Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԽՏՈՐՈՇ ԵՆ

Ապրիլ 20,2007 00:00

Այս գնահատականը երեկ հնչեց ե՛ւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ե՛ւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի քարոզչական հանդիպումներում:

ՕԵԿ-ը՝ կարկուտի եւ անձրեւի տակ

\"\"«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարները Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ իրենց նախընտրական հանդիպումը գերադասել էին անցկացնել բաց երկնքի տակ: Նրանց երեկ դիմավորեցին աղուհացով: Հանրահավաքը սկսվելուց րոպեներ անց անձրեւը սաստկացավ, բայց այդ պայմաններում էլ հավաքվածները չէին հեռանում եւ վանկարկում էին՝ «Օ-րի-նաց», «Հաղ-թա-նակ»: «Եղանակը մեր դաշնակիցը չէ այսօր, բայց կարեւոր է, որ ողջ հայ ժողովուրդն է մեր դաշնակիցը,- հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:- Անձրեւը մեզ չի վհատեցնի՝ մենք անպայման կփորձենք մեր ուղերձը հասցնել դավիթաշենցիներին»: Մասնավորապես խոսեց կուսակցության նախընտրական ծրագրի մասին՝ նշելով, թե այն «երկրին բերելու է լույս, հույս եւ բազմաթիվ ուղղություններով՝ բազմաթիվ դրական բարեփոխումներ»: «Օրինաց երկրի» նախագահն ընդգծեց, թե «մարդիկ ուզում են, որ օրը ցերեկով չլինեն սպանություններ, չլինեն անօրինականություններ եւ անարդարություններ, որոնք մնում են անպատիժ: Մարդիկ ցանկանում են, որ օրենքի առջեւ ուժն անզոր չլինի: Եվ «Օրինաց երկիրը» պայքարելու է հենց այդպիսի Հայաստան ստեղծելու համար»:

Այդ պահից արդեն կարկուտ սկսվեց, սակայն Արթուր Բաղդասարյանը շարունակում էր ելույթ ունենալ, ու հորդորեց այն մարդկանց, որոնք մտադիր չեն գնալ ընտրություններին՝ ակտիվորեն մասնակցել. «Վաճառված քվեն կորած քվե է: Մենք չպետք է վաճառենք մեր ձայները: Մենք չպետք է վախենանք: Պարտադրանքը ծնում է ատելություն»:

Ելույթ ունեցավ նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ դավիթաշենցիներին հիշեցրեց. «Ձեզնից յուրաքանչյուրն այս ընտրություններին իր մասնակցությամբ կարող է իր կյանքում բերել փոփոխություններ: Պայքարենք հանուն ձեր երեխաների եւ մեր բոլորի ապագայի համար, քանի որ այս ընտրությունները բախտորոշ են բոլորիս համար»: Անձրեւն ու կարկուտը շարքից հանել էին բարձրախոսները, ուստի արդեն գրեթե չէր լսվում ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի խոսքերը, թե «ո՛չ անձրեւը, ո՛չ կարկուտը, ո՛չ արհավիրքները» չեն կարողանում ազդել հանդիպմանը եկածների վրա: Եվ այնուամենայնիվ՝ խնայելով նրանց, շուտափույթ ավարտեցին հանրահավաքը: Դրանից հետո մի ծերունի հետաքրքրվեց՝ «Ավանդները հետ չե՞ն տալու», եւ ՕԵԿ նախագահը խոստացավ. «Տալո՛ւ ենք»: Իր հերթին հարցեր ուղղեց. «Դու մեզնից գո՞հ ես, թե՞ դժգոհ: Մեր գործը տեսե՞լ ես»: «Ես քեզնից գոհ եմ,- ասաց ծերունին:- Ցանկանում էի, որ էնտեղ լինեիր՝ ինչի՞ դուրս եկար»: ԱԺ նախկին նախագահն ի պատասխան միայն ծիծաղեց:

ՀՀԿ-ն՝ Քրիստինե Պեպելյանի հետ

\"\"Քանաքեռ-Զեյթունի հայորդաց տան մոտ կայանած էին 6 ավտոբուսներ, որոնցով ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման էին բերել գերազանցապես երեխաների: Նրանք, բնականաբար, լավագույն լսարանը չեն նախընտրական քարոզչություն ունկնդրելու համար: Ուստի եւ Քանաքեռ-Զեյթունի համայնքապետ Արայիկ Քոթանջյանի կամ այլոց ելույթների ընթացքում երեխաներն առավել աշխուժությամբ փորձում էին ՀՀԿ դրոշ ստանալ եւ խիստ աղմկում էին: Սերժ Սարգսյանն իր խոսքը սկսեց դիտողությամբ. «Հասկանում եմ, որ սա ձեր տունն է՝ հայորդաց տունն է, եւ որեւէ մեկը չէր կարող արգելել գալ այստեղ: Բայց խնդրում եմ՝ գոնե հինգ րոպե ձեզ մեծավարի պահեք»:

Աղմուկը, սակայն, չդադարեց: Եվ այդ պայմաններում Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, թե ընտրությունները յուրահատուկ մրցություն են, որտեղ հաղթում են լավագույն ծրագրերը. «Բոլորին կոչ եմ անում ուշադրությամբ ուսումնասիրել ոչ միայն բոլոր քաղաքական ուժերի այսօրվա նախընտրական ծրագրերը, այլ նաեւ նախկին ընտրությունների նախընտրական ծրագրերը»: Քաղաքական այն ուժերին հակադարձելով էլ, որոնք իրենց խոստումները չկատարելը պատճառաբանում են իշխանություն չլինելով՝ վարչապետն ասաց. «Մասամբ է դա ճշմարտություն: Քանի որ պետության համար պատասխանատու է ո՛չ միայն կառավարությունը, այլեւ ողջ ժողովուրդը, ո՛չ միայն հաղթած կուսակցությունը, այլ նաեւ բոլոր քաղաքական ուժերը: Եվ ավելորդություններով զբաղվելու փոխարեն՝ այդ քաղաքական ուժերը կարող էին օգնել, հուշել ու մասնակից դառնալ մեր ծրագրի իրականացմանը»:

Պնդեց, թե ՀՀԿ-ն հիմնականում կատարել է իր նախընտրական խոստումները, ու թվարկեց կատարած աշխատանքը՝ 3 անգամ ավելացել են աշխատավարձերը եւ այլն: «Միշտ հարց է առաջանում՝ հետո՞ ինչ, որ 3 անգամ աճել է, միեւնույն է՝ այդ աշխատավարձը չի ապահովում մեր տարրական պահանջները: Համաձայն եմ,- ասաց վարչապետը:- Մյուս կողմից էլ՝ խորհուրդ եմ տալիս. ովքեր ձեզ հրաշքներ են խոստանում՝ ընդհանրապես պետք է փախչել նրանցից»: Իր կողմից խոստացավ, թե ամեն ինչ անելու է, որ բնակչությունն ամսեամիս եւ տարեցտարի զգա դրական փոփոխություններ:

Դրանց հասնելու ուղիների մասին խոսելով՝ որոշակիացրեց. «Բոլոր միջազգային փորձագետների տվյալներով, հայկական մասնավոր խոշոր կապիտալն աշխարհում կազմում է 100 մլրդ դոլար: Իսկ մենք, ցավոք, չենք կարողանում ներգրավել այդ միջոցների նույնիսկ 1 տոկոսը՝ Հայաստան ներդրումների տեսքով»: Սերժ Սարգսյանը կարեւորեց այդ մարդկանց հավատ ներշնչելը՝ ներդրումներ անելու համար. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որ կառավարման մեր համակարգը, մեր կառավարությունը վստահություն ունենա ինչպես գործընկերների, այնպես էլ սեփական ժողովրդի կողմից: Իսկ դրա ամենակարեւորագույն ձեւն ու ամենից ճիշտ ճանապարհը նորմալ, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելն է: Բոլորիդ կոչ եմ անում՝ լինել ազնիվ, չգնալ սադրանքների: Եվ վստահ եմ՝ ՀՀԿ-ն առանց որեւէ խախտման անպայման ունենալու է մեր ժողովրդի շատ սոլիդ վստահությունը»:

Սերժ Սարգսյանից հետո ելույթ ունեցավ Քրիստինե Պեպելյանը: «Ես հո Ժիրինովսկի՞ն չեմ, որ ձեզ համար երգեմ,- կատակեց վարչապետը:- Ես ավելի լուրջ գործերով պիտի զբաղվեմ՝ ավելի քիչ տաղանդ պահանջող գործերով»: Հավաքվածների բազմաթիվ խնդրանքներով Քրիստինե Պեպելյանը կատարեց քարոզչությանն ուղղակի հակացուցված «Չէ, չէ, չէ, չէ, քեզ չեմ հավատում: Էլ տեղ չունես իմ սրտում» խոսքերը պարունակող երգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել