Այս վերնագիրն էր ընտրել «Փաստարկ» ակումբում իր երեկվա ասուլիսի համար Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Շարմանկա» երգի այս խոսքերն այնքա՜ն հոգեհարազատ են իմ կերպարին, քաղաքական իմ գործունեությանը եւ հատկապես՝ պատմական այս պահին»,- վերնագրի իր նախապատվությունն այսպես բացատրեց մեր գլխավոր մարքսիստը: Թերեւս հենց հոգեհարազատությունն էր պատճառը, որ «Երկու աստղ» նախագծի ընթացքում Դավիթ Հակոբյանն այնքա՜ն ինքնամոռաց էր «Շարմանկա»-ն երգում, որ նրա զուգընկերուհի Աիդա Սարգսյանը ստիպված էր անգամ «ստոպ» գոռալ, միկրոֆոնը ձեռքից իջեցնել եւ այլն:
Սակայն դառնանք մեր «աստղի» երեկվա (հերթական) փայլատակմանը: Թեման Տավուշի մարզում «Ազգային միաբանության» առաջնորդի հետ շրջագայությունից Մարքսիստական կուսակցության նախագահի տպավորություններն էին: Դավիթ Հակոբյանն այս մարզի 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցված է իբրեւ պատգամավորության թեկնածու, «իսկ Արտաշես Մամիկոնիչն իր կուսակցական ամբողջ զորքով հովանավոր է կանգնել մեզ, որպեսզի այստեղ մենք վսյո տկի շահարկենք մանդատը»:
Հայ մարքսիստն ուղղակի ցնցված էր այն ընդունելությունից, որին արժանացել էր ԱՄ առաջնորդը. «Որ Արտաշես Մամիկոնիչին այդքան ջերմ կընդունեին պրովինցիայում՝ ես գաղափար չունեի: Մանավանդ՝ նրա հետ քաղաքական մարտադաշտ էի մտնում կյանքում առաջին անգամ… Այդպիսի՜ ընդունելություն, ուղղակի ինձ համար հանելուկ էր: Այն աստիճան, որ երբ ժողովուրդը գրկախառնվում էր, ես այնքան էի ինձ կորցնում, որ մի պահ մոռանում էի, որ այդ նույն ժողովուրդն ի՛նձ է ուզում գրկախառնվել, ինձ հետ շփվել: Ես ուշադրությունս բեւեռում էի, թե ինչպես են նրան ընդունում: Ոչ թե խանդով, այլ ուղղակի ես ընկնում էի, այսպես, հոգեբանական ցայտնոտի մեջ: Կանայք կային՝ ձեռքերն էին համբուրում»: Այս ամենը նրան հիմք տվեց պնդել. «Այդ մարդու քաղաքական աստղը, ինչքան էլ կողքից ոռնահաչեն, թե խամրում է՝ այսօր գնում է ապոգեյ, բարձրանում է առայժմ»:
Ասուլիսի այս հատվածը ենթավերնագիր ուներ. «Ինչպես ես տեսա Արտաշես Մամիկոնիչին քաղաքական թատերաբեմում՝ անձամբ իմ աչքով»: Նրա հետ իր այս առաջին, պրն Հակոբյանի ձեւակերպմամբ՝ «մարաթոնի» ժամանակ Գեղամյանը «մեքենան դեռ չկանգնած, դեռ դուռը չբացած՝ ինքը բացում էր ու թռնո՛ւմ ամբոխի գիրկը: Մի ոստյունով արդեն հարթակի վրա էր: Եվ ո՞նց են ասում՝ բոյ ս խոդու»: «Ազգային միաբանության» ղեկավարի մակարդակի վերաբերյալ անձամբ համոզվելուց հետո Դավիթ Հակոբյանը հրապարակեց իր եզրակացությունը. «Ընդդիմության դաշտի սուբյեկտների մեջ, այո՛, այսօր նա միակ հայրն է ընդդիմության: Ես չեմ ասում՝ հայրն է ժողովրդի»:
Մեջբերեց նաեւ իջեւանցի մի ուսուցչի խոսքն իրենց այցելած երկու առաջնորդների մասին. «Ասաց, եթե երկու առյուծազգիներ, երկուսն էլ՝ աղեղնավոր, երկուսն էլ՝ ցուլի տարում ծնված, դուրս են գալիս քաղաքական մարտադաշտ, ուրեմն՝ քաղաքական բորենիները եւ շնագայլերը կաղկանձելով կողմ են քաշվում: Շա՜տ տպավորիչ մանկավարժ էր, հի՛ն, ստալինյա՛ն, ով գիտի՝ որ թվի: Մանկավա՛րժ՝ բայց շատ հին պլեյադայի»:
«Առավոտը» հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում Դավիթ Հակոբյանը Գեղամյանի մասին ասում էր. «Արտաշես Մամիկոնիչ մուժիկ տո խառոշ, նո նե արյո՜լ, նե արյո՜լ»: Մարքսիստական կուսակցության նախագահը հաստատեց, թե այս գնահատականը տվել է 2003-ի ընտրություններից հետո. «Ես գտա, որ նա պետք է վյսո տկի կանգնած լիներ Ստեփան Դեմիրճյանի կողքին: Այդպես էին պահանջում ազգային շահերը… Պետք էր օգտագործել առիթը՝ լյուբոյ ցենոյ վզյատ վլաստ: Պատմաբաններն ասում են՝ վաժնո նե մետոդ, ա ռեզուլտատ: Այդ առիթով, նա գործելու տակտիկայի եւ ստրատեգիայի առումով՝ իրեն արյոլ չպահեց: Բայց այսօր քաղաքական դաշտում նրա մտավոր կարողությունները, էներգիան ազգը պետք է օգտագործի: Եվ ես այսօր ասում եմ, որ այդ մարդը 3 գլխավոր պոստերից մեկը պարտադի՛ր պետք է զբաղեցնի որպես անհրաժեշտություն՝ ազգին ծառայելու»: Ընդ որում՝ շեշտեց, թե այս ամենը չի ասում «ինչ-որ շնանալու համար՝ ես դրա կարիքը չունեմ»:
«Լրագրի» թղթակիցը, որը նախկինում «Ար»-ի մեկնաբանն էր՝ հարցրեց, թե գուցե Գեղամյանին տրվի 4-րդ գլխավոր «պո՞ստը»՝ պաշտպանության նախարարի պաշտոնը: «Դու գիտես, ես քեզ ինչքան եմ սիրում, քո ռեպորտաժներն իմ մասին շատ հոյակապ էին, դու մեծ ծառայություն ունես իմ քաղաքական դեմքի ձեւավորման պրոցեսում (հպարտությամբ հավելենք, որ «Առավոտի» թղթակցին էլ մարքսիստն անվանեց «իմ մամլո թագուհի».- Ա. Ի.): Բայց այսօրվա քո հարցը ցինի՛կ հնչերանգ ունի: Մենք լո՛ւրջ բաների մասին ենք խոսում՝ կակոյ նիբուձ պաշտպանության նախարա՞ր»,- դժգոհեց Դավիթ Հակոբյանը: Խոստացավ, որ եթե ո՛չ մեծամասնականով, ո՛չ համամասնականով «ժողովուրդը, վսյո տկի, ինձ չուղարկի պառլամենտարիզմի արենա՝ մայիսի 13-ից ես ընդմիշտ կհեռանամ քաղաքականությունից… Հիասթափությունս այնքան մեծ կլինի, որ ինչպես Անդրանիկն էր ասում՝ կթքեմ ու կհեռանամ: Կթքեմ այն ուժերի վրա, որոնք փորձեցին քաղաքական դաշտը ստերջացնել՝ պրեզերվացիայի դեր կատարել»:
Խոստովանեց, թե քաղաքականությունն իր հոբբին է, որ «ձեւավորվել է վաղուց՝ մոր կաթի հետ»: Իսկ «Երկու աստղ» ծրագրին իր մասնակցությունը պատճառաբանեց «ազգային երգարվեստը փառաբանելու եւ միջազգային արենայում մատուցելու» ցանկությամբ: «Առավոտի» հիշեցմանն էլ, թե ինքը նաեւ ռուսական երգեր է երգում՝ հակադարձեց. «Ռուսները եւ հայերը հնդեվրոպական ընտանիքի անդամներ են: Վաղն էլ հնդկակա՛ն կերգենք»: