Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ դուրս եկավ աստղային երկնակամարից: Բայց ժողովուրդը նրան կվերադարձնի՛:
4 կուսակցություններից, որոնց ընտրարշավն ինձ հանձնարարել է լուսաբանել մեր գլխավոր խմբագիրը՝ ամենահաճույքովն անդրադառնում եմ Հայաստանի մարքսիստական կուսակցությանն ու նրա առաջնորդին: Ակնկալում էի, թե նրա քարոզչությունը լուսաբանելու ընթացքում ի վերջո կմասնակցեմ «Երկու աստղ»-ի նկարահանումներին: Սակայն ավա՜ղ՝ Դավիթ Հակոբյանին երեկ դուրս թողեցին նախագծից: Հաստատ նրա մրցակիցներն էին ջանացել, նկատի ունենալով, որ գնալով բարձրանում էր հայ մարքսիստի վարկանիշը: Կամ էլ՝ չգնահատեց «Երկու աստղի» անողորմ ժյուրին Դավիթ Հակոբյանի համարձակությունը: Նա հայտարարել էր, թե հպարտ է, որ քաղաքական դաշտի իր գործընկերներից ինքը միակն էր, որ համարձակություն ունեցավ մասնակցել այդ շոուին, մինչդեռ մյուսները վախեցան «խեղկատակության զոհ դառնալ»: Մեր հարցին, թե ինքը չի՞ վախենում «խեղկատակության զոհ դառնալուց»՝ գլխավոր մարքսիստը պատասխանեց. «Քաղաքական շոուից անցումը երաժշտական երգարվեստի շոու՝ առաջին հերթին նպատակ էր հետապնդում ջարդել քաղաքական կերպարի ստերեոտիպը: Միշտ պատկերացնում են, թե քաղաքականության մեջ գտնվող անհատը պիտի երեւա լո՜ւրջ, լրջախոհ, մտորումների մեջ, ինքնամփոփ կամ ագրեսիվ կեցվածքով: Ինձ հաճախ դիտողություն էին անում, թե չափից ավելի մռայլ եւ ագրեսիվ տեսք եմ բանեցնում ելույթներիս ժամանակ: Տպավորությունն այնպիսին էր, թե ես անհավասարակշռված եմ, իմպուլսիվ եւ չեմ կարողանում միտքս արտահայտելու համար դեմքիս ավելի փափուկ արտահայտություն տալ, առավել հմայիչ: Այսինքն՝ սպասում էին, որ կոկետկայի ստերեոտիպով պիտի հանդես գայի իմ ելույթներում, որ քմահաճ ամբոխը հրապուրվեր ինձնով: Ես ասում էի, որ եթե ազգի ցավերի մասին մտահոգված եմ խոսում, ապա ինձ պիտի պահեմ այնպես, ինչպես Իվան Գրոզնին կամ Ալեքսանդր Նեւսկին: Նրանք երբե՛ք ծիծաղելով մտքեր չեն արտահայտել ազգի դարդերի մասին: Բայց երբ այս ստերեոտիպն էլ ջարդեցինք ու անցանք երգեցողության շոու՝ մարդիկ զգացին իմ հոգու ներքին փխրունությունը: Այսինքն՝ եթե մարդը տարվում է արվեստով, ինքնըստինքյան հոգում չունի չարություն ու նենգություն, եւ նրա հատկանիշներից կարեւորն ասպետական վեհությունն է: Ահա իմ կերպարի այս թաքնված շերտերն էլ բացահայտեց շոուն: Սա՛ էր նպատակը՝ ես այլ կերպարանք ստացա հասարակության մտապատկերի մեջ»:
Ասպետական վեհությամբ Մարքսիստական կուսակցության նախագահը խոսեց իր զուգընկերուհու՝ երգչուհի Աիդա Սարգսյանի մասին. «Ես նրան չէի ճանաչում բացարձակապես եւ մինչ այս՝ տեղյակ չէի նրա երգարվեստին: Բայց բացահայտեցի, թե Աիդայի կերպարն ինչպես է ձեւավորված հասարակության մեջ: Շամշադին իմ այցի ժամանակ տեսա, որ ժողովուրդը պրովինցիայում նրա մասին խոսում է այնպես, ինչպես ֆրանսիացիները՝ Էդիթ Պիաֆի մասին: Այսինքն՝ նրան համարում են իրենց սեփականությունը, հարստությունը եւ ազգայինը: Նաեւ ասեմ, որ Աիդան շատ մեծ մանկավարժական ձիրք ունի եւ մեծ աշխատանք է թափել ինձ վրա՝ այս շոուին նախապատրաստելու համար, տեղեկացրել երգարվեստի նրբություններին եւ շոուի ատրիբուտներին»:
Սակայն ոչ միայն «Երկու աստղ»-ով է յուրահատուկ Հայաստանի մարքսիստական կուսակցության քարոզարշավը, այլ նաեւ նրան հատկացված անվճար եթերաժամանակի օգտագործմամբ: Այստեղ Դավիթ Հակոբյանը ցուցադրում է ե՛ւ իր բանակի նկարները (ծառայել է ռազմաօդային ուժերում՝ կործանիչ օդաչու է, ե՛ւ վստահեցնում է, որ ունի 56 թռիչք), ե՛ւ նաեւ լուսանկար, թե ինչպիսին էր ինքը 5-6 ամսական հասակում: Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք ընտրություն կատարելու համար վճռորո՞շ գործոններ է համարում, որ ինքը ծառայել է ավիացիոն կործանիչ գնդում կամ եղել է շատ սիրուն երեխա՝ գլխավոր մարքսիստը պարզաբանեց, թե ինքը չի մասնակցել ձեւավորմանը՝ հոլովակը պատրաստած լրագրողների ճաշակն էր իր քաղաքական բնութագիրն «անձի տեսապատկերների» հետ կապելը:
«Երբ որոշեցինք փոքրիկ տեսահոլովակ ստեղծել մեր կուսակցությունը գովազդելու համար՝ երկար-բարակ ստեղծագործական մտորումների մեջ էինք,- պատմեց Դավիթ Հակոբյանը:- Որոշեցինք ընտրել Առնո Բաբաջանյանի «Հայրենասիրական բալլադը», որը շատ հզոր գործ է, սիմֆոնիկ երաժշտության շեդեւր: Այս երաժշտությունը եւ Էյզենշտեյնի «Շտուրմ Զիմնեգո» կադրերը տվել են շատ հետաքրքիր, ազդեցիկ ոճ: Այսինքն՝ խոսքը պառլամենտարիզմի՛ շտուրմի մասին է: Եվ ընտրական մարաթոնում իմ առաջին հեռուստաելույթում ասացի՝ արդյոք քաղաքական դաշտի պրեզերվացիոն որեւէ հնարք կարո՞ղ է կանգնեցնել մարքսիզմի, որպես գաղափարախոսության, հաղթարշավը պառլամենտ: Ոչ ոք ի զորու չէ կանգնեցնել՝ այնպես, ինչպես Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»:
Մարքսիստական կուսակցության նախագահը նաեւ ասաց. «Որոշ հիմարիկ ուղեղիկներ մեր երգարվեստի շոուին իմ մասնակցությունը որակել են իբրեւ խեղկատակություն: Կարծում եմ, որ ավելի լավ է լինել Աստծո եւ ժողովրդի կատակերգու սպասավորը, քան Աստծո եւ ժողովրդի գրպանահատը»: