Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Ապրիլ 20,2007 00:00

\"\"Վերջին շրջանում դա սովորական դարձած դեպք է

ՀՀ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել պայթյուն, եւ կրակոցներ են արձակվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.35-ի սահմաններում, դեռեւս ինքնությունները չպարզված մի խումբ անձինք նշված վայրում արձակել են կրակոցներ եւ չպարզված սարքով առաջացրել պայթյուն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 5,45 մմ եւ 7,62 մմ տրամաչափի փամփուշտների 32 պարկուճ:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները, դրդապատճառները, մասնակից անձանց ինքնությունները պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ եւ 235 հոդվածի 1-ին մասերի՝ «խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով», եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սա կատարված դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունն է: Իսկ ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցածը մահափորձ է եղել, որի թիրախը Էրեբունիում հայտնի թաղային հեղինակություն «Վստրեչի Ապեր» մականունով Արամ Վարդանյանն է եղել, ով մեր տեղեկություններով, այդ պահին իր ընկերների հետ միասին եղել է փողոցում գտնվող սրճարանում:

«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, «Ա. Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, եւ փորձել են ատրճանակով պաշտպանվել: Փոխհրաձգության հետեւանքով կոտրված ապակիներից վնասվել է մեկ երեխա»: «Առավոտի» աղբյուրների ասելով, տուժած երեխան՝ երկու տարեկան Սարգիս Կարենի Ավետիսյանը, անմիջապես տեղափոխվել է թիվ 4 մանկական հիվանդանոց՝ «հոնքային շրջանի սալջարդ վերքով»:

ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն երեկ հարցաքննվել են տուժողներ «Վստրեչի Ապերն» ու նրա ընկերները: Ու մինչ իրավապահները քննում են դեպքի մանրամասները, շրջանառության մեջ է դրվել մի քանի վարկած: Դրանցից մեկով, կատարված մահափորձը ԲՀԿ-ՀՀԿ մրցակցության արդյունք է: Ոմանք ասում են, թե «Վստրեչի Ապերը» լինելով նախկին ԲՀԿ-ական՝ հիմա հայտնվել է ՀՀԿ-ում, եւ նրանից վրեժխնդիր են ուզում լինել հենց այդ պատճառով, մյուսով՝ նույն հեղինակությունը ԲՀԿ-ական է եւ Էրեբունիում քարոզում է այդ կուսակցության համար, եւ դա է եղել մահափորձի շարժառիթը: Ոստիկանությունում այդ վարկածները եւս քննարկվում են, բայց ավելի հավանական են համարում այլ վարկածներ՝ քրեական «ռազբորկա»։

ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները երեկ մեզ հիշեցրին, որ 4-5 տարի առաջ անհայտ անձի կամ անձանց կողմից ավտոմատային կրակահերթով սպանվել էր «Վստրեչի» մեկ այլ հեղինակություն՝ «Բակլան Արոն»: Նա, մեր տեղեկություններով, եղել է սպորտսմեն (արմռեսլինգ) եւ մոտ հարաբերություններ է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ սպանությունը չէր բացահայտվել, թեեւ դրա կատարման մեջ կասկածվել է «Ապերը»: Ըստ քննարկվող վարկածներից մեկի, հենց «Բակլան Արոյի» թիմակիցներն են փորձել սպանել «Վստրեչի Ապերին»՝ վրեժխնդիր լինելու համար:

Բոլոր դեպքերում, ներկայումս ոստիկանապետի հրամանով հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է տագնապ: Ոստիկանությունը փնտրում է կարմիր գույնի «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայրում եղած երեք ականատեսներ իրավապահներին տեղեկացրել են, որ լսել են պայթյունի ձայներ, ինչից հետո նկատել են, որ մեծ արագությամբ այդ մեքենան դիմել է փախուստի: Ականատեսներից ոմանք նշել են, որ մեքենայում եղել են 3, ոմանք՝ 4 ուղեւորներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել