Մտահոգված է «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը
«Պետական կարիքների զոհեր» եւ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպությունների ղեկավարներն ապրիլի 12-ին խնդրել էին վարչապետ Սերժ Սարգսյանին ընդունել իրենց ներկայացուցիչներին՝ քննարկելու Կենտրոնի բնակիչների իրավունքների խախտման հարցերը: Եվ հաջորդ օրն իսկ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հյուսիսային պողոտայի բնակիչներին, որոնց լսելուց հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Նկատի ունենալով խնդիրների մեծ ծավալը, ինչպես նաեւ նախընտրական շրջանում զանազան շահարկումներից խուսափելու նպատակով, Սերժ Սարգսյանը խոստացել է նրանց հետ մեկ անգամ եւս հանդիպել խորհրդարանական ընտրություններից հետո՝ մայիսի կեսերին: Իսկ մինչ այդ հանձնարարել է Երեւանի քաղաքապետին՝ այս ընթացքում ընդունել քաղաքացիներին, քննարկել հնարավոր լուծումները եւ ամրագրել փոխադարձաբար ընդունելի մոտեցումներ»:
Սեդրակ Բաղդասարյանը, որը մասնակցել էր այդ հանդիպմանը, երեկ մեր հարցին, թե իրոք ակնկալո՞ւմ է, որ այդ հանդիպման հետեւանքով հնարավոր է խնդիրների լուծում՝ այսպես պատասխանեց. «Նախ, մեզ համար անակնկալ էր ու շատ հաճելի, որ մեր նոր վարչապետը ժամանակ գտավ ու ընդունեց մեզ՝ ի տարբերություն անցած տարիների, երբ մենք այդքան բողոքում էինք, սակայն մեզ չէր ընդունում անգամ պահակը: Սա շատ գովելի է: Հանդիպումը մեզ հույս ու հավատ տվեց, որ իրոք մեր վարչապետը ցանկություն ունի այս խնդրին տալ դրական եւ արդարացի լուծում: Միայն մի բան է կասկածելի. բան չունեմ ասելու՝ կցանկանամ, որ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ից հետո էլ լինի վարչապետ, բայց մտավախություն ունեմ՝ բա որ ինքը չգլխավորի կառավարությո՞ւնը, այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու մեր հարցը: Իսկ սեփականությունից մեր զրկվելու հետեւանքով ծագել է մեկ այլ հարց՝ մարդկանց հանել են ընտրացուցակներից, եւ նրանք չեն կարողանա մասնակցել ընտրություններին: Սա խայտառակ երեւույթ է: Բայց համոզված ենք, որ մեր վարչապետն անպայման կլուծի այս խնդիրները»:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք Սերժ Սարգսյանին ներկայացրե՞լ է իր տվյալները Կենտրոնը կառուցապատող կազմակերպությունների «ծագումնաբանության» մասին, որոնք, ըստ Սեդրակ Բաղդասարյանի՝ գերազանցապես գրանցված են օֆշորային գոտիներում. «Ճիշտ է, շուրջ 1 ժամ զրուցեցինք վարչապետի հետ, բայց քանի որ խնդիրները շատ էին, ու բնակիչների քանակն էլ էր շատ եւ ամեն մեկն ուզում էր արտահայտվել՝ մենք հասցրինք քննարկել ոչ բոլոր հարցերը: Եվ ցավոք, չանդրադարձանք կառավարության նոր որոշմամբ ընտրված կազմակերպություններին»:
Իսկ այդ կազմակերպությունների ծագումնաբանությանն անդրադառնալու առիթ էր դարձել Երվանդ Զախարյանի՝ հարցազրույցներից մեկում արված հավաստիացումը, թե «AG development»-ը, որը Կենտրոնը կառուցապատողներից մեկն է՝ շատ լուրջ ու կայացած կազմակերպություն է: «Այն դեպքում, երբ այն նույն «Գլենդել Հիլզ»-ի եւ «Սիթի Սենթր դիվելոփմենթի» ղեկավարի կողմից ստեղծված կազմակերպություն է: Եվ ստեղծվել է 2006-ի մարտի 20-ին,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:- Հարց է առաջանում՝ պրն Զախարյան, մի քանի ամսվա կազմակերպությանն այդ ի՞նչ չափանիշներով եք հռչակում շատ լուրջ ու կայացած»:
Ըստ «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավարի՝ «Զավեշտալին եւ հետաքրքիրը նաեւ այն է, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասը իրացնող կազմակերպությունը՝ «Նորդ Այլենդը», որի գործադիր տնօրենը Գալինա Եդիգարյանն է, հետագայում նույնպես բացեց մեկ այլ կազմակերպություն՝ «Մակառենդ» անունով, որում ընդգրկված է Բահամյան կղզիներում գրանցված մի ՍՊԸ: Մեկ այլ կազմակերպություն, որի վերաբերյալ փաստեր ունենք՝ գրանցված է Վիրջինյան կղզիներում: «Վիզկոն» կազմակերպությունը, որը 3 տարի է, ինչ տնահան է արել քաղաքացիներին՝ այս ընթացքում կարողացել է միայն հիմք գցելու համար փոս փորել: Բայց հիմա այդ «Վիզկոնին» կառավարությունը նորից է ընձեռել կառուցապատման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն: Այս «Վիզկոնի» հիմնադիրներն էլ ոմն Պավել Անդերսոն եւ երկու կանայք են՝ մայր ու աղջիկ, որոնք ապրում են Կալիֆոռնիայում: Նրանք էլ են մի նոր կազմակերպություն ստեղծել՝ «Գափշին»: Եվ հարց է ծագում՝ մի կազմակերպություն կա, գործում է՝ 2-3-ն ինչո՞ւ են ստեղծում»:
Մի խոսքով, սեփականության օտարման գործընթացում հարցականներն ու լուծման կարոտ խնդիրները շատ են: Մնում է, որ Սերժ Սարգսյանը դրանց անդրադառնալու ցանկություն իսկապես ունենա նաեւ ընտրությունից հետո:
Հ. Գ. Երեկ «Ուրբաթ» ակումբում Խաչատուր Սուքիասյանը բացահայտեց, որ «Նորդ Այլենդ»-ում բաժնետեր է նաեւ Խոսրով Հարությունյանը եւ մեծ եկամուտ է ստացել հողամասերի առքուվաճառքից: Վերջինս չհերքեց: