Լրահոս
Օրվա լրահոսը

Արյուն կթափեն՝ չեն տա

Ապրիլ 20,2007 00:00

Հանուն պետական կարիքների՝ եւս մի տարածք հայտարարվել է իրացման գոտի

Շատ շուտով Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Դալմայի այգիների բնակիչների շարքերը կհամալրեն եւ կառավարության առաջ ցույցի դուրս կգան նաեւ Ավան համայնքի Աճառյան-Ծարավ աղբյուր փողոցների հարեւանությամբ բիզնես ծավալող մի խումբ տնտեսվարողներ: Նրանց օբյեկտների տարածքը՝ մոտ 9400 քմ, կառավարության որոշմամբ, հանուն պետական շահի հայտարարվել է իրացման գոտի: Այդ տարածքում գործում են շուրջ 28 ավտոտեխսպասարկման կայան, ավտոպահեստամասերի, շինանյութերի խանութներ եւ այլ օբյեկտներ: Դրանց տերերը՝ Ալբերտ Մկրտչյանը, Գեւորգ Թադեւոսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արմեն Հարությունյանը, Լենդրուշ Փարսադանյանը, Վազգեն Վարդանյանը, Գեւորգ Թադեւոսյանը, Հարություն Վարդանյանը, Դավիթ Այվազյանը եւ այլք «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ իրենք բոլորովին վերջերս են իմացել, որ իրենց տարածքներն օտարվելու են. «Մեր օբյեկտները վաճառելու, գրավ դնելու կամ այլ նմանատիպ գործարքներ անելու ժամանակ պատահաբար իմացանք, թե ինչն ինչոց է, ամեն անգամ մերժում էին, ասում էին՝ չենք կարող անել: Եվ պարզվեց՝ դա իրացման գոտի է: Կենտրոնի թաղամասերն էլի հասկանալի է, դրանց մեծ մասում ավերակ տներ էին եւ ուզած-չուզած քանդեցին, մեր խանութներին ի՞նչ է եղել, որ ուզում են քանդել»: Ավանցիների տեղեկություններով, իրենց հողատարածքներն արդեն նոր սեփականատերեր ունեն՝ Ռուսաստանում բնակվող գործարարներ են, որոնք պատրաստվում են իրենց օբյեկտների հաշվին առեւտրի կենտրոններ ու հյուրանոցներ բացել:

Գործարար Հարություն Վարդանյանի խոսքերով. «Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, հանուն պետության գերակա շահի, թող իր Բագրեւանդ թաղամասում գտնվող վիլլայի բակը իրացնի, որի տարածքը համարյա չի զիջում այդ տարածքին»: Օբյեկտների տերերը վստահեցրին, որ միասնական են լինելու եւ արյան գնով էլ լինի՝ իրենց սեփականությունից չեն հրաժարվի. «Եթե իրենց պետք է, որ մեր շինությունների արտաքին տեսքը փոխվի եւ համապատասխանեցվի եվրոստանդարտներին, մեր հաշվին կփոխենք, ավելի կգեղեցկացնենք, թեկուզ մեծ ծախսերի գնով, բայց ոչ մեկին չենք զիջի: Իրացման գործընթացի դեպքում ապրուստի միջոցից կզրկվեն եւ գործազուրկ կդառնան հարյուրավոր աշխատողներ»:

«Առավոտի» հետ զրույցում փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը հաստատեց, որ նշյալ տարածքն իրացվելու է: Նրա պարզաբանմամբ, օտարվող տարածքների սեփականատերերը մոտ օրերս կծանուցվեն փոստով: Փոխքաղաքապետը տարածքի օտարման անհրաժեշտությունն այսպես բացատրեց. «Այդ տարածքները պատահական չեն ընտրվում՝ դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին, ինչպես նաեւ հաշվի է առնվում, թե որքանով է արդյունավետ տվյալ տարածքում ներդրումային ծրագիր իրականացնելը: Տվյալ տարածքի կառուցապատողը կընտրվի մրցույթով: Ում գրպանը կների՝ նա էլ ծրագիրը կիրականացնի: Հնարավոր է՝ նաեւ տարածքի սեփականատերերից լինի»: Թե կոնկրետ ինչ է կառուցվելու այդ հատվածում, Կ. Դավթյանը պատասխանեց. «Հասարակական, բնակելի կառույցներ, կարող է նաեւ՝ առեւտրի կենտրոն, դեռ հստակեցված չէ»: Փոխհատուցումների մասին էլ Կ. Դավթյանն ասաց. «Կփոխհատուցվեն շուկայական գնին գումարած 15%: Իսկ եթե սեփականատերերին դուր չգա փոխհատուցման չափը, կարող են իրենք գնահատող բերել, միայն թե վերջնականապես գինը կորոշի դատարանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել