Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՍՊԻՏԱԼԻ ԲՈՒԺՔՈՒՅՐԸ ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ապրիլ 20,2007 00:00

Պաշտպանության նախարարությունում, ինչպես միշտ, տեղյակ չեն

Երեւանի կայազորային հոսպիտալի հատուկ դեպքերի բաժանմունքի հերթապահ բուժքույր Սուսան Ղալեչյանին այս տարվա հունվարի 5-ին զորամասի հրամանատար Գառնիկ Մկրտչյանի թիվ 1 հրամանով հայտարարվեց խիստ նկատողություն՝ «աշխատանքային վայրը լքելու, պարտականությունները չկատարելու համար»: Ս. Ղալեչյանը դիմեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին (այն ժամանակվա), ՀՀ գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանության նախարարության վերահսկիչ հանձնաժողովի կողմից սկսվեց ծառայողական քննություն, որի ժամանակ բուժքույրը սկանդալային բացահայտումներ արեց: Երկու անչափահաս երեխաների մայրը՝ փախստական Սուսան Ղալեչյանը իր հարցին դրական լուծում չտալու դեպքում մտադիր է դիմել ծայրահեղ քայլերի: Ըստ բուժքրոջ դատախազություն ուղարկված բողոքի՝ հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վիրահատական սրահում աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ (պայմանագիրը կնքվել էր 6 ամսով) հոսպիտալի պետը՝ Գ. Մկրտչյանը իրենից եւ 3 բուժքույրերից պահանջել է 400-ական ԱՄՆ դոլար, ինչը չտալու համար բուժքույրերից մեկը ազատվեց աշխատանքից: Ս. Ղալեչյանը, որը հոսպիտալի վիրահատական բաժանմունքում էր աշխատում 1992-ից, տեղափոխվեց հատուկ դեպքերի բաժանմունք: Իր ասելով՝ կաշառք չտալու պատճառով: Նրա եւ զորամասի ղեկավարի հարաբերությունները սրվեցին: Ղալեչյանին ուղարկում են հոգեբուժական բաժանմունք՝ հերթապահության:

Ըստ «Առավոտի» աղբյուրի, ծառայողական քննության ժամանակ պարզվեց, որ 2006թ. դեկտեմբերի 30-ին Ս. Ղալեչյանը «հոգեբուժական բաժանմունքում պատշաճ կարգով հերթապահություն չի իրականացրել»: Սակայն, ըստ բուժքրոջ, հոգեբուժական բաժանմունքի պետ Վ. Հովհաննիսյանը թույլ չի տվել նրան հերթապահել՝ պատճառաբանելով, որ Ամանորի նախօրեին չի կարող ապահովել նրա անվտանգությունը հոգեկան հիվանդների միջավայրում: Վ. Հովհաննիսյանը արգելել է Ս. Ղալեչյանին բաժանմունք գալ՝ այդ մասին զեկուցելով հոսպիտալի պետին:

Ս. Ղալեչյանը, այդպիսով, հերթապահություն չի իրականացրել եւ գտնվել է իր տարածքում՝ հատուկ դեպքերի բաժանմունքում: «Երեկոյան ժամը 21-ին ցանկանում էի դուրս գալ բաժանմունքից, սակայն հայտնվեց Գ. Մկրտչյանը: Նա հարբած էր, գոռաց ինձ վրա, ձեռք բարձրացրեց՝ որպեսզի հարվածի, անպատվեց անբարոյական խոսքերով: Սկսեց, չգիտես ինչու, ստուգել մահճակալների տակերն ու աշխատասենյակները: Ինձ ստիպում էր աշխատանքից ազատվելու դիմում գրել»:

Երբ այս տարվա հունվարի 7-ին բուժքույրը ներկայանում է հոսպիտալ, տեղեկանում է, որ հունվարի 5-ի հրամանով իրեն խիստ նկատողություն են տվել, հայտարարելով, թե իբր ինքը գտնվել է հարբած վիճակում: «Անձնակազմի գծով տեղակալ մայոր Բայաթյանին եւ հոսպիտալի աշխատակիցներին հոսպիտալի պետը հայտնել էր, թե ինձ իբր բռնացրել է ինչ-որ մեկի հետ կենակցելիս, անբարոյականություն կատարելու մեջ»,- պատմում է բուժքույրը: Քանի որ այդ ծանր մեղադրանքները ներկայացվել են հրապարակավ, Ս. Ղալեչյանը պատիվ է պահանջում: Սակայն զինդատախազությունը թե՛ Ս. Ղալեչյանի եւ թե՛ Գ. Մկրտչյանի արարքներում «հասարակական վտանգավորություն» չգտավ եւ քրեական գործ չհարուցեց:

Երեկ մենք փորձեցինք ծառայողական քննության արդյունքների մասին տեղեկություններ ստանալ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Ս. Շահսուվարյանից: Վերջինս հայտարարեց, որ տեղեկություններ չունի: Եվ քանի որ առանց ՊՆ մամուլի խոսնակի պարզաբանումներ չենք կարող ստանալ նաեւ հոսպիտալի պետից, հետեւաբար հրապարակեցինք «Առավոտի» ձեռք բերած տեղեկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել