Թալինում պատգամավորության թեկնածությունից հօգուտ հանրապետականների անսպասելի հրաժարված Վահագն Պետրոսյանը պնդում է, որ իր վրա ոչ ոք ճնշում չի գործադրել:
Նախօրեին, երբ ՀՀԿ-ն վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Արագածոտնի մարզի Թալին քաղաք, այդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Վահագն Պետրոսյանը ինքնաբացարկ հայտարարեց: Նա իր այդ քայլը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Հաշվի առնելով, որ իմ եւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրով մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծումները համընկնում են, իսկ ուժերի միավորումը նման իրավիճակում ազգանպաստ եւ բարոյական մոտեցում է, նպատակահարմար եմ համարում հանել իմ թեկնածությունը եւ կոչ անել բազմահազար իմ ընտրողներին եւ համակիրներին՝ միանալ ՀՀԿ-ին եւ միաժամանակ պաշտպանել նրա կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանին»: Երեկ «Առավոտը» ընտրապայքարից հրաժարված թեկնածուից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի ճնշումների ներքո է ինքը թեկնածությունը հանել, ինչին ի պատասխան Վ. Պետրոսյանն ասաց. «Ինձ վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել, բացի Աստծուց: Եթե ես մի ամիս կամ հինգ ամիս հետո տեսնեմ, որ մեր ծրագրերը համընկնում են, բայց գործն ու խոսքը չի համընկնում, կասեմ, որ սխալվել եմ: Բայց այս պահին տեսնում եմ, որ հիմնականում համընկնում են: Պարոն Մանուկյանին չեմ ճանաչել մինչ այդ պահը, հենց տեղում ենք ծանոթացել: Անհոգ եղեք, մեր մեջ ոչ մի խնդիր չի եղել եւ ոչ էլ նախնական պայմանավորվածություն ենք ունեցել: Մենք թալինցի տղաներ ենք եւ լավ ենք պատկերացնում տարածաշրջանի հոգսերը: Եթե իմ կարիքը լինի, պատրաստ եմ օգնել, ուղղություն ցույց տալ, որովհետեւ կյանքը շարունակվում է եւ նորանոր խնդիրներ են առաջ գալիս»:
Մեր տեղեկություններով, պարոն Պետրոսյանը խնամիական կապերի մեջ է Թալինի նույն ընտրատեղամասի մեկ այլ թեկնածուի՝ «Դաշինք» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Սահակյանի հետ: Այս տեղեկությունը չժխտեց նաեւ Տ. Սահակյանը: Սակայն մեր հարցին, թե ինչու պարոն Պետրոսյանը ինքնաբացարկ չհայտարարեց հօգուտ իր խնամու, այլ լավություն արեց հանրապետականներին, նա հրաժարվեց, որ Սահակյանն իր խնամին է. «Ստեղ խնամի-խնամի չենք խաղում: Նա իմ ընկերն է, որին ճանաչում եմ դեռեւս ուսանողական տարիներից: Ես ինչ-որ մեկին սատարելու խնդիր չունեմ: Ունեմ ծրագրեր, որը ցանկանում եմ իրագործել, եւ քանի որ իմ ծրագրային շատ կետեր համընկել են հենց ՀՀԿ-ի ծրագրային կետերին, ուստի դա հաշվի առնելով եմ այդ քայլին գնացել: Օրինակ, իմ ծրագրի որոշ կետեր համընկնում են նաեւ ՀՅԴ-ի ծրագրերին: Եթե նրանք մեր ընտրատարածքում թեկնածու ունենային, շատ հնարավոր էր, որ իրենց միանայի»:
«Ես հանկարծակիի եկա, երբ Պետրոսյանի ինքնաբացարկի մասին իմացա: Նրա քայլը անակնկալ էր: Ինձ թվում էր, որ Վահագն Պետրոսյանը մինչեւ վերջ պիտի պայքարի, բայց չպայքարեց եւ կեսից դուրս եկավ»,- ասաց Տիգրան Սահակյանը:
Նկատենք, որ դեռեւս քարոզարշավի սկզբում Թալինում լուրեր էին շրջանառվում, որ Վ. Պետրոսյանը ձեւական թեկնածու է եւ որ մինչեւ վերջ չի պայքարելու: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Վ. Պետրոսյանը վրդովվեց. «Պարոն Պետրոսյանին ով ճանաչում է, գիտի՝ ինչ սկզբունքայնություն եւ ծագում ունի, ովքեր են նրա ծնողները, պապերը, եւ դա իմանալով նման բան չեն կարող հայտարարել, թե առաջադրվել է հետագայում իր թեկնածությունը հանելու նպատակով: Մենք սկզբունքային մարդիկ ենք, եւ ինքներս ենք որոշում կայացնում՝ առանց որեւէ մեկի թելադրանքի»: Ըստ նրա, «մոտ ապագայում ստեղծվելու է «Սասունցի Դավիթ» կուսակցությունը, որն իր մեջ կկրի արեւմտահայության եւ արեւելահայության միավորման գաղափարախոսությունը: Կուսակցության հիմնադիրներից մեկը ես եմ լինելու, մյուսները եւս ծագումով սասունցիներ են»:
Երեկ մենք զրուցեցինք նաեւ պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ. «Ես Վահագն Պետրոսյանի հետ ծանոթացել եմ ապրիլի 17-ին: Իրեն ընդհանրապես չեմ ճանաչել: Խոսակցություն անգամ չի կարող լինել, որ մենք համաձայնության եկած լինենք: Անկեղծ ասած՝ ես նույնիսկ մի փոքր հուզվեցի, որ նա ինձ համար իր թեկնածությունը հանեց: Նման բան ինձ հետ առաջին անգամ է կատարվում»:
Չնայած նրան, որ պարոն Պետրոսյանը հայտարարել է իր ինքնաբացարկի մասին, այդուհանդերձ, երեկ մեզ հետ զրույցում թիվ 15 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասատրյանն ասաց, որ երեկվա դրությամբ Վահագն Պետրոսյանից իրենք հրաժարականի դիմում չեն ստացել եւ նա պաշտոնապես թեկնածու լինելուց կդադարի, երբ այդ մասին դիմում ներկայացնի:
Մեր տեղեկություններով, Թալինում առաջադրված մյուս անկուսակցական թեկնածուն՝ Արսեն Վարդանյանը, նույնպես պատրաստվում է պայքարի կեսից հրաժարվել: