Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվաստանյութերից չեն մահանա»

Ապրիլ 17,2007 00:00

Վստահեցնում են բժիշկները

«Առավոտի» խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել մայրերից, որ իրենց երեխաների առողջական վիճակը պատվաստվելուց հետո կտրուկ վատթարացել է: Անգամ եղել է դեպք, որ Բյուրեղավանի պոլիկլինիկայում կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) հիվանդությունների դեմ պատվաստում ստանալուց վեց օր անց մեկ տարեկան երեխան մահացել է («Առավոտ», 23.06.2006): Սակայն բժիշկները պնդում են, որ պատվաստանյութերը միանգամայն անվտանգ են եւ եթե օգուտ չտան՝ վնաս հաստատ չեն տա:

Օրերս Ծաղկաձորում առողջապահության նախարարության կազմակերպած պատվաստանյութերի թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ բժիշկները բացառեցին, որ պատվաստանյութից կարող է մարդ մահանա: Ինչպես նշեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի բժիշկ Ալմաստ Հարոյանը՝ «Եթե պատվաստումից անմիջապես հետո մահվան դեպք էլ լինում է, ապա դա զուգադիպություն է, ուրեմն երեխան տառապել է այլ հիվանդությամբ եւ մահացել այդ հիվանդությունից, այսինքն՝ եթե նա չպատվաստվեր էլ, մեկ է՝ մահանալու էր»: Մինչդեռ կոնկրետ Աստղիկի դեպքում ոչ միայն մայրը, հարազատները, այլեւ նրան զննող մանկաբույժը պնդում են, որ Աստղիկը միանգամայն առողջ է եղել եւ բժիշկը մինչ պատվաստման տանելը երեխային ստուգել է ու հավաստիացրել, որ նա առողջ է եւ կարող է սրսկվել: Սակայն պատվաստանյութի ներարկումից հետո երեխան կոմայի մեջ է ընկել ու մահացել:

Հայաստանում իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքերով. «Պատվաստանյութն ընդունելու համար որեւէ լուրջ հակացուցում չկա, ասենք՝ երեխան ջերմություն, մրսածություն ունի, կոկորդն է ցավում կամ որեւէ այլ հիվանդությունով է տառապում, բոլոր դեպքերում էլ պատվաստելն անհրաժեշտ է եւ անվտանգ, միակ բանը, որը կարող է կանխարգելել ներարկումը, դա այն է, երբ նախորդ պատվաստումից երեխան ռեակցիայի մեջ է ընկել»: Հնարավոր է, որ պատվաստանյութը մինչեւ Հայաստան ներկրվելը արդեն ժամկետանց լինի եւ օգտագործման համար վտանգավոր: «Առավոտի» այս դիտարկմանը բժիշկները վստահեցրին, որ այն մինչեւ մարդու օրգանիզմ հասնելը՝ մի շարք օղակներում ստուգվում է. «Նախ այն երկրում են ստուգվում, որտեղից արտահանվում են այլ երկրներ, հետո օդանավակայանում, եւ երբ պարզվում է, որ ճիշտ ջերմաստիճանը պահպանված չէ, տեղում ակտավորվում են եւ այլեւս դառնում անպիտան: Իսկ թե որքանո՞վ է պահպանված ճիշտ ջերմաստիճանը, այդ մասին հուշում են հենց վակցինաների վրա տեղակայված ինդիկատորները: Պատվաստանյութերը, եթե ժամկետանց են կամ թեկուզ 5-6 ժամ սխալ ջերմաստիճանում են պահվում, անմիջապես գունափոխվում են, եւ ըստ այդմ որոշվում է դեղորայքի պիտանելիությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել