Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անպայման կստեղծենք շտաբ»

Ապրիլ 17,2007 00:00

Վստահեցնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն օրերս ասուլիսում անդրադառնալով ընտրության վերահսկման միասնական շտաբ ստեղծելու առաջարկին՝ թերահավատություն արտահայտեց նման մարմինների գործունեության կապակցությամբ: Մասնավորապես ասաց, որ եթե կա վերահսկելու ցանկություն, ապա պարտադիր չէ ստեղծել հատուկ մարմին: Ավելի վաղ այս առաջարկը հրապարակավ մերժել էր նաեւ «Հանրապետությունը»:

Մինչդեռ «Ազգային միաբանությունը» մտադիր էր կուսակցությունների գրանցվելուց հետո ձեռնամուխ լինել համակարգող շտաբի ստեղծման աշխատանքներին: Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այժմ կհրաժարվե՞ն այդ գաղափարն իրագործելուց, սակայն նա պնդեց. «Մեր որոշումները բացարձակապե՛ս չենք պայմանավորում ցանկացած քաղաքական ուժի դիրքորոշմամբ: 2 օր առաջ ես բավական հանգամանալից զրուցել եմ Պարույր Հայրիկյանի հետ, եւ նա վերահաստատել է իր պատրաստակամությունը գլխավորել այդ շտաբը, համակարգել աշխատանքները: Կան նաեւ այլ կուսակցություններ, որոնք դրականորեն են վերաբերվում այս գաղափարին (խոսքը, մասնավորապես, ՀԴԿ-ի եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մասին է.- Ա. Ի.): Սա արդեն բավական է, որ մենք ինքներս նախաձեռնենք այդ շտաբը եւ տեր կանգնենք մեր իսկ տված խոստմանը: Եվ մեր հանդիպումները վկայում են, որ բնակչությունը լուրջ կարեւորություն է տալիս այս համակարգմանը»:

Նշենք, որ պրն Գեղամյանն արդեն մի քանի օր է՝ բացակայում է Երեւանից, այցելում է մարզեր: Ուստի փորձեցինք պարզել, թե նրա կարծիքով՝ հիմնավո՞ր է ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի հայտարարության հետեւյալ պնդումը. «Պատվիրակությունը մտահոգված է ընտրողների ընտրական գործընթացի վերաբերյալ հետաքրքրության բացակայության իր ընդհանուր տպավորությամբ: Ապատիայի եւ նույնիսկ ցինիզմի նման դրսեւորումները չեն նպաստում Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը»: Նշենք, որ պատվիրակության ղեկավար Լեո Պլատվոյետի հետ ապրիլի 13-ի հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, չէր համաձայնել այս գնահատականին, նշելով. «Ճիշտ չէ խոսել հասարակության ապատիայի մասին. տարբեր կուսակցություններ տարբեր գնահատականներ են տալիս՝ ելնելով ոչ թե ճշգրիտ գնահատումներից, այլ իրենց նպատակահարմարությունից»: Իսկ Արտաշես Գեղամյանն ասաց. «Եթե քարոզարշավի առաջին 2 օրերի ընթացքում նման հուսահատ տրամադրություններ կային, որոնք, իհարկե, գերիշխող չէին, ապա Տավուշի մարզում այս օրերին լեփ-լեցուն դահլիճներում անցնող մեր հանդիպումները վկայում են, որ մարդիկ կամաց-կամաց արդեն հավատով ու ոգեւորությամբ են լցվում մասնավորապես ԱՄ-ի նկատմամբ»:

ԵԽԽՎ-ի Հայաստան այցելած պատվիրակների մեկ այլ դիտարկման առնչությամբ, թե չկարողացան հայտնաբերել շեշտված տարբերություններ ընտրապայքարի մասնակիցների քաղաքական ծրագրերում՝ «Ազգային միաբանության» նախագահն ասաց. «Մենք իրենց այդ մտահոգությունը նույնպես կփարատենք՝ մինչեւ շաբաթվա վերջն անգլերեն կհրատարակենք հակաճգնաժամային մեր ծրագիրը, որն էապես տարբերվում է ցանկացա՛ծ կուսակցության ծրագրից: Չէր կարող կրկնություն լինել մեր ծրագիրը, քանի որ այն անդրադառնում է ամենաարդիական հնչեղություն ունեցող հարցերի պատասխաններին, 2006-ի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը եւ այդ իրավիճակից երկիրը դուրս բերելու ճանապարհներին: Այնպես որ, ցավոք, պատվիրակությանը հուշողներն այս առումով անբարեխիղճ են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել