Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ական կրքեր Գյումրիում

Ապրիլ 19,2007 00:00

Հեղափոխականնե՞րն են դուրս գալիս

ՀԺԿ Գյումրիի կառույցի նախկին ղեկավար Արտաշես Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ՀԺԿ-ից դուրս էին գալիս ահա թե ինչու. «Հեղափոխական, իշխանական պայքարի պայմաններում մենք պատրաստ էինք մեր կյանքը, մեր առողջությունը, մեր ամեն ինչը ներդնել այդ գործին, բայց եթե 5 տոկոսի համար է գնում պայքարը, ինչո՞ւ պայքարենք: Դա էլ գալիս էր նրանից, որ ԱԺ 3 րոպեների ժամանակ ոչ մի ՀԺԿ-ականի՝ Գրիգոր Հարությունյանի, Ստեփան Զաքարյանի, Ստեփան Դեմիրճյանի շուրթերից մենք մի անգամ չլսեցինք, որ ասեն՝ ժողովուրդ ջան, իշխանափոխություն կլինի, մենք կգանք, ձեր վիճակը կլավանա, եւ արդեն մարտ ամսին տակը մնացել էր մի 100 կուսակցական, էդ 100-ն էլ էդ ժամանակ դուրս եկան»: Մեր հարցին՝ ինչո՞ւ են հենց այսօր հայտարարում իրենց հեռանալու կամ հեղափոխական պայքարի մեծ ցանկության մասին, երբ կուսակցությունը գնում է խորհրդարանական ընտրությունների, սա չի՞ նշանակում, որ այդպիսով թիկունքից հարվածում են իրենց իսկ (արդեն նախկին) կուսակցությանը: Պատասխանը սա էր. «Քարոզարշավի վեցերորդ օրը մենք ընդամենը հավաքվել ենք խորհրդի նիստի, որովհետեւ չունեինք գումար, գրասենյակ, քարոզչական նյութեր, խորհրդի նիստ ենք գումարել, ոչ մի ուշադրություն Գյումրիի հանդեպ չկար, եւ մենք գրավոր գրեցինք դուրս եկանք»: Արտաշես Կարապետյանը հերքեց, որ խորհրդից մեկ-երկու ընկեր-բարեկամ են դուրս եկել, ասաց, որ բոլոր ինը անդամներն էլ դուրս են եկել, եւ նրանք իր բարեկամները չեն: Հերքեց նաեւ, որ ինքը ԲՀԿ-ից 20-հազարական դրամ է բաժանում կուսակցականներին, նաեւ, որ ինքը ՏԻՄ ընտրություններում պաշտպանել է ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանին եւ եղել է նրա վստահված անձը. «Ես շտաբի պետ եմ եղել, ես «Արդարություն» դաշինքի, Ստեփան Դեմիրճյանի շտաբն եմ ղեկավարել, ես ո՞նց կարող էի գնալ եւ Մարտին Սուքիասյանի վստահված անձը լինել»: Մեր հարցին՝ հիմա ի՞նչ են անելու ՀԺԿ-ից դուրս եկածները, արդյո՞ք չեն աշխատելու այլ կուսակցության համար, Արտաշես Կարապետյանը պատասխանեց. «Մենք բոլորս էլ կուսակցական աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդիկ ենք, մենք քաղաքականությունից դուրս չենք գալիս, կգտնենք այլ քաղաքական ուժ, բնականաբար, 99,9 տոկոսով դա կլինի ընդդիմադիր ուժ»:

Երեկ մենք ստացանք նաեւ ՀԺԿ-ի պարզաբանումները: Կուսակցության աշխատակազմի ղեկավար, վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը ասաց հետեւյալը. «Ես որոշ բաներ կասեմ, եւ դրանով հարցը փակենք, քանի որ Արտաշես Կարապետյանը այն անձնավորությունը չէ, որի մասին ամեն օր խոսենք: Գյումրիում ստեղծվել է միասնական շտաբ, որտեղ ընդգրկվել են ե՛ւ «Ազգային վերածնունդ» կուսակցության, ե՛ւ ՀԺԿ-ի անդամները: Շտաբը շատ ակտիվ աշխատում է, ունեն քարոզչական բոլոր նյութերը՝ ե՛ւ բուկլետներ, ե՛ւ պաստառներ, ե՛ւ ծրագրային հիմնադրույթները: Մշտապես կապը կա, մի խոսքով, կենսունակ շտաբ է: Գյումրիի տարածքային կառույցի խորհրդի երկու անդամներ եւս այնտեղ են: Իսկ ինչ վերաբերում է հեղափոխականությանը՝ գաղտնիք չէ, որ ՀԺԿ-ն իր ստեղծման պահից միշտ խոսել է իշխանափոխության մասին, այս իշխանությունների թերությունների մասին եւ հավատարիմ է մնացել իր սկզբունքներին: Այս տարիների ընթացքում ՀԺԿ-ն նաեւ դավաճանություններ է տեսել: Մի մասը դավաճանում էր կուսակցությանը՝ իրեն պետականամետ համարելով, եւ ՀԺԿ-ին մեղադրում էր հեղափոխականության մեջ, հիմա էլ դավաճանում են՝ իրենց հեղափոխականների տեղ դնելով: Բայց հայտնի է մեր սկզբունքը, եւ դրա մասին բազմիցս հայտարարել է կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ մենք մասնակցում ենք ընտրությունների՝ ոչ թե օլիմպիական սկզբունքից ելնելով, այլ միայն հաղթելու նպատակով, եւ համոզված ենք, որ արդար ընտրությունների դեպքում ՀԺԿ-ն կհաղթի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել