, եւ հարցը հետեւյալն էր. «Ժողովուրդը ո՞նց հավատա ոչ միայն ձեզ, այլեւ ընդդիմադիրներին, երբ ոչ մեկդ մեկի հետ չկարողացաք կապակցվել, ոնց են ասում՝ մի թիմ կազմեիք, որ էս ժողովուրդը հավատ ունենար: Կներեք, էս մեկն ասում ա՝ Գեղամյանը իրա համար ա անում, որ դառնա նախագահ, Դեմիրճյանը իրա համար ա անում, էն Փարաքար փակողը՝ իրա համար»: Այդ պահին Արտաշես Գեղամյանը փորձեց հարցին պատասխանել. «Բոլորս էլ գալու ենք իշխանության…», եւ չհասցրեց ավարտել, քանի որ տիկին Լենան ավելի ճարպիկ գտնվեց. «Մի րոպե, բոլորով չեք կարող գալ իշխանության, մեկը պտի ըլնի իշխանության գլուխը»: Վերջին խոսքը, այնուամենայնիվ, Արտաշես Գեղամյանն ասաց. «Սիրելի թալինցիներ, հիմնական հարցում ընդդիմությունը համախմբված է, որն է այդ հիմնական հարցը՝ հարցը այն է, որ մենք կարողանանք ընդդիմադիր բոլոր կուսակցություններով ապահովենք, որ մայիսի 12-ին լինեն ազատ, արդար ընտրություններ, ժողովուրդը ում կընտրի, ուրեմն, համոզված եղեք, ընդդիմադիր ուժերը ԱԺ-ում հիմնական հարցերի շուրջ միասնական կլինեն: Ընդդիմությունը բավարար ուժեր ունի 3-4 ուժով, թիմով մտնել խորհրդարան: Այսօր ՀՀ ազգաբնակչության գրեթե 85 տոկոսը ընդդիմադիր է»: Դարձյալ անցում կատարելով «Հակաճգնաժամային ծրագրին»՝ ասաց. «Մեր ծրագրում ուղղակիորեն մատնանշված է, որ Հայաստանի տնտեսական զարգացման բանալին ՌԴ-ի հետ միասնական տնտեսական գոտու ստեղծումն է»,- հավաքվածները սրտանց եւ կարոտախառն ծափահարեցին:

Թալինցիներից մեկը բարձրախոսին մոտենալով՝ զայրացած հարցրեց. «Հըլը մի հատ վերլուծեք, ընչի՞ մահացավ մեր հարգարժան Անդրանիկ Մարգարյանը»: Արտաշես Գեղամյանը անմիջապես ուղղեց եւ դիտողություն արեց. «Եթե բան գիտեք ասելու, պետք չի այսքան մարդու մոտ ասեք, պաշտոնապես գրեք եւ ստորագրեք: Պետք չի ժողովրդին մոլորության մեջ գցել՝ ասելով, որ միեւնույն է՝ ընտրությունները կեղծելու են, «ղալաթ» են անելու, որ կեղծելու են, ոչ ոք չի կարող դրսից գալ եւ Թալինում ընտրություն կեղծել, եթե ձեր հարեւանը, եթե ձեր ծանոթը, ձեր բարեկամը ինքը չկեղծի: Դրա համար խնդրում եմ ընտրական տեղամասերից չհեռանալ այնքան ժամանակ, մինչեւ պաշտոնապես կհայտարարվեն ընտրությունների արդյունքները: Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերի հանձնաժողովների անդամները, վստահված անձինք կվերահաստատեն դրանք, ուրեմն բոլորս կողջունենք տվյալ ընտրատարածքային հանձնաժողովի ողջ կազմին»:

Ասաց նաեւ, որ ինքը ուժ է ստանում ժողովրդից. «Իմ ուժը դուք եք, իմ ուժը պայմանավորված է նրանով, որ 10 «ջիփով» չեմ գալիս ժողովրդի մեջ մտնում, որ 100 հոգի թիկնազորով չեմ գնում գյուղ, որովհետեւ ես ինձ հանգիստ եմ զգում, որովհետեւ ես գիտեմ, որ բարու սերմեր սփռելուց բացի, ոչ մի սխալ բան ինձ թույլ չեմ տվել, բացի կյանքս եւ ընտանիքիս կյանքը վտանգելուց, ոչ մի ավելորդ բան չեմ արել, հա, մեկ-մեկ գնում ենք Վարդանյանենց (Գեղամյանի թալինցի հին բարեկամն է- Մ. Ե.) տուն՝ մի-երկու բաժակ արաղ ենք խմում. եթե դա մեղք է, թող պատժվեմ»: Ժողովուրդը ուղղակի ձեռքերի վրա Գեղամյանին տարավ դեպի մեքենաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել