Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՖԻՖԱ-ԻՑ ԵՎ ՈՒԵՖԱ-ԻՑ

Ապրիլ 17,2007 00:00

\"\"Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ֆուադ Մուսաեւը «ԱՊԱ-Սպորտ» գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է իր հետնորդների գործունեությունը՝ կապված Հայաստան-Ադրբեջան հանդիպումների շուրջ առաջացած քաշքշուկի հետ: Նա հետաքրքիր դիտարկումներ է արել, որոնք ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

«…Հանդիպումները չեզոք դաշտերում անցկացնելը հեշտ չէ: Ո՞ր երկրի ղեկավարությունը նման սկզբունքային խաղեր կազմակերպելու պատասխանատվություն կվերցնի: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուկիսը հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների հանդիպումն իրենց երկրում կազմակերպելու պատրաստակամության մասին: Սակայն երաշխիքներ պետք է տա ոչ թե ֆեդերացիան, այլ երկրի ղեկավարությունը: Այսինքն՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն… Հայաստանի հավաքականի հետ պետք է խաղալ Բաքվում եւ հաղթել խոշոր հաշվով: Պատասխան խաղին գնալ, թե չգնալ՝ այլ խնդիր է: Եթե հարկ լինի, պետք է գնանք եւ խաղանք… Չի կարելի ֆուտբոլը խառնել քաղաքականության հետ… Եթե երկրի ներսում արտակարգ իրադրություն չի հայտարարված եւ հավաքականը խաղում է ուրիշ երկրների թիմերի հետ, պետք է ընդունել նաեւ Հայաստանի հավաքականին… Պինոչետի իշխանության օրոք կոմունիստները ջարդ կազմակերպեցին ստադիոնում: Դա ազդե՞ց ֆուտբոլի վրա: Ոչ: Նրանք հանդիպումներն անցկացրին դատարկ տրիբունաների պայմաններում: Թուրքիայի եւ Հունաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի հավաքականները հանդիպում են ֆուտբոլային խաղադաշտերում ու ոչ մի լուրջ միջադեպ չի լինում… ԱՖՖ-ի ղեկավարությունն ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել է, թե մեր երկիրը Հայաստանի հետ պատերազմական իրավիճակում է: Պատերազմ միայն մեզ մոտ չէ… Հակամարտություններ գոյություն ունեն աշխարհի տարբեր երկրների միջեւ: Արդյոք այդ երկրների հավաքականները իրար հետ ֆուտբոլ չե՞ն խաղում…Հայաստանի կառավարությունը մեզ երեւանյան հանդիպման ժամանակ անվտանգության երաշխիքներ է տալիս: Այդ դեպքում ՈՒԵՖԱ-ն ի՞նչ հիմնավորմամբ պետք է այն չեզոք դաշտում անցկացնելու որոշում կայացնի: Եթե Ադրբեջանը հայերի անվտանգությունը չի երաշխավորում, այդ խաղը հնարավոր է չեզոք դաշտ տեղափոխել… Ես չեմ հավատում, թե ՈՒԵՖԱ-ի գործկոմը երկու խաղերն էլ չեզոք դաշտում կազմակերպելու վճիռ կկայացնի: Կամ կորոշեն խաղալ Բաքվում ու Երեւանում, կամ Երեւանում ու չեզոք դաշտում: Որովհետեւ, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը անվտանգությունը երաշխավորում է… Գործկոմի որոշումն առանց հարգելի պատճառի չկատարող ազգային ասոցիացիան կհեռացվի ՖԻՖԱ-ից… Մեր խմբում հանդես է գալիս ութ թիմ: Նրանցից յուրաքանչյուրն ուզում է շատ միավոր վաստակել: Եթե մեր հավաքականին Հայաստանի հետ հանդիպմանը չմասնակցելու համար տեխնիկական պարտություն գրանցեն, կխախտվեն մյուս հավաքականների իրավունքները: Ես կարծում եմ, որ եթե մենք Երեւան չգնանք, ԱՖՖ-ն կհեռացվի նաեւ ՈՒԵՖԱ-ից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել