Եթե մինչեւ հունիսի 30-ը ընկերությունը կրկին չհասցնի 800 գյուղերի թվային հեռախոսակապ տրամադրել՝ նոր կտուգանվի:
«ԱրմենՏել» ընկերությունը թիվ 60 լիցենզիայով պարտավորվել էր մինչեւ 2006-ի վերջը Հայաստանի 800 գյուղական համայնքներում ապահովել թվային հեռախոսակապ, սակայն այսօրվա դրությամբ ընկերությունը հազիվ 400 գյուղերի է հասցրել հեռախոսակապ տրամադրել: Այն, որ «ԱրմենՏելը» չէր կարողանալու ժամկետին կատարել իր պարտավորությունը՝ հայտնի էր դեռեւս 2006-ի նոյեմբերին, երբ ժամկետի ավարտին մնացել էր ընդամենը 1 ամիս, ու ընկերությունը դեռ 300 գյուղեր էլ չէր հեռախոսիֆիկացրել: Այդ ժամանակ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը դեռեւս Վասիլիս Ֆետսիսն էր, որը «Առավոտին» վստահեցրել էր, որ իրենք կհասցնեն տեղավորվել խոստացած ժամկետում («Առավոտ», 16.11.2006 եւ 25.11.2006): Նկատենք, որ ընկերության պարտավորությունների թե՛ վերահսկողը, թե՛ պատժողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: Հանձնաժողովը լիցենզիայով ամրագրված ներդրումները չկատարելու համար «ԱրմենՏելի» նկատմամբ պետք է որոշ պատժամիջոցներ կիրառեր՝ սակագինը իջեցներ կամ գոնե նկատողություն տար, ինչը չի արել:
Դրա փոխարեն, երեկ հրավիրած նիստում հանձնաժողովը բավարարել է «ԱրմենՏելի» խնդրանքը՝ մինչեւ այս տարվա հունիսի 30-ը երկարացնելու 800 գյուղերը թվային հեռախոսակապով ապահովելու պարտավորության կատարման ժամկետը: Ընկերությունն արդարացել է, որ իրենց աշխատանքների ուշացման պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել, ինչպես նաեւ «ԱրմենՏելի» սեփականատիրոջ փոփոխությունը: Ըստ հանձնաժողովի, եթե սահմանված ժամկետում ընկերությունը չհասցնի ավարտին հասցնել նախատեսված 800, ինչպես նաեւ հավելյալ 10 գյուղերի հեռախոսիֆիկացումը, դա արդեն կդիտվի որպես լիցենզիայի կոպիտ խախտում:
Հանձնաժողովի որոշումը հարուցել է մի շարք հ/կ-ների դժգոհությունը: «Մեր գյուղերում հեռախոսակապ չկա, գյուղերն անմխիթար վիճակում են, այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, հանձնաժողովը պետք է հետեւեր «ԱրմենՏելի» պարտավորությունների կատարման ընթացքին: Երբ որեւէ բաժանորդ իր հեռախոսավարձը չի հասցնում մուծել, «ԱրմենՏելն» անմիջապես նրա հեռախոսն անջատում է, հանձնաժողովը պետք է նույնկերպ վերաբերվի այդ օպերատորին ու նրան պատժի. եթե արտոնագիրը չի վերցնում, սակագինը չի իջեցնում, գոնե պետք է նկատողություն տար»,- մեզ հետ զրույցում բողոքեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նույն դժգոհությունն ուներ նաեւ Սպառողների իրավունքների միության փորձագետ Հակոբ Ղարաբեկյանը:
Հ/կ-ների ներկայացուցիչները, որպես փոխհատուցում, «ԱրմենՏելի» ներկայիս գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկին առաջարկել են զիջել ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների այն պարտքերը, որոնք գոյացել էին Արեւելյան Թիմոր, Ավստրալիա, Նոր Գվինեա եւ այլ կղզիատիպ երկրներ իբր զանգելու համար: Նման տուժած 400 բաժանորդ կա, որոնց ընդհանուր պարտքը մոտավոր հաշվարկներով կազմում է 70 մլն դրամ: Օ. Բլիզնյուկը ընդառաջել է եւ խոստացել մինչեւ այս տարվա մայիսի 1-ը այդ պարտքերը սառեցնել՝ պայմանով, որ չեն ներելու միայն այն բաժանորդների պարտքերը, ովքեր երկրորդ անգամ են նման վիճակում հայտնվել: