Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերը կմեկնեն Թաիլանդ

Ապրիլ 20,2007 00:00

Տեղի Ռեգենտների դպրոցում նրանց կսովորեցնեն միջազգային փոխըմբռնում, ժողովրդավարություն եւ առաջնորդի ունակություններ:

Մեկ տարի առաջ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ ԿԳ նախարարության եւ Թաիլանդի Ռեգենտների դպրոցի միջեւ: Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն է, որը համագործակցում է վերջինիս հետ: Երեկ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ Թաիլանդի Ռեգենտների դպրոցի հիմնադիր- նախագահ դոկտոր Վիրաչայ Տեչավիջիթը քննարկեցին այդ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այնուհետեւ դոկտոր Վիրաչայը ներկայացրեց իրենց դպրոցում ուսուցման առանձնահատկությունները. «Մեր ծրագրերը սովորականից բարձր ընդունակություններ ունեցող երեխաների համար են: Ակադեմիական առարկաներից բացի, մեզ մոտ դասավանդվում է նաեւ միջազգային փոխըմբռնում, ժողովրդավարություն, շրջակա միջավայրի ճանաչում, արկածախնդրություն, առաջնորդի ունակություններ, ծառայություն առարկաները»: Ռեգենտների դպրոցում կարող են սովորել 14-16 տարեկան երեխաները. մինչեւ 16 տարեկանները՝ 4, իսկ 16 տարեկանները՝ 2 տարով: Այս կրթօջախում գործում է նաեւ կրթաթոշակների տրամադրման կարգ: «Ընտրված չորս աշակերտներին հնարավորություն է տրվում Ռեգենտների դպրոցում սովորել 90% զեղչով, այսինքն՝ տարեկան 20.000 դոլար ուսման վարձից վճարելով ընդամենը 2000 դոլար»,- ասաց «Անանիա Շիրակացի» ճեմարանի եւ Ռեգենտների դպրոցի շրջանավարտ, ներկայումս էլ՝ անգլիական Լանքեսթր համալսարանի ուսանող Հայկ Հարությունյանը:

«Երբ սովորում էի Ռեգենտների դպրոցում, աշակերտներով փորձեցինք օգնել Թաիլանդի հյուսիսում գտնվող մի դպրոցի, որը շատ աղքատ էր, սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ չուներ: Ուսմանը զուգահեռ աշխատեցինք ու հավաքված գումարը տրամադրեցինք նրանց»,- պատմեց Հայկը:

Հայ դպրոցականների ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով, որն անցկացնում է ՀՀ ԿԳ նախարարությունը: «Այս դպրոցում սովորելը հայ աշակերտներին հնարավորություն է տալիս շփվել շուրջ 38 երկրների իրենց հասակակիցների հետ: Նախորդ տարի Հայաստանից 7 երեխա մեկնել է Ռեգենտների դպրոց, ընդ որում՝ 4-ը զեղչով է վճարել ուսման վարձը: Այս տարի հայտ ներկայացրած 16 աշակերտներից կընտրենք լավագույններին, ովքեր կմեկնեն Թաիլանդ»,- տեղեկացրեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ հավելեց, որ մրցույթի արդյունքները շուտով կամփոփվեն:

Հայկ Հարությունյանն էլ վստահեցրեց, որ Թաիլանդի այս դպրոցի շրջանավարտ լինելը մեծ առավելություն ունի. «Ես որպես Ռեգենտների դպրոցի շրջանավարտ, երբ դիմեցի անգլիական 6 համալսարան, 6-ից էլ իրենց մոտ ուսանելու առաջարկ ստացա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել