Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ «ԻՆՔՆԱԿԱՄ» ԼՔԵԼ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԸ

Ապրիլ 18,2007 00:00

\"\"Անվտանգության աշխատակիցները նպաստել են թմրաբիզնեսին

Ավարտվեց դատապարտյալներ Խաժակ Ադամյանի, Լեւոն Գրիգորյանի, Արսեն Վարդանյանի, մեկուսարանի անվտանգության աշխատակիցներ Կամո Ավետիսյանի եւ Հակոբ Շուշանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն առաջիկայում կուղարկվի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:

Դատապարտյալ Խաժակ Ադամյանը Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2005թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով բանտարկության, պատիժը կրում էր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ըստ նախաքննության ժամանակ ձեռք բերված տվյալների, նա անցյալ տարվա մարտի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, «առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ լքել է ազատազրկման վայրը, գնացել Երկաթգծի 5/6 հասցեում գտնվող իր ծանոթի՝ Ռաֆիկ Սարգսյանի տուն, որտեղ մասնակցել է քրեակատարողական հիմնարկից վերջինիս ազատման կապակցությամբ կազմակերպված խնջույքին»: Խնջույքից հետո նա քրեակատարողական հիմնարկ է վերադառնում ոգելից խմիչք օգտագործած վիճակում՝ նույն օրը, ժամը 21 անց 30-ի սահմաններում:

Խաժակ Ադամյանն իր բջջային հեռախոսահամարից մի քանի անգամ զանգահարել է իրենց մեկուսարանի 67-րդ խցի կալանավոր Հայկ Վարդանյանի հեռախոսահամարին եւ «թմրամիջոց իրացնելու վերաբերյալ նրա հետ նախնական համաձայնության գալուց հետո՝ 2006թ. մարտի 3-ին, ժամը 17-ի սահմաններում դարձյալ ազատազրկման վայրից դիմել է փախուստի ու նորից գնացել Ռաֆիկ Սարգսյանի տուն»:

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, Ռաֆիկ Սարգսյանի ուղեկցությամբ Խաժակը պատահական տաքսի ավտոմեքենայով գնում է թիվ 67 խցի կալանավոր Գրիգոր Հովհաննիսյանի եղբոր՝ Արամ Հովհաննիսյանի ծանոթի՝ Մեղրի-Երեւան երթուղային տաքսու վարորդ Հունան Մխիթարյանի մոտ, ստանում թեյի տուփի մեջ թաքցրած 5 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցն ու վերադառնում քրեակատարողական հիմնարկ:

Մարտի 4-ին, ըստ գործի նյութերի, Խաժակ Ադամյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքում հերթափոխային ծառայություն իրականացնող նույն հիմնարկի անվտանգության ապահովման կրտսեր մասնագետ, գործով մեղադրյալ Արսեն Վարդանյանին խնդրում է թույլատրել մուտք գործել նշված մասնաշենք եւ տեսակցել թիվ 67 խցի կալանավորների հետ: Անվտանգության աշխատակիցը Խաժակ Ադամյանին թույլատրում է ապօրինի մուտք գործել 4-րդ մասնաշենք, չի խուզարկում: 5 գրամ թմրանյութը, թեյի տուփի մեջ թաքցրած, նա փոխանցում է ախպերությանը: Փաստորեն անվտանգության աշխատակցի՝ Արսեն Վարդանյանի գիտությամբ եւ մասնակցությամբ իրացվում է թմրամիջոց:

Մյուս մեղադրյալը՝ Լեւոն Գեւորգյանը, որը դատապարտվել էր հինգ տարի վեց ամիս ժամկետով եւ պատիժը կրում էր թիվ 40 խցում, «գործով ինքնությունը չպարզված անձից (անձանցից)» բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքում թաքցված ափիոն է ձեռք բերել: Խաժակը դիմում է իր ծանոթ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսբակի դատապարտյալ Վարուժան Գեւորգյանին, որը անցյալ տարվա օգոստոսի 18-ին, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ, ապօրինաբար լքել է ազատազրկման վայրը, գնացել Երեւանի Հր. Քոչարի փողոց, որտեղ («Պարտեզ» խանութի մոտ), նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպել է Լեւոն Գեւորգյանի հետ նույն խցում պատիժը կրող Հայկ Գրիգորյանի եղբայր՝ Գառնիկ Գրիգորյանին: Նա վերջինից վերցնում է բջջային հեռախոսն ու լիցքավորման սարքը, որում թաքցված է եղել ափիոնը: Վերադառնալով ազատազրկման վայր՝ փաթեթը տվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի տնտեսբակի դատապարտյալ Արթուր Մխիթարյանին՝ այն նույն հիմնարկի 40 խցի դատապարտյալ Խաժակ Ադամյանին փոխանցելու համար: Արթուր Մխիթարյանը նշված բջջային հեռախոսն ու մարտկոցի լիցքավորման սարքն իր հերթին փոխանցել է գործով մեղադրյալ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Կամո Ավետիսյանին: Վերջինս, անձնական շահագրգռվածությունից ելնելով, գործով մյուս մեղադրյալ՝ քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում հերթափոխային ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հակոբ Շուշանյանին խնդրել է ապօրինի տեսակցություն կազմակերպել իր եւ Խաժակ Ադամյանի միջեւ: Հակոբ Շուշանյանը Կամո Ավետիսյանին թույլատրել է ապօրինի մուտք գործել 3-րդ մասնաշենք, առանց խուզարկվելու մոտենալ թիվ 40-րդ խցին, բացել խցի դռան հանձնուքի ընդունման պատուհանը եւ ապօրինի տեսակցություն կազմակերպել նշված խցի կալանավոր Խաժակ Ադամյանի հետ, որի ընթացքում Կամո Ավետիսյանը վերջինիս փոխանցել է վերը նշված բջջային հեռախոսն ու մարտկոցի լիցքավորման սարքը: Նույն օրը Խաժակը բջջային հեռախոսն ու լիցքավորման սարքը, որում քննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից թաքցված է եղել մանր չափի ափիոն տեսակի թմրամիջոց, փոխանցել է Լեւոն Գեւորգյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30