Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է ԵՂԵԼ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ Է»

Ապրիլ 17,2007 00:00

\"\"Տավուշցիներին վստահեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանը

ՀՀ վարչապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզչությունը սկսեց սահմանամերձ Բերդ քաղաքից: Բերդի հրապարակը մարդաշատ էր՝ ակնհայտորեն մարզպետ Արմեն Ղուլարյանը, քաղաքապետը եւ մյուս պետական չինովնիկները օրուգիշեր չէին քնել, որ վարչապետի այցը անցնի ամենաբարձր մակարդակով: Նույնն էր նաեւ Իջեւան, Դիլիջան քաղաքներում եւ ճանապարհի բոլոր գյուղերում: Մարզի բոլոր ճանապարհներին, յուրաքանչյուր պատի վրա, ծառից ծառ, բոլոր հնարավոր եւ անհնարին տեղերում փակցված էր ՀՀԿ կարգախոսը. «Քեզ համար, Հայաստան»: Երբեմն հանդիպում էին նաեւ այլ կուսակցությունների պաստառներ, բայց անզեն աչքով էլ երեւում էր, որ Հանրապետականը այստեղ թեւերը լայն է բացել:

Կողքիս կանգնած մի շամշադինցի, լսելով Սերժ Սարգսյանի ելույթը եւ հարցերին պատասխանելու նրա ձեւը տեսնելով, իր համերկրացիներից մեկին դիմելով՝ ասաց. «Սերժ Սարգսյա՜ն, Սերժ Սարգսյա՜ն, կարգին էլ մարդ ա, մեր բարբառն էլ լավ ա հասկանում»: Նորաթուխ վարչապետի մեկ այլ առանձնահատկություն եւս ակնհայտ էր՝ ամբողջ այցի ընթացքում նրան ուղեկցում էր տվյալ համայնքի հոգեւոր հայրը: Բերդից մինչեւ Իջեւան եւ այնուհետեւ Իջեւանից մինչեւ Դիլիջան՝ բոլոր գյուղերում գյուղացիները սեղաններ էին գցել եւ հյուրասիրում էին հյուրերին: Ի տարբերություն որոշ պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների, ովքեր, սովորաբար, այդ սեղաններից միայն խորհրդանշական ձեւով են օգտվում, ավելի ճիշտ՝ չեն օգտվում, Սերժ Սարգսյանը առանց բացառության բոլոր սեղաններից օգտվեց, տնավարի լավաշով բրդուճ էր սարքում, ուտում էր մինչեւ վերջ եւ տնական օղիով խմում էր տանտերերի կենացը: Մյուս, իմ կարծիքով, ամենից կարեւոր առանձնահատկությունն այն էր, որ Սերժ Սարգսյանին այս այցի ընթացքում չէր ուղեկցում հանրապետական ոչ մի չինովնիկ, քաղաքական գործիչ կամ գործարար:

Նրան ուղեկցում էին միայն այս ընտրատարածքներում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը, Միքայել Վարդանյանը, նաեւ այս ընտրատարածքի պատգամավոր Արծրունի Ղալումյանը:

Իր բոլոր ելույթներում վարչապետը խոսում էր հավատի, հույսի եւ վստահության մասին: Սերժ Սարգսյանն ասաց, որ, իր կարծիքով, յուրաքանչյուր պետական պաշտոնյա իր գործունեությունը պետք է սկսի սահմանամերձ շրջաններից. «Որովհետեւ եթե պետական պաշտոնյան չկարողանա տեսնել մեր սահմանամերձ տարածքների բնակչության խնդիրները, իսկ որ ամենից կարեւորն է՝ նրանց տրամադրությունը, չի կարող նորմալ գործունեություն ծավալել: Ես չափազանց ուրախ եմ, որ այդպիսի առիթ եմ ունեցել դեռ 2003-ին, եւ եթե հիմա համեմատում եմ ձեր ե՛ւ արտաքին տեսքը, ե՛ւ տրամադրությունը 2003-ի հետ, սիրտս ուրախությամբ է լցվում: Իհարկե, կցանկանայի, որ կանայք շատ ավելի գեղեցիկ լինեին, եւ այդպես էլ լինելու է հաջորդ տարիների ընթացքում, կցանկանայի, որ տղամարդիկ իրենց ավելի վստահ զգային: Վստահ եմ, այդպես էլ լինելու է: Բայց միանգամից ոչինչ չի ստեղծվում: Ուզում եք՝ իմ այսօրվա հանդիպումը համարեք նախընտրական քարոզչություն, ուզում եք՝ համարեք հանրապետության վարչապետի հանդիպումը տավուշցիների հետ: Իմ ամենից կարեւոր նպատակն է իմանալ, թե ինչ հարցեր են ձեզ հուզում»:

Սերժ Սարգսյանը Ազատամուտում հայտարարեց. «Ես չունեմ կախարդական գավազան, որպեսզի վերցնեմ, գետնին խփեմ, եւ միանգամից մեր բոլոր խնդիրները լուծվեն: Ես ձեր աչքի առջեւ երկար տարիներ աշխատել եմ տարբեր բնագավառներում, եւ արդյունքները դուք տեսել եք: Այդ հաջողություններին մենք հասել ենք թիմային եղանակով, հասել ենք միայն այն պատճառով, որ ունեցել ենք բազմաթիվ համախոհներ, ունեցել ենք աշխատանքային ընկերներ, գաղափարակիցներ, որոնք միասին մշակելով մեր ընդհանուր ծրագրերը՝ պարտաճանաչ կատարել են իրենց պարտականությունը: Եթե դուք կրկին աջակցեք մեր կառավարությանը, վստահեցնում եմ, որ մեր հաջողությունը ապահովված է: Ունենալու ենք հաջողություն, եւ մի քանի տարի հետո բոլորն էլ հպարտությամբ խոսելու են մեր կառավարության մասին, մեր տնտեսական քաղաքականության մասին, այնպես, ինչպես հիմա հպարտությամբ խոսում են մեր բանակի մասին: Ես կարիք ունեմ ձեր աջակցությանը, ես կարիք ունեմ ձեր նախաձեռնությանը, ես կարիք ունեմ ձեր խորհուրդներին»:

Ուսուցիչներից սկսած՝ մինչեւ մարզպետ, քաղաքապետեր եւ գյուղապետեր, իրենց ելույթներում չէին անցնում քծնանքի եւ շողոքորթության ընդունված նորմերը: Միայն մեկ դեպքում դա գերազանցվեց. Իջեւանի քոլեջի տնօրենը իր ելույթում ասաց, որ վարչապետը ունի կախարդական գավազան եւ այդ «գավազանին» վերագրեց մեր բանակի կայացումը, ուսուցիչների բարձրացող աշխատավարձերը եւ հայ շախմատիստների հաջողությունները:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեց. «Ես վստահ եմ, որ մեր մարզը լինելով հիմնականում «հանրապետական» մարզ, քանի որ 62 համայնքներից 52-ը հանրապետական գյուղապետեր են, մեր դպրոցները, մեր ժողովուրդը վստահելով մեր կուսակցությանը, բավականին մեծ թվով անդամակցել են մեր կուսակցությանը, մենք ձեր ձայները պետք է ունենանք եւ ունենանք ձեր վստահության քվեն»:

Հ. Գ. Սերժ Սարգսյանին ուղղված տավուշցիների դիմումների, խնդրանքների եւ տավուշցիների սոցիալական վիճակի մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել