Հայտարարում է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը
Երեկ «Ուրբաթ» ակումբում հերթական ասուլիսն էր հրավիրել «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ասուլիսի թեման՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում նրա կենտրոնի անցկացրած հանրային հարցումն էր, պարզելու համար, թե ինչ փոփոխություններ են կրել կուսակցությունների վարկանիշները քարոզարշավի առաջին շաբաթից հետո: Հարցման պատվիրատուները ՀՀԿ, ԱԺԿ եւ «Դաշինք» կուսակցություններն էին: «Ընտրողների 1/3-րդը պասիվ է, չի հետեւում ու չի մասնակցում ընտրություններին: Ընտրությանը հետեւում է ընտրողների մոտ 70%-ը: Մարդկանց մի մասը ճանաչում է առաջնորդին, բայց չգիտի նրա կուսակցությունը, իսկ մի մասն էլ կուսակցությանը գիտի, առաջնորդին՝ ոչ: Ընտրաթերթիկում գրված են միայն կուսակցությունների անվանումները, առաջնորդների անունները գրված չեն, իսկ սա դժվարություն կառաջացնի ճիշտ ընտրություն կատարելիս: Քարոզարշավների ժամանակ առաջնորդները պետք է պարտադիր նշեն իրենց կուսակցությունների անվանումները»,- կարծում է Ա. Ադիբեկյանը: Նա համոզված է նաեւ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը բարձրացրել է ՀՀԿ-ի ճանաչվածությունը: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա վերջինիս ճանաչվածությունն էլ, ըստ սոցիոլոգի, աճել է ու վերելք է ապրում հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնավստահ պահվածքի շնորհիվ: «Որպես ճանաչված մասնակիցներ, ի հայտ են եկել նաեւ «Դաշինքն» ու ԱԺԿ-ն»,- հավելեց Ա. Ադիբեկյանը: Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու առիթով էլ վերջինս հայտնեց. «Հարցվածների 1/3-րդը սխալ է համարում նշանակումը, 56%-ը դրական չի գնահատում, 10%-ը դժվարացել է գնահատել նշանակման հետագա հետեւանքները»: Սոցիոլոգը կարծում է, որ «ԱԼՄ» հոլդինգի ու Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի վարկանիշը գնալով նվազում է, որովհետեւ նա իր ասելիքը վաղուց ասել-վերջացրել է ընտրողներին. «Տիգրան Կարապետյանը ծախսել է բոլոր ռեսուրսները, իսկ ընտրողին թարմ ասելիք ու անելիք է հարկավոր: Կարապետյանի էլեկտորատը ձյան կույտի նման հալչում է գարնանային արեւից: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին ու ՕԵԿ-ին, նրանք գրագետ արշավ են սկսել. հաշվարկել են իրենց ռեսուրսը եւ որոշել, որ այն կբավականացնի երեք շաբաթ, դրա համար էլ ընտրարշավը սկսել են ապրիլի 19-ից: Իմ համոզմամբ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անձնական վարկանիշը ներկայումս ավելի բարձր է, քան կուսակցությանը»: Ադիբեկյանի ձեւակերպմամբ, Վազգեն Մանուկյանի էլեկտորատն այսօր անտեր է մնացել ու իմիջով նա մոտ է Շավարշ Քոչարյանին: «Սոցիոմետր» կենտրոնի վերջին հարցումների տվյալների համաձայն՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի առաջատարներ են, ՀԺԿ-ն, «Դաշինքը» եւ ԱԺԿ-ն մոտ են 5% արգելքի հաղթահարմանը, իսկ ՕԵԿ-Ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԱՄ-ն անպայման տեղ կգտնեն խորհրդարանում: