Կուսակցությունից հեռացածներն իրենց քայլը պայմանավորում են ՀԺԿ-ի լիդերի՝ Ստեփան Դեմիրճյանի անտարբերությամբ:
Չորս օր առաջ ՀԺԿ-ի քաղաքական խորհրդի հերթական նիստի ժամանակ խորհրդի 9 անդամներ՝ այդ թվում եւ կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Կարապետյանը, դիմում ներկայացրին ու հեռացան ՀԺԿ շարքերից: Պատճառը, ինչպես մեր օրաթերթին մեկնաբանեց Ա. Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանի՝ տարիներ շարունակ Գյումրիի նկատմամբ ցուցաբերած «անտարբեր ու արհամարհական» վերաբերմունքն էր. «ՀԺԿ ղեկավարությունը Գյումրին համարում է հանրապետության ոչ թե 2-րդ, այլ հինգերորդական քաղաք»:
Նա որպես օրինակ մատնանշեց այն փաստը, որ իրենք տարիներ շարունակ ոչ աշխատավարձ են ստացել, ոչ նորմալ գրասենյակային պայմաններ են ունեցել, հանուն ՀԺԿ-ի կորցրել են իրենց աշխատատեղերը, պաշտոնները, իշխանություններից մի տեղեկանք անգամ չեն կարողացել ստանալ: Ա. Կարապետյանին խիստ վիրավորել է այն, որ այդքան նվիրվածությունից հետո, այս ընտրություններին իրեն ՀԺԿ համամասնական ցուցակի 31- րդ տեղն են հատկացրել. «Ես ՀԺԿ-ի սովորական անդամ չէի, այլ հիմնադիր եմ, 9 տարի ես այստեղ եմ, ես ստեղծել եմ նաեւ կուսակցության Ախուրյանի կառույցը, որը էսօր գոյություն չունի ու վաղը դրա լուծարման ձայնն էլ կլսեք: Եվ այս ամենը մեր ղեկավարի ամբիցիաների արդյունքն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Դեմիրճյանի քիմքին հաճո՞ է, թե՞ ոչ, նայած թե ի՞նչ աստիճանով են նրա ականջին քո մասին շշնջում»: Ա. Կարապետյանը զայրացած էր նաեւ ՀԺԿ ղեկավարի այն հայտարարությունից, թե իրենց խորհրդարանում 5%-ն էլ բավական է. «Կներեք, մենք 5%-ի համար չենք անի ոչինչ, որ 5-6 հոգի գան փափուկ աթոռներ զբաղեցնեն, իշխանությանը հայհոյելով աշխատավարձ ստանան: Առաջ գոնե օրինաստեղծ քաղաքականություն էր տարվում, օրենքի նախագծեր էին կազմվում, ընդունու՞մ էր դա կոալիցիան, թե՞ ոչ՝ դա հարցի երկրորդ կողմն էր, բայց մարդիկ տեսնում էին, գնահատում էին»:
Գյումրիի տարածքային գրասենյակի նախկին ղեկավարը համոզված է, որ այս ամենի արմատներն ավելի խորն են՝ դեռեւս նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀԺԿ ղեկավարը հարկ չի համարել Գյումրիի հանձնաժողովներում ՀԺԿ-ականներ ընդգրկել. «Բայց Գյումրիի ՀԺԿ-ն էն կառույցը չէր, որ բազմոցին պառկած հետեւեր ՏԻՄ ընտրություններին: Եվ հետո սա Գյումրին է, Վեդին չէ, գիտեմ, որ հիմա պիտի ՀԺԿ-ում որակվեմ դավաճան, այստեղ սովորություն է մարդու համբերության բաժակը լցնել, հետո էլ դավաճան պիտակը կպցնել»:
Իսկ միգուցե նրան ու ՀԺԿ-ից հեռացած մյուս անդամներին քաղաքական այլ ուժե՞ր են հրապուրել՝ մեր հարցին Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ասենք թե հրապուրել է, բայց ես ի՞նչ ուժ ունեմ, որ ՀԺԿ խորհրդի 9 անդամներին համոզեի մնալու: Եվ հետո մենք ամեն ինչ Կարեն Դեմիրճյանի հիշատակի համար ենք արել, էնքան ենք փորձել Ստեփան Դեմիրճյանին բացատրել, թե ինչպես էր աշխատում իր հայրը, ոնց էր հաշվի նստում կուսակցության ամեն մի անդամի հետ, ոչ թե արհամարհում էր նրանց, բայց՝ ապարդյուն»:
ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը երեկ մեր խնդրանքով ներկայացրեց, թե ինչ է կատարվում ՀԺԿ Գյումրիի կառույցում։ Ըստ պարոն Հարությունյանի, այն, ինչ ներկայացրել է կառույցի արդեն նախկին ղեկավարը՝ իրականության հետ ոչ մի կապ չունի. «Կառույցից դուրս են եկել միայն Կարապետյանի մի քանի ընկեր-բարեկամները։ Արտաշես Կարապետյանը միտումնավոր կազմալուծում էր կառույցի աշխատանքները, ինքը պետք է լիներ նախընտրական շտաբի պետը, սակայն միտումնավոր մի քանի օր շարունակ չէր զբաղվում իր պարտականությունների կատարմամբ։ Նա դեռ նախորդ ընտրություններից է հայտնի որպես իշխանությունների պատվերը կատարող եւ նախորդ ընտրությունների ժամանակ լինելով ՀԺԿ կառույցի ղեկավար, ինքը աշխատել է որպես ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանի վստահված անձ: Նա ամեն տեղ հայտարարում էր, թե ինքը «Միասնություն» դաշինքի համար է աշխատում, այն դեպքում, երբ ՀԺԿ-ն վաղուց դուրս է եկել այդ դաշինքից»։ Գրիգոր Հարությունյանի ներկայացմամբ, մի քանի օր տեսնելով, որ Արտաշես Կարապետյանը չի կատարում իր պարտականությունները, տեղի կառույցի անդամները այլ մարդկանցով ձեւավորել են նախընտրական շտաբը, ըստ էության՝ քարոզարշավի սկզբից չորս օր անց, եւ շտաբն արդեն աշխատում է: