Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիսկով» դեպի «Եվրատեսիլ»

Ապրիլ 18,2007 00:00

Հայկոն նման տրամադրվածությամբ է մեկնում մրցույթի Երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպեցին երգիչներ Հայկոն, Տիգրան Պետրոսյանը, Գոգան, Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը եւ գործիքավորող Արա Թորոսյանը: Ասուլիսի թեման մայիսի 12-ին Հելսինկիում կայանալիք «Եվրատեսիլ 2007» միջազգային մրցույթն էր՝ որտեղ Հայաստանը կներկայացնի Հայկոն՝ իր հեղինակային «Anytime You Need» երգով, որի տեքստը գրել է Կարեն Կավալերյանը: Հ. Քեշիշյանը տեղեկացրեց, որ հայաստանյան պատվիրակությունը Հելսինկի կմեկնի մայիսի սկզբին: Նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը «Եվրատեսիլին» կմասնակցի 23 համարի տակ: Նրա փոխանցմամբ՝ այս տարի «Եվրատեսիլին» մասնակցում է 44 երկիր: Հ. Քեշիշյանը նաեւ նշեց, որ մրցույթում կան բազմաթիվ փոփոխություններ: Օրինակ՝ այս տարվա հաղթողը 5 երկրում 2 շաբաթ հանդես է գալու համերգներով: Հ1-ի գլխավոր պրոդյուսերի կարծիքով՝ «Եվրատեսիլին» չպետք է մասնակցեն սկսնակ երգիչներ, իսկ Հայկոյի վաստակավոր լինելը միայն կօգնի նրան: «Օրինակ՝ անցյալ տարի Հունաստանը ներկայացնող երգչուհի Աննա Վիսին 54 տարեկան էր ու Հունաստանի ամենաթանկ վճարվող երգչուհիներից էր: Այս մրցույթում տարիքային սահմանափակում չկա, իսկ երգչի հանրահայտությունն ու փորձառու լինելը միշտ էլ ողջունելի է: «Եվրատեսիլը» ամենեւին էլ ոչ պրոֆեսիոնալների կոնկուրս չէ»,- ասաց Հ. Քեշիշյանը: Հայկոն էլ նշեց. «Եվրատեսիլ» գնալու համար չեմ պատրաստվում ոճս փոխել, օրինակ՝ սատանաների շորերով ելույթ ունենալ: Ես գնում եմ հաղթելու: Իմ երգը ներկայումս լավ դիրքերում է ու Հայաստանի անունն էլ շատ է շոշափվում՝ դրական առումով: Ռիթմիկ երգերը միշտ չէ, որ հաղթում են այս մրցույթում, այնպես որ՝ «Եվրատեսիլը» անկանխատեսելի մրցույթ է: Եկել է ժամանակը, որ Հայաստանը ռիսկով լինի: Անցյալ տարվա Բիլանի ելույթը ինձ ոգեշնչեց նրանով, թե ինչպես ռուս երգիչը ռիսկով ներկայացրեց իր սովորական էստրադային երգը: Մենք էլ նույնկերպ պիտի վարվենք, մանավանդ՝ այս տարի Ռուսաստանի համեմատ երեք անգամ լավ ենք պատրաստված: Անկախ նրանից, թե որ տեղում կլինեմ, համոզված եմ՝ դա իմ կարիերայի վրա բիծ չի թողնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30