Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 36-ում ընտրակաշառք չկա

Ապրիլ 20,2007 00:00

Դա փաստում են երեք թեկնածուներից երկուսը

Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքը, որտեղ ընտրողների թիվը 54359 է, վերջերս համալրեց այն մի քանի ընտրատարածքների ցանկը՝ թիվ 19, 39, 36, որտեղ նախընտրական քարոզչության սկզբնական ժամանակահատվածում միջադեպեր գրանցվեցին: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին թիվ 36 ընտրատարածքում խուլիգանության դեպքեր էին գրանցվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված երեք թեկնածուներից երկուսի՝ ԱԺ գործող պատգամավոր, անկուսակցական Մխիթար Վարագյանի եւ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Մուշեղ Պետոյանի թիմակիցների միջեւ, որի արդյունքում կային մարմնական վնասվածքներ ստացած անձինք եւ հարուցված քրեական գործ: Ըստ ամենայնի, այդ է պատճառը, որ դիտորդներն այս ընտրատարածքում մրցակից թեկնածուների միջեւ լարված մրցապայքար են կանխատեսում, մանավանդ որ՝ դեռ մինչեւ քարոզարշավի մեկնարկը տեղեկություններ կային, որ երեք թեկնածուներից գոնե երկուսը՝ Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանը, ովքեր ֆինանսական ռեսուրսների պակաս չունեն, կարող են ընտրակաշառք բաժանել: Դեռ մարտի վերջերին նույնիսկ ընտրակաշառքի չափ էր նշվում՝ 20-25 հազար դրամ: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է նաեւ ՔՊԻՎ նախկին պետ, անկուսակցական Մուշեղ Սաղաթելյանը, ով միակ թեկնածուն է, ով ոչ միայն իշխանական որեւէ ուժի կողմից աջակցություն չունի, այլեւ համարվում է ընդդիմադիր թեկնածու:

Երեկ Մ. Վարագյանը «Առավոտի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու հնարավորությանը՝ ասաց, թե ինքը ընտրակաշառք բաժանելու դեպքեր չի նկատել: Նույնը պնդեց նաեւ Մ. Սաղաթելյանը: Մ. Վարագյանի փոխանցմամբ, նախընտրական քարոզչությունն ընթանում է նորմալ պայմաններում: Պարոն Վարագյանն ու Մ. Պետոյանը երեկվա դրությամբ ընտրատարածքի ընտրողների հետ դեռ հանդիպումներ չէին ունեցել: Դա հաստատեց ինքը՝ պարոն Վարագյանը, ով իր նախընտրական շտաբները միայն այսօր կբացի: Մեր այն հարցին, թե՝ ուշ չէ՞ եւ կհասցնի՞ քարոզչություն ծավալել, թեկնածուն պատասխանեց՝ «ոչ, ինչո՞ւ է ուշ, իհարկե՝ կհասցնենք, հանդիպումներ կունենամ բոլոր համայնքներում»: Վերջինս, ով համարվում է այս ընտրատարածքի գործող պատգամավորը եւ ԱԺ-ում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է, այս անգամ ընտրությունների է գնում «Ովքեր՝ խոսքով, մենք՝ գործով» կարգախոսով: Մ. Վարագյանի նախընտրական ծրագրի հիմնական առանցքն է, իր ասելով, «տարածքի գազիֆիկացումը, ոռոգման ջրի ապահովումն ու ճանապարհաշինությունը, նաեւ մշակույթի տների կառուցումը»: Ինչ վերաբերում է օրենսդրական բարեփոխումներին, ապա Մ. Վարագյանն ասաց, որ ինքը ընթացքում ընտրողներին նաեւ այդպիսի ծրագիր կներկայացնի:

Ինչ վերաբերում է ընտրացուցակների վիճակին, ապա Մ. Վարագյանն ասաց, որ ինքը դեռ ընտրացուցակներին չի էլ հետեւել: Փոխարենը Մ. Սաղաթելյանն է իր թիմակիցների հետ ուսումնասիրել ընտրացուցակներն ու բազմաթիվ անճշտություններ ի հայտ բերել՝ դրանց մասին տեղյակ պահելով պատկան մարմիններին: Մ. Վարագյանը դժվարացավ ասել, թե առաջադրված մյուս երկու թեկնածուներից հատկապես ում է «հիմնական» մրցակից համարում՝ «եթե մարդիկ թեկնածություն են դրել, ուրեմն՝ բոլորն էլ հիմնական մրցակիցներ են»:

Երեկ մեր բոլոր ջանքերը՝ զրուցել նաեւ այս ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մ. Պետոյանի հետ, անհաջող եղան: Մեզ հետ հեռախոսով զրուցած նրա թիմակիցներից մեկն ասաց, որ Մ. Պետոյանը զբաղված է, ու եթե ցանկություն ունենա զրուցելու՝ կզանգի, բայց՝ չզանգեց: Իսկ Մ. Սաղաթելյանի հետ հարցազրույցը կարդացեք առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել