Երեւանում իր գործունեությունն է սկսել առաջին իրավաբանական-գիտական «Իրավունք» հրատարակչությունը:
«Իրավունքի» տնօրեն, ՀՀ գերագույն դատարանի նախկին դատավոր, իրավաբան Թաթուլ Բադասյանը ասաց, որ այն այսօր միակ մասնագիտացված հրատարակչությունն է Հայաստանում: Նա փաստեց, որ ժամանակին ԽՍՀՄ ողջ տարածքում ընդամենը մեկ իրավաբանական հրատարակչություն է գործել:
Պրն Բադասյանը նկատեց, որ Հայաստանում առայժմ գրականությունն առանց հրատարակչության միջամտության է հրատարակվում. «Սա ընդունված չէ աշխարհի ոչ մի երկրում: Այժմ ՀՀ-ում գործող հրատարակչությունները չունեն իրենց աշխատանքը կանոնակարգող որեւէ փաստաթուղթ: Ի տարբերություն վերջիններիս, մենք արդեն ստեղծել ենք կանոնակարգ եւ կանոնադրություն: Հեղինակների հետ աշխատելու օրինակելի պայմանագրի մոդելային ձեւեր ենք մշակել, որը պատրաստ ենք տրամադրել հայաստանյան մյուս հրատարակչություններին: Մեր հրատարակչությունն ունի իրավաբան-գիտնականներով համալրված խորհուրդ, որի նախագահը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր Գագիկ Հարությունյանն է»: Թ. Բադասյանը ավելացրեց. «Իրավունք» բերված բոլոր աշխատանքները կենթարկվեն մասնագիտական եւ լեզվաոճական խմբագրման, այդպիսով՝ մենք պատրաստ կլինենք վերցնել հրատարակված գրականության ողջ պատասխանատվությունը»: Նա տեղեկացրեց, որ «Իրավունքը» ոչ միայն գիտական աշխատությունների, այլեւ իրավաբանական դասագրքերի տպագրությամբ պետք է զբաղվի:
Թ. Բադասյանը նշեց, որ նորաստեղծ իրավաբանական հրատարակչության աշխատակիցները պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի գրքի կազմին «Իրավունք» գրիֆը տեսնելով՝ մարդիկ առանց տատանվելու վստահեն տվյալ աշխատանքին. «Ինչպես այսօր Մոսկվայում վստահում են «Նորմա» հրատարակչության գործերին, նույնն էլ «Իրավունքի» պարագայում պետք է լինի: ՌԴ մայրաքաղաքում ոչ մի լուրջ գիտնական իրեն թույլ չի տա այլ գրիֆով գիրք հրատարակել: Շատերը նույնիսկ երեք տարի հերթ են կանգնում իրենց աշխատանքը «Նորմայում» տպագրելու համար»:
Արդեն կան համարձակներ, ովքեր ցանկացել են իրենց գրքերը լույս ընծայել նորաստեղծ հրատարակչությունում, սակայն առայժմ խորհրդի նիստով ընտրված գրքեր չկան:
«Իրավունք» հրատարակչությունում կարող են տպագրվել գիտնական–հետազոտողների, ասպիրանտների, հայցորդների եւ բոլոր այն անձանց նյութերը, ովքեր իրավագիտության բնագավառում որոշակի հետաքրքրություն կարող են ներկայացնել: Իրավաբանը հայտնեց, որ հրատարակչությունում տեղ չեն ունենա կեղծ գիտական կոչումներով անձանց աշխատանքները: Թ. Բադասյանը անդրադառնալով այսօր բավականին հաճախ շնորհվող գիտական աստիճաններին՝ նշեց. «Չգիտես ինչ ճանապարհներով են կարողանում դրանք ձեռք բերել: Այսօր արտերկրում հնարավոր է մի կլորիկ գումար վճարելով՝ նույնիսկ ակադեմիկոս դառնալ: Ուրախ եմ, որ գիտնականները նույնիսկ չեն էլ փորձում այդ զարտուղի ճանապարհներով անցնել: Հիմա բազմաթիվ դոկտորներ կան, որոնց գրքերը ես ոչ միայն չէի կարդա, այլեւ իմ սեղանին էլ չէի դնի: Ես վաղուց կարող էի գիտական աստիճան ստանալ, բայց համոզված չեմ, որ կարող եմ ամբողջովին նվիրվել գիտական աշխատանքիս: Իսկ գիտությունը ամբողջական նվիրում է պահանջում»: