Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումներից մեկն անպայման պետք է կայանա Երեւանում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ:
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման մրցաշարի «A» խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումների անցկացման վայրի հետ կապված խնդիրը կրկին մնաց առկախ:
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին Նյոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած հերթական բանակցությունում կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել եւ խնդրի վերջնական լուծումը նշանակվել է ապրիլի 18-ին: Այդ օրը Կարդիֆում կայանալիք ՈՒԵՖԱ-ի գործկոմի խորհրդակցությունում Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը կհայտարարի իր վճիռը:
Ադրբեջանը, ինչպես հայտնի է, բացառում է Հայաստանի ֆուտբոլային պատվիրակության մուտքը Բաքու եւ առաջարկում երկու խաղերն էլ անցկացնել չեզոք դաշտում: Իսկ Հայաստանը, առաջնորդվելով ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունների պահանջներով ու պաշտպանելով ֆուտբոլասերների իրավունքները, պնդում է, որպեսզի հանդիպումները կայանան Ադրբեջանում եւ Հայաստանում:
Թե ի՞նչ կորոշեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաները, պետք է որ իմանանք վաղը: Սակայն եթե դա հայկական կողմի օրինական պահանջները չբավարարի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի սպորտային արբիտրաժային դատարան: Այդ մասին մամուլում հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ ասելով. «Իհարկե, ցանկացած որոշում չենք ընդունի: Ունենք նաեւ բողոքարկելու իրավունք: Դրսի խաղի մասին ոչինչ չեմ կարող ասել: Ինչ որոշում կայացնեն, մենք պատրաստ ենք այն կատարել ու խաղալ ցանկացած վայրում: Իսկ երեւանյան խաղն անպայման պետք է անցկացնենք Երեւանում: Եթե հակառակ որոշում կայացվի, մենք կդիմենք մարզական դատարան, կշահենք եւ սեփական հարկի տակ նախատեսված հանդիպումը կանցկացնենք այստեղ: Ուրիշ կերպ չի լինելու»: