Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱԿԱՏՈՎ

Ապրիլ 17,2007 00:00

Քաղաքական երեք ուժեր դժգոհ են Հ1-ից

Եթե մինչեւ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկը հայաստանյան ընդդիմությունը բողոքում էր հեռուստաընկերությունների, այդ թվում՝ «հանրայինի» եթերով քաղաքական գովազդի համար սահմանված վճարների թանկությունից, ապա հիմա բողոքում է նաեւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին ընդունած թիվ 84Ա որոշման դրույթներից մեկի առնչությամբ: Հիշեցնենք, որ ԿԸՀ հիշյալ որոշմամբ հաստատվել էր համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամի տրամադրման կարգը: Ըստ այդմ, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ էր տրամադրվել ժամը 17:15-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Օրերս «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գրավոր դիմել է ՀՀ հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ա. Արզումանյանին՝ արձանագրելով, որ «ապրիլի 10-ից ցայսօր արված վերլուծությունները ցույց են տալիս, որ բոլոր կուսակցությունների գովազդի գումարային եթերաժամանակը զգալիորեն քիչ է սահմանված ժամանակահատվածից: Հետեւաբար, հնարավորություն կա գովազդային եթերաժամի սկիզբը ընտրել աշխատանքային օրվա ավարտից (ժամը 18:00) հետո, որը բխում է ընտրողի՝ գործատուի եւ աշխատողի շահերից: Առավել եւս, նշված կարգի 4-րդ կետով Հ1-ին այդ հնարավորությունը ընձեռվում է»: Հիշեցնենք, որ վկայակոչված կարգի 4-րդ կետում նշված է՝ «տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ Հանրային հեռուստատեսության կամ Հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե»:

Համանման մի գրավոր դիմումով էլ ՆԺԿ նախագահը դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին, տեղեկացնելով, որ «Հ1-ը այս դրույթը (խոսքը ԿԸՀ որոշման 2-րդ կետի մասին է- Ն. Մ.) ընկալել է տառացիորեն եւ գովազդային շարքը սկսում է բացառապես ժամը 17:15-ին: Հ1-ի այս մոտեցումը մեծ դժգոհություն է առաջացրել ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների եւ բազմաթիվ կուսակցությունների մոտ: Մինչդեռ Հ1-ը հնարավորություն ունի հեռարձակման ժամանակահատվածը տեղափոխել ավելի ուշ՝ հաշվի առնելով հիշյալ որոշման 5-րդ կետում սահմանված եթերաժամի առավելագույն չափը եւ թեկնածու կուսակցությունների հայտերի չափը»: Ըստ այդմ, ՆԺԿ-ն առաջարկել է օգտվել որոշման ընձեռած հնարավորությունից եւ «մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 19:30-ը, ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 19:00-ն, մայիսի 7-ին եւ մայիսի 8-ին գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 18:30-ը եւ մայիսի 9-ին ու մայիսի 10-ին գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 18:00-ն»:

Դեռ ապրիլի 13-ին «Իմպիչմենթ» դաշինքի հանրահավաքի ժամանակ վերջինիս նախաձեռնողները հայտարարեցին, թե դաշինքը միանում է ՆԺԿ-ի այս առաջարկին: Երեկ ԿԸՀ-ում «Իմպիչմենթի» լիազոր ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ասաց, որ այսօր համանման գրավոր առաջարկով իրենք էլ կդիմեն Գ. Ազարյանին: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ եւ մամուլի խոսնակ Սուրեն Սուրենյանցը եւս հավաստիացրեց, որ իրենք էլ են միանում գործընկեր կուսակցությունների նախաձեռնությանն ու մտադիր են դիմել ԿԸՀ-ին: Իհարկե, Ս. Սուրենյանցի ասելով, իրենք մեծ հույսեր չեն փայփայում, թե ԿԸՀ-ն կընդառաջի քաղաքական այս երեք ուժերի առաջարկին՝ միաժամանակ հավելելով, որ Հ1-ը այսպես թե այնպես ԿԸՀ սահմանված համապատասխան կարգին այնքան էլ սրբությամբ չի հետեւում: Ս. Սուրենյանցի արձանագրմամբ, «հանրայինով» քաղաքական գովազդները, որպես կանոն, սահմանված 17:15-ից 5-6 րոպե ուշացումով են եթեր հեռարձակվում:

Ընդդիմությունը միաժամանակ հետեւում է ընտրացուցակները կազմող եւ ճշգրտող լիազոր մարմնի՝ ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության կողմից տարվող աշխատանքներին եւ դրանք գնահատում է անբավարար: Օրինակ, թիվ 9 ընտրատարածքի 23 ընտրական տեղամասի ընտրացուցակում ընդգրկված Այաս փողոցում թիվ 20 տուն թեեւ գոյություն չունի, բայց այդպիսի հասցե ընտրացուցակում կա, եւ այնտեղ գրանցված է ընտրող՝ Կարապետյան Արթուր Ազատի՝ 1969թ.: Նույն փողոցում չկա նաեւ թիվ 24 տուն, թեեւ ընտրացուցակում այդ հասցեի տակ գրանցված է ընդամենը մեկ ընտրող՝ Խաչատրյան Արսեն Երջանիկի: Ըստ թաղամասի բնակիչների, 1973թ. ծնված այս երիտասարդը իրականում Այասի 27 հասցեում է բնակվում: Իսկ սույն հասցեում գրանցված եւ ընտրացուցակում ընդգրկված Խաչատրյան Արթուրն ու Խաչատրյան Հովհաննեսը Հայաստանում չեն: Նույն փողոցի գոյություն չունեցող թիվ 58 հասցեում եւս մեկ ընտրող է գրանցված՝ Սուքիասյան Արթուր Սերգեյի: Վաղուց արդեն Հայաստանում չեն Այասի թիվ 23 հասցեում գրանցված եւ ընտրացուցակում ներառված Մովսիսյան Կարենն ու Մովսիսյան Վարդանը, նաեւ Այասի 19 հասցեում գրանցված Ամիրաղյան Մարան, Սարգսյան Արմենն ու Սարգսյան Տիգրանը, ովքեր կան ընտրացուցակում: Իսկ ահա Այասի 21 տան հասցեում, ըստ ընտրացուցակի, որպես ընտրողներ գրանցված են ոմն Հարությունյան Անահիտ եւ Մանուկյան Աիդա, ովքեր այդ հասցեում ապրող Թադեւոսյանների հետ ընդհանուր ոչինչ չունեն եւ տանտերերին ընդհանրապես անհայտ մարդիկ են:

Համանման օրինակներ, երբ անհայտ մարդիկ ընտրացուցակում գրանցված են կոնկրետ հասցեում, բայց իրականում որեւէ կապ չունեն դրա հետ՝ կան նաեւ Կոտայքի մարզի Զովունի եւ Եղվարդ բնակավայրերում: Դրա մասին վկայում են ընդդիմության ներկայացուցիչները՝ խոստանալով նմանատիպ կոնկրետ փաստեր տրամադրել ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել