Այս ուղերձը երեկ հղեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՄԱԿ ներկայացուցիչներին:
«Մարդիկ քարոզարշավ են իրականացնում, մենք՝ ուսուցում: Ուզում եմ, որ այս տարբերությունն արձանագրեք,- երեկ ասաց Գուրգեն Արսենյանը:- Այսինքն՝ մարդիկ իրենց ռեսուրսն ուղղել են ձայների ներգրավմանը: Իսկ մենք գտնում ենք, որ շա՛տ ճիշտ է, որ մեր ռեսուրսը հիմա ուղղել ենք ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցմանը եւ վերապատրաստմանը: Քանի որ՝ ինչքան ուզում ես քարոզարշա՜վ արա, մարդկանց համակրա՜նքը շահիր, բայց եթե ընտրությունների անցկացումը եղավ ոչ պատշաճ մակարդակով՝ դա հանձնաժողովի՛ մեղքն է»:
Միավորված աշխատանքային կուսակցության կենտրոնական գրասենյակ երեկ ուշ երեկոյան ժամանած տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին բաժանվեցին հատուկ ՄԱԿ-ի պատվերով հրատարակված «Ընտրական օրենսգրքի» օրինակներ: Հավելյալ՝ նրանց տրվելու են նաեւ ԿԸՀ ընդունած որոշումները, նաեւ արձանագրություններ, դիմում-բողոքներ ու հատուկ կարծիք ներկայացնելու ձեւաթղթեր: ԿԸՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Արտակ Քոչարյանն ու ԿԸՀ-ում ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Հարություն Խաչատրյանը երեկ անցկացրին տեղամասային հանձնաժողովի անդամների համար ուսուցում, որի մասին խոսում էր պրն Արսենյանը: Հնչում էին նման խորհուրդներ՝ ուշադրություն դարձնել, որ հստակ գրված լինի անճշտությունների թիվը եւ այլն:
Բայց նախ՝ ընտրական հանձնաժողովներում կուսակցության ներկայացուցիչներին իր ուղերձը հղեց Գուրգեն Արսենյանը. «Այս աշխատանքը, որ հիմա արվում է կուսակցությունում, որեւէ կապ չունի քարոզարշավի հետ: Սա մեր հռչակած առաջնայնության իրականացման ծրագիրն է: Մենք առաջնայնություն ենք հռչակել, թե մեզ համար ամենակարեւոր խնդիրն այն է, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններն անցնեն այնպես, որ ե՛ւ հասարակության, ե՛ւ ժողովրդի, ե՛ւ դիտորդական առաքելությունների մոտ ձեւավորվի այն կարծիքը, որ մենք կարողացել ենք անցկացնել նորմալ ընտրություններ: Եվ երկրորդ խնդիրը, որ ենթակայեցված է առաջնայինին՝ մեր կուսակցության կողմից արձանագրված արդյունքներն են»: Այս խնդիրների առնչությամբ ՄԱԿ-ի նախագահը տեղամասային հանձնաժողովներում կուսակցության ներկայացուցիչներին խնդրեց՝ անել հնարավոր ամեն ինչ, որ «չլինեն վիճարկելի կարծիքներ» ընտրությունների անցկացման վերաբերյալ. «Որպեսզի մարդիկ իմանան, թե ընտրությունների արդյունքով արձանագրված է այն, ինչը եղել է քվեատուփում: Որպեսզի մենք կարողանանք նայել մարդկանց աչքերին եւ ասել, թե, այո՛, մենք, որպես քաղաքական կառույց, որը ներկայացված է ընտրական հանձնաժողովներում՝ կատարել ենք մեր խնդիրը: Այն խնդիրը, որը ես հռչակել եմ Ազգային ժողովի ամբիոնից, թե մենք պատասխանատվություն ենք ստանձնում 2007-ի անցկացման համար, որ արդյունքները լինեն քիչ վիճարկելի»: Ընդմիջենք պրն Արսենյանին՝ հիշեցնելու համար, որ նրա այս հայտարարությանը հեգնանքով արձագանքեցին ՀՀԿ-ի որոշ ղեկավարներ:
«Ինչ իշխանություն ուզում է՝ ձեւավորվի, պետք է արտացոլի այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում,- երեկ ասաց Գուրգեն Արսենյանը:- Լա՞վ, թե՞ վատ իշխանություն՝ ամենաէականը չէ հիմա: Հիմա էականն այն է, որ վերականգնվի մարդկանց վստահությունը, թե ձայն են տվել այս կուսակցությանը կամ այն թեկնածուին, եւ հենց նրանք էլ գնացել են իշխանություն իրացնելու: Եվ լավ կաշխատի՝ մարդիկ կիմանան, որ իրենց պատասխանատվությամբ լավ բաներ են արվել: Իսկ վատ կաշխատի՝ մարդիկ կիմանան, որ իրենք իշխանության են բերել քաղաքական թիմի, որը վատ աշխատեց: Մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը սա է»:
ՄԱԿ-ի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծեց՝ հանձնաժողովներում կուսակցության ներկայացուցիչների խնդիրն ընտրությունների բնականոն գործընթացի կազմակերպումն է. «Որ ընտրության այդ տեխնիկական մասն անցկացվի առանձնապես դուրս չգալով «Ընտրական օրենսգրքի» շրջանակից: Բացառել չեմ կարող»: Թերեւս խոսքը խախտումները լիովին բացառելու մասին էր: Համենայնդեպս՝ ըստ պրն Արսենյանի, դրանք չպիտի տեղափոխվեն «Քրեական օրենսգրքի» հարթություն:
Այնուամենայնիվ՝ ինչո՞ւ է կարծում, թե հանձնաժողովներում ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք չեն առարկել նախորդ ընտրություններում իրականացված կեղծիքների դեմ, իր ուղերձի համաձայն՝ այժմ պետք է ամեն ինչ անեն, որ չփոխվի քվեատուփում առկա պատկերը. «Առավոտի» այդ հարցին Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Ես խոսում եմ 2007-ի ընտրությունների մասին: Այս մարդիկ, ովքեր այժմ ներկայացված են ընտրական հանձնաժողովներում՝ ընդգրկվել են ՄԱԿ-ի քվոտայով: Իսկ ՄԱԿ-ն ընտրական հանձնաժողովներում տեղ է ստացել 2003-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ոչ թե մինչեւ այդ»: