Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ապրիլ 19,2007 00:00

\"\"Նախաօլիմպիական այս տարում Ստրասբուրգում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը բոլոր ազգային ֆեդերացիաներն անչափ մեծ նշանակություն են տալիս: Մեր ծանրորդների հետ Ստրասբուրգում գտնվող մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցից տեղեկացանք, որ բոլոր 47 երկրներն էլ մրցավայր են եկել իրենց ուժեղագույն կազմերով: Գրեթե բոլոր առաջատար հավաքականներում կան օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ:Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկներից առաջինը մրցահարթակ մտավ մեծահասակների աշխարհի անցած տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Ու այն էլ ինչպես: Պոկում վարժությունում նրա 108 կիլոգրամ արդյունքը ոչ միայն մրցաձեւում փոքր ոսկե մեդալ էր (9 կգ-ով ավելի երկրորդ ցուցանիշից), այլեւ Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ: Հրումում գյումրեցի մարզուհին ավելի փառահեղ ելույթ ունեցավ: Արդեն երկրորդ մոտեցումով բարձրացնելով 135 կգ (աշխարհի երիտասարդների ռեկորդ)՝ նա այլեւս անհասանելի դարձավ իր գլխավոր մրցակիցներից՝ Թուրքիայի եւ Բելառուսի ներկայացուցիչներից, ժամանակից շուտ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ ամենաթանկ նվերը մատուցելով նախորդ օրը ծննդյան տարեդարձը նշած ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին: Ու որ ամենաուրախալին է՝ Մելինեի երկամարտի 243 կիլոգրամը ամբողջ 23 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալ նվաճած թուրք մարզուհու ցուցանիշը: Մելինեն իր օգտագործած հինգ մոտեցումներում սահմանեց աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական հինգ ռեկորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել