ԸԸՀ անդամի կրպակին նախընտրական պաստառ են կպցնում՝ նրա կամքին հակառակ
Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված երկու թեկնածուների՝ Հակոբ Հակոբյան-«Ճոյտի» եւ Սուսաննա Հարությունյանի դեմ ուղղված բռնարարքներով, դատական պրոցեսով, ապա նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու նախընտրական շտաբներում տեղի ունեցած պայթյուններով: Սակայն ամեն քայլափոխի կարելի է հանդիպել գուցե պակաս աղաղակող, բայց նույնքան կոպիտ օրինախախտումների:
Նման մի օրինախախտման փաստ երեկ «Առավոտին» փոխանցեց Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ «Արդարություն» դաշինքի կողմից նշանակված անդամ, ՀԺԿ ներկայացուցիչ Ալլա Հովհաննիսյանը: Նրա պատմելով, երկուշաբթի օրը երեկոյան Տիգրան Մեծ փողոցում տեղադրված եւ իրեն պատկանող կրպակի մոտով անցնելիս նա ականատես է եղել, թե ինչպես է նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուի՝ Ռուբեն Սադոյանի մտերիմներից մեկը՝ Արմենը, թեկնածուի քարոզչական պաստառները փակցնում իր կրպակի վրա: «Ես մոտեցա ու խնդրեցի, որ իմ կրպակի վրա պաստառ չփակցնի եւ արդեն փակցված միակ պաստառը պոկի, որովհետեւ ես ընտրական հանձնաժողովի անդամ եմ եւ «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի 5-րդ կետով ես իրավունք չունեմ քարոզչական նյութեր տարածել, իսկ դա կարող է առիթ դառնալ ինձ քարոզչություն անելու մեջ մեղադրելու համար: Ես այդ տղային բացատրեցի, որ եթե նման իրավունք ունենայի, անպայման իմ կուսակցության, ոչ թե ՀՀԿ թեկնածուի քարոզչական պաստառը կփակցնեի: Ասաց՝ լավ, կպոկեմ: Ու չպոկեց: Առավոտյան տեսա, որ արդեն մեկից ավելի պաստառներ են փակցված կրպակիս ճակատային մասում»,- պատմեց տիկին Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ, ինքը դրա պատճառով նաեւ անհարմար վիճակում է հայտնվել, որովհետեւ կրպակին մոտ ապրող իրեն ծանոթ մարդիկ դեռ երեկ վաղ առավոտից զանգում են եւ տարակուսում՝ «դու է՞լ վաճառվեցիր»: «Դա ինձ վրա ահավոր ազդում է, եւ ես իմ տեղը գտնել չեմ կարողանում: Ես այսօր դիմում-բողոք եմ ներկայացրել թիվ 9 ԸԸՀ-ին եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, մտադիր եմ դիմել նաեւ ոստիկանություն»,- պատմում է ԸԸՀ անդամը:
Ընտրական հանձնաժողովներին ուղղված իր դիմում-բողոքներում տիկին Հովհաննիսյանը տեղեկացրել է կատարվածի մասին՝ ընդգծելով, որ սույն պաստառներն իր կրպակի վրա փակցվել են հակառակ իր կամքի եւ առանց իր համաձայնության, ինչը պահանջվում է անել գործող օրենսդրությամբ: «Այսպիսով փորձում են միտումնավոր տպավորություն ստեղծել, որ ես՝ լինելով թիվ 9 ԸԸՀ անդամ, խախտում եմ «Ընտրական օրենսգիրքը» եւ քարոզչությամբ եմ զբաղվում: Իմ բազմաթիվ պահանջները՝ չփակցնել պաստառները, անտեսվեցին: Դիմում եմ ձեզ խնդրանքով՝ միջոցներ ձեռնարկել օրինականությունը վերականգնելու նպատակով»,- իր դիմումում շեշտել է Ա. Հովհաննիսյանը, ով երեկ ասաց, թե մտադիր է դիմել նաեւ ոստիկանություն:
Այս դիմումում թիվ 9 ԸԸՀ անդամը նաեւ արձանագրել եւ ընտրական հանձնաժողովների ուշադրությունն է հրավիրել եւս մեկ ընտրախախտման վրա: Նա արձանագրել է, որ Կենտրոն թաղապետարանի ընդհանուր բաժնում, որտեղ քաղաքացիները դիմումներ են գրում կամ հանձնում, փակցված է եղել Ռուբեն Սադոյանի մեծադիր նկարով պաստառը, մինչդեռ «ԸՕ» 18 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «արգելվում է քարոզչություն անել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Այդ դիմում-բողոքը թիվ 9 ԸԸՀ-ին հանձնելու պահին հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը տեղում չի եղել: Փոխարենը նրա տեղակալը՝ ՀՀԿ-ն ներկայացնող Սոնա Արսենյանը, Ա. Հովհաննիսյանի ասելով, նրան կշտամբել է, թե՝ «սիրուն տղա է, նկարը փակցրել են, դա քարոզչություն չի: Սխալ հասցեով են ձեզ ուղարկել: Դուք դրանով մրոտում եք Սադոյան Ռուբիկի անունը, ու մենք դատի կտանք, պատիվ կպահանջենք»:
Ա. Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ եթե ԸԸՀ-ն ու ԿԸՀ-ն չարձագանքեն իր դիմումին, եւ եթե Ռ. Սադոյանի քարոզչական պաստառները շարունակեն փակցված մնալ իրեն պատկանող կրպակի վրա, ապա ինքն իրեն՝ որպես սեփականատիրոջ, իրավունք կվերապահի կրպակի վրա գրել՝ «գտնվում է Ռոբերտ Քոչարյանի հովանու տակ»:
Իսկ ընդհանրապես, երեկվա դրությամբ ՀՀ ԿԸՀ-ում ստացել եւ պատասխանել են թվով 8 դիմում-բողոքների, որոնցից երկուսը ներկայացրել էր ՕԵԿ-ը, երկուսը՝ «Գերագույն խորհուրդ-96» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը, մեկական՝ «Իմպիչմենթ» դաշինքն ու «Դաշինք» կուսակցությունը եւ մեկ քաղաքացի: