Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ-ը բարեփոխումներ է խոստանում

Ապրիլ 18,2007 00:00

Հարկերն ու տուրքերը կվերացվեն, սակայն մարդիկ անվճար կբուժվեն եւ ուսում կստանան

Երեկ Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց իր ծրագրային որոշ դրույթներ:

ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, իրենք առաջարկում են լրջագույն եւ օրիգինալ բարեփոխումներ, որոնք ապահովելու են կայուն տնտեսական աճ: «Մենք նորաստեղծ կուսակցություն ենք, ուստի խնդիր ունենք լավագույնս ներկայացնել ե՛ւ մեզ, ե՛ւ մեր ծրագիրը… Մտադիր ենք մնալ քաղաքականության մեջ երկար ժամանակ, կարելի է ասել՝ նույնիսկ ընդմիշտ»,- «սպառնաց» քարտուղարը: ՄԻԱԿ անդամ Սերգեյ Վարդանյանը ներկայացրեց կուսակցության ծրագրային դրույթները՝ մաքսային, իսկ Նունե Գաբրիելյանը՝ հարկային քաղաքականության վերաբերյալ:

Ս. Վարդանյանը հայտնեց, որ ՄԻԱԿ-ն առաջարկում է հրաժարվել բոլոր մաքսատուրքերից ու մաքսային վարչարարությունից, ինչը, նրանց կարծիքով, հավասար դաշտ կստեղծի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: «Մաքսային տուրքերից հրաժարվելով՝ բյուջեին վնաս չենք տալու, այլ փորձելու ենք այս կոռումպացված համակարգից հրաժարվել: Ժամանակին մաքսային տուրքերից հրաժարվել են շատ այլ երկրներ եւս՝ Վրաստանը, Մեձբալթիկան, թեեւ ԵՄ կազմի մեջ մտնելով՝ վերջիններս կրկին ստիպված էին վերադառնալ մաքսային տուրքերին»,- փաստեց Լ. Մարտիրոսյանը:

Ն. Գաբրիելյանի համոզմամբ էլ՝ ներկայիս ՀՀ հարկային քաղաքականությունը հանդիսանում է համակարգի ձեւախեղման պատճառ եւ այստեղ է, որ պիտի վրա հասնեն ՄԻԱԿ-ի առաջարկած բարեփոխումները: «Թող հարկայինը զբաղվի ոչ թե փող հավաքելով եւ մտածի՝ ոնց գերակատարել իր պլանը, այլ ապահովի օրենքի կատարումը: Հարկերը պետք է գանձվեն ոչ թե բյուջեում եկամուտ ապահովելու համար, այլ այն պատճառով, որ այդպիսին են խաղի կանոնները»,- կարծում է նա:

Քննարկման ներկաներից մեկը հայտարարեց, որ, օրինակ, շահութահարկի վերացման մասին խոսելը պոպուլիստական մոտեցում է, քանի որ շահութահարկը գոյություն ունի ողջ աշխարհում: Այս դիտարկման հետ ՄԻԱԿ-ի անդամները, բնականաբար, չհամաձայնեցին: Նշենք, որ ՄԻԱԿ-ը, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ոչ թե մեկ, այլ միանգամից 5 կարգախոս ունի՝ «Հայաստանին պետք է պայմանագրային բանակ», «Բժշկությունը պետք է լինի անվճար եւ որակյալ», «Անվճար եւ մատչելի կրթություն բոլորի համար», «Սփյուռքը գիտելիքների աղբյուր է եւ ոչ թե փողի տոպրակ», «Երիտասարդությունը չպետք է անտարբեր լինի»: Բոլորն էլ ավարտվում են մեկ ընդհանուր նախադասությամբ՝ «ՄԻԱԿ ճիշտ որոշումը»:

«Առավոտը»՝ բյուջեն հարկային եւ մաքսային մուտքերից զրկող ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանին խնդրեց մանրամասնել, թե ինչի հաշվին են անվճար կրթություն եւ նույնպիսի բժշկություն խոստանում: Նաեւ խնդրեցիք մեկնաբանել «Սփյուռքը գիտելիքների աղբյուր է եւ ոչ թե փողի տոպրակ» կարգախոսը:

«Սփյուռքը գիտելիքների աղբյուր է, մինչդեռ վերջին 15 տարիներին նրան վերաբերվել են որպես փողի տոպրակի: Սփյուռքում կան 100000-ավոր մասնագետներ, ովքեր կարող են ծառայել Հայաստանի զարգացմանը: Իհարկե, ներդրումներն էլ են խրախուսելի, որովհետեւ կապիտալը ազգություն չի ճանաչում: Անվճար կրթության մասին մեր լոզունգն էլ մի քիչ տարբեր է ծրագրային դրույթներից: Անվճար կրթություն ասելով՝ հասկանում ենք հետեւյալը. ոչ թե բուհը կամ դպրոցը չի ստանալու որեւէ վճար՝ կրթություն ապահովելու համար, այլ ընդհակառակը՝ բուհը, միջնակարգ հաստատությունը հենց վճարովի կրթություն է ապահովելու: Այս պարագայում մենք առաջարկում ենք անցնել կրթաթոշակների համակարգին, մի բան, որ կիրառվում է ողջ աշխարհում: Թե չէ այսօրվա կրթությունն իբր անվճար է, բայց իրականում վճարովի է՝ ամեն ինչ ստվերային դաշտում է: Առողջապահության ոլորտում էլ պետք է անցնել բժշկական ապահովագրության համակարգին: Տվյալ պահին դու բժշկին ոչինչ չես վճարում, որովհետեւ ունես ապահովագրություն, որը ապահովում է պետությունը: Թե չէ ստացվում է, որ պետությունը ֆինանսավորում է տվյալ բժշկական հաստատությունը՝ իբրեւ անվճար բուժսպասարկում ապահովելու համար, ինչն իրականում այդպես չէ»,- «փակագծերը բացեց» Լ. Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30