Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԸ

Ապրիլ 18,2007 00:00

Իշխանություններ շատ կգան եւ կերթան, բայց հայ գյուղի եւ գյուղացու վիճակը կմնա նույնը: Սա մեր միտքը չէ, սա քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժերից ամպագոռգոռ խոստումները լսող գյուղացիների հավաքական տրամաբանությունն է:

Մարդիկ, իհարկե, չեն հավատում խոստումներին, բայց եւ մտածում են՝ մեկ էլ տեսար խոստացան եւ կատարեցին: Շամշադինի տարածաշրջանում հոգսերը նույնն են, ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում: Օրինակ՝ ճանապարհները անմխիթար վիճակում են, խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունեն, սերմացու չունեն, մանկապարտեզների աշխատողներն արդեն հինգ ամիս աշխատավարձ չեն ստացել: Իսկ Բերդ քաղաքի կանայք, այս ամենից բացի, մեկ այլ՝ հոգեւոր հոգս ունեին՝ մոտ երեք տարի առաջ քանդվել է տեղի երաժշտական դպրոցը եւ հայտարարվել է, որ այդ վայրում եկեղեցի պետք է կառուցվի, սակայն հիմքերը փորել են եւ գործը թողել անավարտ: Բերդի կանայք աղոթելու տեղ չունեն, տարածքի միակ եկեղեցին Վարագավանքն է, որը բավականին հեռու է, եւ մարդիկ միայն տարին մեկ կամ երկու անգամ են այդտեղ ուխտի գնում: Ի դեպ, Շամշադինի տարածաշրջանում մեծ է միայնակ մայրերի թիվը, մայրերը խնդրում են իրենց կամ ապահովել աշխատանքով, կամ այնքան նպաստ տալ երեխաների համար, որ հնարավոր լինի արժանապատիվ ապրել: Մայրերը հիմնականում համարձակ էին եւ իրենց խնդիրների մասին խոսում էին հրապարակավ. «Բազմազավակ մայր եմ, ունեմ 4 տղա երեխա, տուն չունեմ, սրա-նրա պատերի տակ եմ, եւ կան այդպիսի շատ-շատ մայրեր, ես բոլորի անունից խնդրում եմ բազմազավակ մայրերին օգնեք, 17 տարեկան տղա ունեմ, որ անձնագիր չունի, խնդրում եմ օգնեք»: Յուրաքանչյուր երրորդ դիմումատուն բազմազավակ մայր էր, եւ դա գրավեց վարչապետի ուշադրությունը. «Էդ Բերդում քանի՞ բազմազավակ մայր կա»: Տեղից նկատեցին՝ «շա՜տ-շա՜տ»: Վարչապետն էլ թե՝ «Իմ ուրախությանը չափ ու սահման չէր լինի, եթե բազմազավակ մայրերը շատ-շատ լինեին»: «Ունեմ երկու զինվորական ծառայող, թոքաբորբով տառապող երկու թոռնիկ, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, խնդրում եմ օգնեք, յոթ հոգով չեմ կարող բնակվել «դոմիկում», դիմում եմ ներկայացրել, տունս 70 աստիճան խոնավ է, «դոմիկ» են տվել՝ միջին բնակվում ենք»,- հերթական խնդրանքն էր հնչեցնում մեկ այլ շամշադինցի տատիկ:

Արծվաբերդ, Վերին կարմիր աղբյուր եւ Չորաթան համայնքները զրկված են խմելու ջրից, հարկավոր է սարից բերել ջուրը, այսինքն՝ մոտ 28 կմ ջրագիծ կառուցել: Ծախսերը կկազմեն մոտավորապես 200 միլիոն դրամ:

Բերդի մարզադպրոցը եւս վատ վիճակում է: Աշակերտները եւ ուսուցիչներն այդպես էլ չհամարձակվեցին մարզադաշտի հարցով դիմել վարչապետին: Ես խոստացա այդ մասին գրել եւ վստահեցրի, որ կառավարությունը ուշադիր է կարդում մեր հրապարակումները եւ հաստատ կօգնի, չէ՞ որ տարին նախընտրական է:

Գյուղացիները խաղող են հանձնել եւ գումարը չեն ստացել, իրականում խաղողը հանձնել են մասնավոր մարդու, բայց գյուղացիների համար մեկ է՝ մասնավոր, թե պետական, իրենք միայն մի բան գիտեն՝ խաղողը հանձնել են եւ դրա դիմաց գումար չեն ստացել: «Դու ծնող ես, բոլորիս համար պատասխանատու ես, դու պտի մեզ օգնես»,- վարչապետին դիմում էին գյուղացիները եւ սպասում, որ վարչապետը կգտնի էդ «մասնավոր» անձին եւ իրենց փողը ետ կբերի: Հաջորդ խնդրանքը սա էր. «Իկարուս» ավտոբուսները հանել են ճանապարհներից, ներդրել են «պուճուր պազիկներ»: Հիվանդի, երեխանց տեր ենք, ուրախության եւ տխրության ենք գնում, ճանապարհածախսը 2 հազար էր, շինեցին 3 հազար՝ քիչ չէ, մի ոտքի վրա գնում ենք, մյուսի վրա գալիս, բա դա կյա՞նք է»:

Սահմանամերձ Պառավաքար գյուղում բողոքում էին, որ իրենց հարկերից չեն ազատում, որ իրենց որպես սահմանամերձ գյուղ արտոնություններ չեն տալիս:

«Պարոն Սերժ Սարգսյան ջան, ես 55 տարեկան կնիկ եմ, ես 63 տարեկա՞ն եմ դառնալու, որ թոշակ ստանամ, խնդրում եմ մեզ հարգես, մեր տարիքը հարգես, մեզ թոշակ տաս, որ մեր երեխաները, մեր թոռները մեզանից մի քիչ գոհ լինեն, մեզ պահեն»,- վարչապետին դիմեց պառավաքարցի մի տիկին: Վարչապետը չէր հասկանում. «Էդ ի՞նչ տարիք է, որ ուզում ես թոշակի գնալ, էդ իմ տարիքն է, ես հո թոշակի չե՞մ գնալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30