Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՊԱԿԱՍ Է

Ապրիլ 20,2007 00:00

\"\"Կարծում է Եվրամիության կոնֆլիկտների լուծման եւ արտաքին քաղաքականության համալսարանական ցանցի անդամ Սարգիս Ղազարյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ընտրություններից առաջ՝ դրսի հայացքով:

– Դրսից նայես, թե ներսից, մի բան հստակ է՝ ժողովրդավարությունը նպատակ չէ, ժողովրդավարությունը գործընթաց է: Ես չեմ կարող գտնել մի պետություն, որտեղ կա ամբողջությամբ կայացած ժողովրդավարություն, որովհետեւ ժողովրդավարությունը ժողովրդի վերաբերմունքն է պետության հանդեպ, հետեւաբար կախված է ժողովրդից: Երբ մենք խոսում ենք ժողովրդավարության մասին որպես գործընթաց, ապա այդ տեսակետից Հայաստանի նկատմամբ իմ գնահատականները բավականին դրական են, այսինքն՝ կա գործընթաց, եւ այս գործընթացի մեջ կան դրական շարժումներ, կան համակարգային դրական շարժումներ, որոնք սահմանադրական փոփոխություններն են, նաեւ ընտրությունների մասին նոր օրենքը, եւ մյուս կողմից՝ նոր լրատվամիջոցների մուտքն է քաղաքական դաշտ: Ժողովրդավարությունը մեզ ծանոթ, երեւի, ամենալավ համակարգերից մեկն է, որը եւս փոփոխման ընթացքի մեջ է: Այսօր Հայաստանում կան շատ քաղաքական ուժեր, նաեւ կան այլ պայմաններ, հետեւաբար՝ ժողովրդավարությունը Հայաստանում գործում է:

– Սակայն այսօր Հայաստանում շատերն են այն կարծիքին, որ իրական ժողովրդավարություն մեզանում գոյություն չունի եւ մեր երկիրը ավելի շատ նման է բռնապետական երկրի, այսինքն՝ իշխանությունը զավթած մի խումբ մարդիկ կառավարում են երկիրը:

– Իմ մոտեցումը համեմատական մոտեցում է, իհարկե, ամեն մեկը իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, բայց իմ մոտեցումը համեմատական է, եւ ես փորձում եմ համեմատել Հայաստանի ներկա վիճակը Եվրամիությանը անդամակցած վերջին տասը երկրների առաջընթացի հետ եւ տեսնում եմ, որ Հայաստանի համակարգը բավական նման է Լեհաստանին, այսինքն՝ որտեղ կա յուրահատուկ մի ժողովուրդ, որը ներկայացնում է մի յուրօրինակ քաղաքական համակարգ: Նորից ուզում եմ վերադառնալ ժողովրդին եւ ասել, որ պետությունը ժողովրդի արտացոլումն է, որ կան արտահայտման լծակներ: Մյուս կողմից ուզում եմ շեշտել, որ Հայաստանին իր ժողովրդավարացման ընթացքում պոպուլիստական մոտեցումներ, դեմագոգ մոտեցումներ ընդհանրապես պետք չեն: Մինչդեռ, ընդդիմության դաշտում, որքան ես եմ հետեւում Հայաստանի ներքին կյանքին, երեւի ինչ-որ կարեւոր բան պակաս է, եւ դա գաղափարախոսության պակասն է: Հենց դրանով է ընդդիմությունը Հայաստանում խոցելի:

– Դուք կարծում եք, որ ընդդիմադիր ուժերն այսօր չունե՞ն գաղափարախոսություն, կասե՞ք հատկապես՝ ո՞ր ուժերին նկատի ունեք, թե՞ բոլորն էլ, ըստ ձեզ, անգաղափար են:

– Այո, որովհետեւ ընդդիմադիր ուժերի մտքերի մեջ նոր ոչինչ չեմ տեսնում: Չեմ ուզում անուններ տալ, բայց պոպուլիստ մոտեցումներ եմ տեսնում, ինչը բավական վտանգավոր է, որովհետեւ քայլը պոպուլիզմից բռնատիրություն շատ կարճ է:

– Իսկ իշխանական ուժերի մասին ի՞նչ կարծիքի եք, օրինակ՝ ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն ունե՞ն գաղափարախոսություն:

– Ինչպես արդեն ասացի, պիտի չխոսեմ անունների մասին, պիտի խոսեմ ընթացքի մասին: Այս կողմից էլ շատ քիչ պահեր կան, երբ ժողովուրդը գոհ է պետությունից, եւ որքան ավելի դժգոհ է ժողովուրդը պետությունից, այնքան ավելի շարժ կարող է լինել, այսինքն՝ դա ազդակ է: Կարծում եմ, այս ընտրությունները հատուկ ընտրություններ են: Եթե այս ընտրությունները չապահովեն ժողովրդավարական առաջընթաց, ապա Հայաստանի համար միջազգային ասպարեզում բավականին ծանր հետեւանքներ կարող են լինել: Այն, ինչ որ դրսից եմ տեսնում, կառավարական (իշխանական- Մ. Ե.) մի քանի կուսակցություններ կարծես գիտակցում են դա, եւ, հետեւաբար, պետք է շարունակել գործընթացը՝ որպես առաջընթաց: Մեկ օրում Հայաստանը չի կարող դառնալ Սկանդինավյան ժողովրդավարության երկիր:

– Ձեր կարծիքով, արդար ընտրությունների դեպքում հնարավո՞ր է ձեր նշած կառավարական կուսակցությունները վերարտադրվեն:

– Կարծում եմ, իշխող քաղաքական ուժերը մեծամասնության կհասնեն: Իմ կարծիքով, այս ընտրություններում ծրագրերն են կարեւոր, եւ իր ծրագրով պիտի հաղթի այս վայրկյանին մեծամասնություն ունեցող ուժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30