Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ

Ապրիլ 18,2007 00:00

Ինչպես ցույց են տալիս APR Group կենտրոնի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրություններին պատրաստվում է մասնակցել մեր բնակչության 50,5%-ը: Հարցվողների 56%-ը մասնակցել է նաեւ 2003թ. ԱԺ ընտրություններին:

\"\"

Փոքր վերապահումներով կարող ենք եզրակացնել, որ ընտրություններին մասնակցելը դառնում է մեր քաղաքական մշակույթի տարրերից: Այլ հարց է, թե ինչ շարժառիթներից ելնելով է մեր բնակչությունը գնում ընտրությունների: Ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած հարցվողների 36,8%-ը համարում է, որ դա իր քաղաքացիական պարտքն է, 23,4%-ը բացատրում է իր մասնակցությունը՝ «որ ուրիշը չքվեարկի իմ փոխարեն»: Այստեղ եւս վերապահումներով, սակայն կարող ենք փաստել, որ աստիճանաբար բարձրանում է մեր բնակչության քաղաքական գիտակցությունը: Իսկ ընտրություններին չմասնակցողները տալիս էին հետեւյալ պարզաբանումները. «ընտրությունները արդար չեն» (9,4%), «փոփոխություն չեմ ակնկալում» (2%), «չեմ հավատում կուսակցություններին» (2,6%):

Առավել ռացիոնալ ընտրություն է կատարում միջին (30-49) տարիքի բնակչությունը: Հարցին, թե «ինչո՞վ է պայմանավորված ձեր ընտրությունը», տարիքային այդ խումբը տվել է հետեւյալ պատասխանը. «համաձայն եմ այդ կուսակցության ծրագրերի հետ» (11,9%): Երիտասարդ տարիքային խումբը (18-29) հակված է անձնավորել կուսակցությունը եւ իր ընտրությունը կատարել՝ ելնելով կուսակցության առաջնորդի հեղինակությունից (8,4%):

Եթե դիտարկենք կուսակցությունների ընտրազանգվածները տարիքային չափանիշով, ապա կնկատենք, որ նրանք չափից ավելի մասնատված են: Միայն նշենք, որ 18-29 տարիքային խմբում համեմատաբար մեծ տոկոս ունի ԲՀԿ-ն՝ 6,1%, իսկ միջին տարիքային խումբը նախապատվություն է տալիս ՀՀԿ-ին՝ 8,6%: Առավել մասնատված է 50-ից բարձր տարիքային խմբի ընտրությունը: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ խորհրդային հասարակարգի փլուզումից հետո այս խմբի ներկայացուցիչներն առավել պահպանողական են եւ նրանց համար դեռեւս օտար են համեմատաբար նոր գաղափարախոսություններով նոր կուսակցությունները: Տարիքային այս ընտրազանգվածը նախապատվություն է տալիս ՀՅԴ-ին՝ 2,2%, ՀՀԿ-ին՝ 2,3%, եւ դա զարմանալի չէ, քանի որ երկու կուսակցություններն էլ ընկալվում են որպես ավանդական:

Նշենք, որ հարցվողների 22,7%-ը իր քվեն համարել է գաղտնիք, իսկ 28,6%-ը դեռ դժվարանում է պատասխանել կամ էլ նախընտրում է կողմնորոշվել քվեախցիկի մոտ: Ուստի, նախընտրական պայքարը պետք է ընթանա այդ 28,6%-ի համար:

Բնականաբար, այս ամենի մեջ կայանալիք ընտրությունների նախաշեմին ամենահետաքրքրականը կուսակցությունների վարկանիշն է: «Առաջիկա կիրակի օրը կուսակցություններից որի՞ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները բերված են լուսանկարում պատկերված աղյուսակում.

Նշենք, որ հարցվողին տրվել է բաց (հարցազրուցավարը չի ընթերցել հարցերի պատասխանները) հարց: Հարցը չի տրվել այն հարցվողներին, որոնք չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին:

Հետազոտությունը անց է կացվել Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանակում, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ եւ ունեն ընտրելու իրավունք: Հարցման է ենթարկվել 663 հարցվող, ինչը թույլ է տալիս ապահովել հետազոտության տվյալների

+-4% ճշգրտությունը: Հարցումը հեռախոսային է, ընտրանքը՝ պատահական, չկրկնվող։ Հարցվողին տրվել են փակ եւ բաց (հարցազրուցավարը չի ընթերցել հարցերի պատասխանները) հարցեր:

Հարցումն իրականացվել է Ազատ Հասարակություն երիտասարդ իրավապաշտպան հ/կ-ի APR Group ստորաբաժանման կողմից: Հարցումն իրականացվել է սեփական նախաձեռնությամբ, սեփական միջոցներով: Ստացված տվյալները հետագայում օգտագործվելու են գիտական նպատակով:

Հետադարձ կապ՝ 091-300-748

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել