Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 16,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ տասնվեցերորդ

ԳԼԱՎԼԻՏԻՑ ՀԵՏՈ

Մանկավարժականի մեր բանասիրականում, Վահանից բացի, եւս երկու Լենինյան թոշակառուներ կային, եւ մեր էդ Լենինյան թոշակառուները, Վահանն էլ ներառյալ, ո՛չ միայն մեզանից էին շատ տարբեր, այլեւ՝ իրարից, եւ որպեսզի դուք է՛լ դրանում համոզվեք, հիմա պիտի ասեմ, որ մեր ֆակուլտետի հաջորդ Լենինյան թոշակառուն մեզանից մի կուրս բարձր եւ հարյուր տոկոսանոց կույր Առաքելյան Արտակն էր, որը նույնպես ասպիրանտուրա չմնաց եւ դասախոս չդարձավ, բայց, ի տարբերություն Վահանի, ո՛չ միայն աշխատանք, այլեւ չափազանց բարձր պաշտոններ ու չափազանց հարուստ աշխատանքային կենսագրություն ունեցավ, եւ իր պաշտոններից երկուսն եմ հիշում՝ Կույրերի միավորման նախագահ եւ Կույրերի կոմբինատի տնօրեն, իսկ անկախության էս տարիներին Առաքելյան Արտակն «Օրինաց երկրի» ծանրակշիռ անդամներից էր, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի պատգամավոր, եւ հաստատ առավել լուրջ բարձունքների կհասներ, եթե անակնկալ ու չարանենգ ինֆարկտն Արտակին չհեռացներ երկրային էս ամենից:

Մեր հայկական բանասիրականի երրորդ Լենինյան թոշակառուն հարյուր տոկոսանոց քուրդ Չարքյազե Մստոն էր, որի Լենինյան թոշակառու լինելը մշտական ապտակ էր հայ ուսանողներիս երեսներին, եւ չնայած Մստոն, ի տարբերություն Վահանի ու Արտակի, ասպիրանտուրա մնաց եւ դասախոս դարձավ, բայց իր դասախոսությունը երկար չտեւեց, որովհետեւ շուտով թուրքերն Օջալանին բռնեցին, եւ Չարքյազե Մստոն Հայաստանի եւ ողջ աշխարհի առաջադեմ քրդերի պահանջով ու պարտադրանքով սկսեց առաջնորդել ու ղեկավարել «Ազատություն Ափոյին» շարժումը:

Ահա այդ երեքն էին մեր ֆակուլտետի Լենինյան թոշակառուները, եւ եթե հաշվի առնենք, որ Առաքելյան Արտակի հանդեպ ճակատագիրը չափազանց դաժան գտնվեց, եւ եթե նաեւ հաշվի առնենք, որ Չարքյազե Մստոն դեռեւս չի հաջողացրել ազատել Ափոյին, պիտի, ուրեմն, արձանագրենք, որ Դեմիրխանյան Վահանի ճակատագիրն, այնուամենայնիվ, միանգամայն տանելի է, մանավանդ որ, էսօրվա դրությամբ Վահանը հեչ էլ պարապ չէ եւ պարապ չէ հենց էն տարիների գլավլիտային իր փորձառության շնորհիվ, ու Կարապետյան Սերգեյին է՛լ է էդ նույն փորձառությունը փրկում, ու Սերգեյն առ էսօր ամեն առիթով փորձում է Վահանի հանդեպ իր մեղքը քավել, ու չնայած Գլավլիտը վաղուց գոյություն չունի, Սերգեյը շարունակում է աշխատել Գլավլիտի իրավահաջորդ ու Արդարադատության նախարարությանը ենթակա ստրուկտուրայում, որտեղ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ ՍՊԸ-ների ծրագրերն ու կանոնադրություններն են հաստատվում, եւ քանի որ մեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու ՍՊԸ-ների հիմնադիրները գրագիտությամբ առանձնապես չեն փայլում, Սերգեյն ընկերաբար ու միանգամայն վճարովի հիմունքներով Վահանին է խմբագրելու ու սրբագրելու տալիս էդ կիսաֆաբրիկատ ծրագրերն ու կանոնադրությունները, եւ շատ հաճախ Վահանը ո՛չ միայն խմբագրում ու սրբագրում, այլեւ ծայրեծայր ինքն է գրում էդ ծրագրերն ու կանոնադրությունները, ու չնայած մեր կուսակցությունների հիմնադիրները շատ են սիրում իրենց ծրագրերից ու ծրագրային դրույթներից խոսել, բայց հեչ չեն սիրում գրել դրանք, եւ էդ գրելու գործը, փաստորեն, հիմնականում մեր կուրսի միակ գերազանցիկ Վահանի վրա է, եւ Վահանը, որ, փաստորեն, Գլավլիտից ավել դիմացավ ու ապրեց, իրեն վստահվող ու հանձնարարվող էս գործերն ամենայն բարեխղճությամբ է անում եւ, իհարկե, միանգամայն վճարովի հիմունքներով, այսինքն, Վահանը ո՛չ միայն Գլավլիտից երկար ապրեց, այլեւ՝ արդեն աշխատանք ունի եւ էսօրվա օրով աշխատանք ունի առաջին հերթին իր համբերության ու բարեկրթության շնորհիվ, որովհետեւ, երբ էն ժամանակ իր փոխարեն էն բոյով պիժոնին Գլավլիտ աշխատանքի ընդունեցին, ինքը ո՛չ Սերգեյից նեղացավ եւ ո՛չ էլ իր նեղացածությունը Մարտիրոսյանին ցույց տվեց, այլ, ընդհակառակը, բարեխղճորեն ու միանգամայն անվճար շարունակում էր Գլավլիտ գալ, եւ ինքն իր անվճար Գլավլիտում ավելի շատ էր լինում, քան մենք՝ մեր վճարովի «Ծիծեռնակում», եւ դրա հիմնական պատճառն այն էր, որ Գլավլիտում իրեն հարազատի պես էին ընդունում՝ ներառյալ Գլավլիտի ջահել ու մեկը մեկից սիրուն աղջկերքը, որովհետեւ Վահանն իրենց համար հարազատ լինելուց բացի՝ չափազանց օրինավոր ու օրինակելի փեսացու էր, եւ, ըստ ամենայնի, ինքը Վահանն է՛լ Գլավլիտի էդ աղջկերքից մի քանիսի հանդեպ անտարբեր չէր, այսինքն, նաեւ իր էդ անտարբեր չլինելն էր պատճառ, որ Վահանն անվճար ու գրեթե ամեն օր Գլավլիտ էր գալիս, բայց, այդուհանդերձ, Վահանը, Գլավլիտի էդ լիուբոլ աղջկերքի առկայությամբ, ստիպված էր հետաձգել իր ամուսնության հարցը, քանի որ՝ աշխատանքի հարցը կար ու շարունակում էր լինել, եւ աշխատանքի հարցից բացի՝ նաեւ ամուսնալուծված քրոջ խնդիրը կար, այսինքն՝ Վահանենց Կոմիտասի բնակարանը շուտափույթ պիտի երկու մասի բաժանվեր, եւ չնայած էդ շուտափույթը շուրջ տասը տարի ձգվեց, բայց էդ ընթացքում է՛լ աշխատանքի հարցը չլուծվեց, եւ Վահանն իր ամուրի ու գործազուրկ վիճակով իննսունականների սկզբին մի հասարակարգից տեղափոխվեց միանգամայն այլ հասարակարգ, եւ չնայած ինքը նախորդ հասարակարգի չուզողներից չէր, բայց Շարժման տարիներին ու հատկապես Շարժման հաղթանակից հետո հոգու խորքում լավ էլ ուրախ էր, որ իրենից ընդամենը մի հաստիք խնայած հասարակարգը փուլ է գալիս, եւ չնայած էս նոր ժամանակներն առանձնապես Վահանի սրտով չէին, բայց նոր ժամանակներում իր տրամադրությունն ահագին բարելավվեց, եւ իր դեմքի ժպիտն ու իր սպեցիֆիկ հումորը որոշ չափով վերականգնվել էին, որովհետեւ, չնայած կյանքում էլի իր տեղը չէր գտնում, բայց կյանքում իրենց տեղերը կորցրածներն արդեն հազարավոր էին, ու դրանց մեջ էին նաեւ մեր համակուրսեցիներից շատերը, եւ Վահանն արդեն մեզ համար խոսակցության առանձին ու առանձնահատուկ թեմա չէր, ու մեր համակուրսեցիներն արդեն Վահանին հիշելու ու անդրադառնալու հավես ու տրամադրություն չունեին, եւ Վահանը մեր աչքից ու մեր ուշադրությունից ազատված ու ազատագրված՝ իր կանոնավոր կերպարը պահեց, պահպանեց ու տեղափոխեց նոր հազարամյակ, եւ երբ նոր հազարամյակում պետությունն սկսեց ՍՊԸ-ի կերպով վերագրանցել բոլոր թերթերն ու լրատվամիջոցները, Սերգեյի ու հատկապես Վահանի համար հաճելիորեն պարզ դարձավ, որ նույնիսկ մեր լրատվամիջոցների խմբագիրներն ու հիմնադիրներն են ալարում կանոնադրություն գրել, ավելի ճիշտ՝ թերթերի ու լրատվամիջոցների ղեկավարների մեծ մասն ընդհանրապես գաղափար չունեին էդ կանոնադրություն կոչվածից, եւ էդ ամենի պատասխանատվությունն ամբողջովին Կարապետյան Սերգեյի վրա էր, ու էս հանգամանքը չտեսնված առիթ էր, որպեսզի Սերգեյը Վահանի առումով քավեր իր գործած, ավելի ճիշտ՝ իր չգործած մեղքերը եւ միաժամանակ Վահանի կանոնավոր ու կանոնակարգված գիտելիքներն ու ընդունակություններն ի նպաստ ծառայեցներ մեր նորանկախ պետության կայացման գործին, եւ երբ շուտով պարզ դարձավ, որ վերագրանցման պարտադրանքը վերաբերում է նաեւ բոլոր կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին, Դեմիրխանյան Վահանի գործը, կարելի է ասել, վերջնականապես կպավ:

Երկու հազար երեք թվականի մարտի քսանութի առավոտյան Ալավերդյանի ու Գնունու հատման կետում՝ պուլպուլակի ու թերթի կրպակի մոտ Դեմիրխանյան Վահանն ինձ ժպտաց ու ասաց՝ «ոսկե մեդալդ բարով վայելես, ախպեր», եւ չնայած էդ պահին ահագին նեղսրտած էի ու մտովի արդեն կռիվ էի տալիս Ռոլանդի հետ, այդուհանդերձ, միաժամանակ ու հընթացս նաեւ հասկանում էի, որ ինձ հետ տեղի ունեցողը հեչ բան է մեր կուրսի միակ գերազանցիկ Դեմիրխանյան Վահանի հանդեպ ճակատագրի չկամության համեմատ, ու էդ բանը մտածելով՝ Վահանին հարցրի՝ «բա առանց աշխատանքի ո՞նց ես յոլա էթում», եւ Վահանն ասաց՝ «Սերոժն ա պաձերժկա անում», եւ ես հարցրի՝ «ո՞ր Սերոժը՝ Գլավլիտի՞», եւ ինքն ասաց՝ «հա. իրանց պատվերով կազմակերպությունների կանոնադրություններ եմ գրում», եւ երբ հարցրի՝ «էլի ձրի՞», Վահանը ծիծաղեց ու ասաց՝ «չէ. արդեն վճարվում եմ», եւ երբ իրեն հարցրի՝ «բա առավոտ շուտ ե՞րբ ես հասցրել էդ «Հայաստանի Հանրապետությունը» կարդալ», Վահանը ժպտաց ու ասաց՝ «բոլոր թերթերն էլ կարդացել եմ, բայց մենակ էդ թերթն էր ոսկե մեդալիդ անդրադարձել», եւ ես հարցրի՝ «բա էդ թերթերը ե՞րբ ես հասցրել կարդալ», եւ ինքն ասաց՝ «էս կիոսկի աշխատողին օրական հիսուն դրամ եմ տալիս, նստում եմ մոտը, բոլոր թերթերը կարդում եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «լա՜վ գործ ես կպցրել», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ուրիշ կերպ հնարավոր չի» եւ ավելացրեց՝ «հա. «Հայկական ժամանակն» էլ հիսուն ամյակդ շնորհավորել ու քառյակներդ էր տպել. Քոչարյանի ու Գեղամյանի մասին քառյակդ շատ լավն էր», ու ես էդ պահին միայն հիշեցի, որ Նիկոլին քառյակներ էի տվել, որ հենց ծնունդիս օրը տպի, եւ Վահանին հրաժեշտ տալով՝ մոտեցա կրպակին ու «Հայկական ժամանակ» առա եւ երբ իմ լուսանկարով էջը բաց արի, առաջինը Վահանի հավանած քառյակն աչքովս ընկավ. «Գեղամյանին կընտրեի./ մեռնեմ իրա մենձ սրտին,/ բայց հինգ հազար մանեթով/ ձենըս տըվի Ռոբերտին»:

Ալավերդյանով բարձրանալով եւ մյուս քառյակներս աչքի անցկացնելով՝ հասա Մշակույթի նախարարություն եւ նախարարության դռների մոտ թերթը գրպանս խցկելով՝ աստիճաններով վճռական բարձրացա եւ մտա Ռոլանդի ընդունարան, ու ընդունարանում էլի լիքը սպասողներ կային, եւ երբ մոտեցա քարտուղարուհուն ու ասացի, որ ուզում եմ նախարարի մոտ մտնել, ինքն ինձ ժպտաց եւ ժպտալով հարցրեց՝ «իսկ նախարարը գիտի՞», եւ ես նույնպես ժպտալով ասացի՝ «էն դեպքից հետո հո գիժ չե՞մ, որ առանց պայմանավորվելու գամ» եւ երբ ժպտալով ավելացրի՝ «շատ ուրախ եմ, որ ձեզ գործից չի ազատել», ինքն ասաց՝ «որ խելքը գլխին մարդ ճարեին՝ կազատեին», եւ ես ասացի՝ «ուրախ եմ», եւ ինքն ասաց՝ «էսօրվա թերթի մեջ ձեր նկարն էին տպել», եւ ես ասացի՝ «ուրախ եմ, որ ինձ չեք մոռացել», եւ ինքն ասաց՝ «ես է՛լ եմ ուրախ, որ ինձ հիշում եք», եւ ես ասացի՝ «անցած անգամվա համար կներեք», եւ ինքն ընդունարանում հավաքվածներին մատնացույց անելով՝ ժպտաց ինձ ու ասաց՝ «դուք էլ ի՛մ վիճակի մեջ փորձեք մտնել», եւ ես ժպտացի ու ասացի՝ «կփորձեմ», ու վերստին ինձ ժպտալով՝ մտավ Ռոլանդի կաբինետ ու ընդամենը մի քանի վայրկյան անց ժպտալով դուրս եկավ եւ ցածրաձայն ու շատ մեղմ ասաց՝ «էլի՞ խաբեցիք», եւ երբ ժպտալով ասացի՝ «կներեք. կյա՛նքն ա ստիպում», ինքը վերստին ինձ ժպտաց ու ասաց. «Կարող եք մտնել. նախարարը ձեզ է սպասում»:

Երբ ներս մտա, Ռոլանդն արդեն տեղից վեր էր կացել, եւ երբ գրկախառնվեցինք պրծանք, ինքն ասաց՝ «ծնունդդ ու ոսկե մեդալդ շնորհավոր, ախպե՛ր», ու ես ասացի՝ «մերսի», եւ երբ նստեցինք, իրեն երկար ու բարակ սկսեցի բացատրել, որ իրենց էդ ոսկե մեդալի կարիքը չունեմ եւ երբ ասելիքս պրծա, ինքն ապշահար ինձ նայեց ու ասաց՝ «հո չե՞ս գժվել, արա՛. էդ մեդալից մենակ Ջիգարխանյանին ու Էգոյանին ենք տվել» ու մի քիչ դադար տալով ավելացրեց՝ «հա. մեկ էլ՝ Միլիտոնյան Էդոյին», ու էդ ասելով՝ Ռոլանդը հեռախոսի մոտի կոճակներից մեկը սեղմեց, եւ երբ քարտուղարուհին ներս մտավ, Ռոլանդը քարտուղարուհուն սուրճ պատվիրեց ու հարցրեց՝ «Շեկոյան Արմենին հիշո՞ւմ ես», եւ քարտուղարուհին ասաց՝ «իհա՛րկե հիշում եմ», եւ Ռոլանդը քարտուղարուհուն հարցրեց՝ «հո իրարից չե՞ք նեղացել», եւ քարտուղարուհին պատասխանեց ու ասաց՝ «ես որ՝ չեմ նեղացել», եւ ես Ռոլանդի հարցին պատասխանելով ասացի՝ «էս մինիստրությունում մենակ ի՛նքն ա ինձ մարդավարի ընդունում», եւ երբ քարտուղարուհին ժպտալով գնաց, մենք տեղափոխվեցինք խորքի սենյակ, եւ Ռոլանդը սառնարանից սառույց հանեց, հետո վիսկին ու բաժակները բերեց եւ սառույցն ու վիսկին բաժակների մեջ լցնելով՝ իր բաժակը բաժակիս խփեց ու ասաց.

– Հիսուն ամյակդ շնորհավոր, ախպե՛ր:

– Մերսի,- ասացի ես՝ բաժակիցս կում անելով:

– Ասում ես՝ էս մինիստրությունում քեզ ով ա նեղացրե՞լ:

– Դո՛ւ:

– Ո՞նց եմ նեղացրել,- զարմացավ Ռոլանդը.- կարող ա՞ մի բան ես խնդրել՝ չեմ արել:

– Հիմի եմ խնդրելու,- ասացի ես:

– Էսօր քո օրն ա. ինչ էլ ասես՝ կանեմ:

– Խոսք ե՞ս տալի:

– Մենակ թե՝ իմ հնարավորությունների գյորա բան պիտի ասես:

– Էդքանը հասկանում եմ:

– Դե ասա:

– Էդ մեդալից ինձ պիտի ազատես:

– Էդ մեդալն արդեն քոնն ա. արդեն ստորագրել եմ:

– Ի՞նչն ես ստորագրել:

– Էդ մեդալիդ հրամանագիրը: Ընենց որ՝ մի քիչ ուշացել ես:

– Ինչի՞ց եմ ուշացել:

– Էրեկ էս վախտ որ ասեիր, կարող ա հնարավոր ըլներ, բայց արդեն բանը բանից անցել ա:

– Ո՞նց ա բանը բանից անցել:

– Ուզում եմ ասեմ, որ ուզենամ էլ, էլ էդ մեդալը չեմ կարա քեզնից հետ խլեմ:

– Նախ պիտի էդ մեդալը վերցնեմ, որ հետ խլես:

– Որ էդ մեդալը տենաս՝ ըտենց չես խոսա. հիմի որ էդ մեդալը ցույց տամ՝ կարող ա ձեռիցս խլես,- ասաց Ռոլանդը, հետո տեղից վեր կացավ, սենյակից դուրս գնաց ու քիչ անց վերադարձավ՝ կլոր ու փայլփլուն մեդալը ձեռքին:

– Էս ա՞,- մեդալին արհամարհանքով նայելով՝ հարցրի ես:

– Հա,- ասաց Ռոլանդը.- վատն ա՞:

– Տուր տենամ,- ասացի ես:

– Չեմ կարա, Արմո՛ ջան,- ասաց Ռոլանդը:

– Ի՞նչ չես կարա:

– Հիմի չեմ կարա էս մեդալը քեզ տամ. հանդիսավոր պայմաններում պիտի հանձնեմ:

– Ի՞նչ հանդիսավոր պայմաններ,- զարմացա ես:

– Էդ հանձնման արարողությունը տելեվիզորով է՛լ են նկարելու:

– Տուր տենամ,- գոռացի ես՝ մեդալը Ռոլանդի ձեռքից խլելով:

– Այ ըտե՛նց կխլես,- ծիծաղեց Ռոլանդը:

– Էս ոսկի ա, հա՞,- մեդալը շոշափելով՝ հարցրի ես:

– Անունն ա ոսկի, ա՛յ խելոք,- ծիծաղեց Ռոլանդը.- իսկական ոսկի որ ըլներ՝ քեզ դժվար թե հասներ:

– Պարզ ա,- ասացի ես:

– Ոսկեջրած ա, բայց ոսկուց սիրուն ա,- ասաց Ռոլանդը:- Չհավանեցի՞ր:

– Էդ հանդիսավոր արարողությունը հանկարծ չկազմակերպես,- ասացի ես:

– Ինչի՞:

– Որովհետեւ չեմ գա:

– Փաստորեն, որոշել ես ինձ խայտառակ անես,- խեղճացավ Ռոլանդը:

– Ինչքան հասկանում եմ՝ դո՛ւ ես որոշել ինձ խայտառակ անես:

– Էս մեդալը գրական վաստակիդ համար ենք քեզ տալի,- ասաց Ռոլանդը.- հրամանագրի մեջ հենց ըտենց էլ գրած ա:

– Գիտեմ,- ասացի ես.- «Հայաստանի Հանրապետությունն» արդեն տպել ա:

– Որ ասում եմ ուշ ա՝ չես հավատում:

– Հեչ էլ ուշ չի,- ասացի ես.- մյուս թերթերին խնդրել եմ, որ չտպագրեն:

– Էս մարդը փորձանք ա,- հոգոց հանեց Ռոլանդը:

– Զոհվածներին ու հերոսներին են մեդալ տալիս,- ասացի ես:

– Դու էլ գրականությա՛ն մեջ ես հերոս,- ծիծաղեց Ռոլանդը:

– Լավ ա չասիր՝ զոհված,- ասացի ես:

– Ընենց որ՝ լրիվ արժանի ես,- ասաց Ռոլանդը:

– Վերջ. էդ մեդալի թեման փակում ենք,- ասացի ես, եւ էդ պահին քարտուղարուհին սուրճերով ներս մտավ:

– Շնորհակալություն,- քարտուղարուհուն ժպտացի ես:

– Անուշ լինի,- ժպտաց քարտուղարուհին ու գնաց, եւ էդ պահին Ռոլանդի հանգստի սենյակ մտավ իր փեսա Մանասյան Գագիկը, որը նաեւ էդ նախարարության աշխատակազմի ղեկավարն էր:

– Ծնունդդ շնորհավոր,- ինձ ասաց Գագոն ու ժպտալով ավելացրեց.- ոսկե մեդալդ է՛լ եմ շնորհավորում:

– Ի՞նչ շնորհավորել,- ասաց Ռոլանդը.- էրկու ոտը դրել ա մի կոշիկի մեջ ու էդ մեդալից հրաժարվում ա:

– Ես ասում էի, չէ՞,- ասաց Գագոն:

– Ի՞նչ էիր ասում,- հարցրեց Ռոլանդը:

– Ասում էի՝ նախօրոք Արմենին տեղյակ պահենք,- ասաց Գագոն:

– Ես ուզում էի իրան սյուրպրիզ անեմ,- ասաց Ռոլանդը:

– Բա խի՞ ես հրաժարվում,- ինձ հարցրեց Գագոն:

– Ասում ա՝ իսկական ոսկի չի,- ծիծաղեց Ռոլանդը:

– Ես սկզբում հրաժարվեցի, հետո նոր իմացա, որ իսկական չի,- արդարացա ես:

– Ի՞նչ խորհուրդ ես տալիս,- Գագոյին նայեց Ռոլանդը:

– Չգիտեմ,- ասաց Գագոն.- հազար տարվա ընկեր եք. դո՛ւք որոշեք:

– Որ ինձ ոսկե մեդալ տաք, Ռոլանդին գործից կհանեն,- Գագոյին ասացի ես:

– Ինչի՞,- զարմացավ Գագոն:

– Սրա՛ համար,- ասացի ես՝ գրպանիցս հանելով թերթն ու տալով Գագոյին:

– Էս ի՞նչ ա,- հարցրեց Գագոն:

– Էս քառյակը կարդա,- ոտանավորներիս էջը բացելով՝ մատս դրեցի Վահանի հավանած քառյակի վրա:

– Գեղամյանի՛ն կընտրեի. մեռնեմ իրա մենձ սրտին, բայց հինգ հազար մանեթով ձենըս տըվի Ռոբերտին,- բարձրաձայն կարդաց Գագոն, ծիծաղեց, հետո ավելացրեց.- հա. սրա համար արժի Ռոլանդին գործից հանել:

– Ի տարբերություն ձեզ, նախագահը հումորի զգացում ունի,- ասաց Ռոլանդը:

– Նախագահն է՛լ քեզ ըլնի, էդ ոսկե մեդալն է՛լ,- ասացի ես:

– Պետականության զգացողություն չունես,- ասաց Ռոլանդը.- որ պետականության զգացողություն ունենայիր, մեդալից չէիր հրաժարվի:

– Բա էդ քառյակից չես վախենո՞ւմ,- հարցրի ես:

– Էդ քառյակդ քեզանից շուտ եմ կարդացել,- ասաց Ռոլանդը.- հենց էդ թերթը բաց արի՝ առաջինն էդ քառյակն աչքովս ընկավ:

– Բա չես վախենո՞ւմ,- նորից հարցրի ես:

– Իմ մասին շատ ես մտածում,- ասաց Ռոլանդը:

– Փոխադարձ ա,- ժպտացի ես:

– Ավելի լավ ա՝ մի քիչ էլ քո՛ մասին մտածես,- ասաց Ռոլանդը:

– Հիմի մտքովս ուրիշ բան անցավ,- ասացի ես:

– Ի՞նչ անցավ,- հարցրեց Ռոլանդը:

– Ասե՞մ,- խորամանկ ժպտացի ես:

– Ասա՛,- ասաց Ռոլանդը.- քո մտքով միշտ էլ հետաքրքիր բաներ են անցնում:

– Մտածում եմ՝ էս քանի օրը քեզ գործից հանելու են, դրա՛ համար ես էս մեդալն ինձ տալի,- ասացի ես:

– Քեզ ո՞վ ասեց, որ ինձ հանելու են,- զարմացավ Ռոլանդը:

– Թերթերն են գրում,- ասացի ես:

– Թերթերը ղալաթ են անում,- ասաց Ռոլանդը.- էրեկ էլ գրել էին, որ ինձ արդեն հանել ու Սիրիայում դեսպան են նշանակել:

– Որ գրում են, ուրեմն՝ մի բան կա,- ասացի ես.- առանց կրակ ծուխ չի ըլնում:

– Լավ, ասենք թե՝ ինձ հանելու են,- ասաց Ռոլանդը.- էս մեդալն իմ հանվելու հետ ի՞նչ կապ ունի:

– Որ էս մեդալիցս հետո քեզ հանեն, մարդիկ պիտի մտածեն, թե՝ էս մեդալիս պատճառով են քեզ գործից հանել,- ասացի ես:

– Ո՞վ պիտի ըտենց բան մտածի,- զարմացավ Ռոլանդը:

– Մեկը՝ ես,- ասացի ես:

– Էս մարդը լրիվ ա գժվել,- ասաց Ռոլանդը:

– Որ գժվել եմ՝ ո՞նց եք մեդալ տալի,- ասացի ես:

– Էդ ո՞ր գրողը գիժ չի,- ծիծաղեց Գագոն:

– Ինձ թվում էր՝ ինքը նորմալ ա,- ասաց Ռոլանդը:

– Իրա գործն ա,- ասաց Գագոն.- որ ինքը չի ուզում՝ հո էդ մեդալը զոռով դոշից չե՞նք կախի:

– Մի հատ լուրջ խորհուրդ տուր,- Գագոյին ասաց Ռոլանդը.- կարգին բան ասա:

– Արդեն ասեցի,- ասաց Գագոն.- հազար տարվա ընկեր եք. ե՞ս պիտի ձեզ բացատրեմ՝ ոնց անեք: Մեղավորը մենք ենք, որ նախօրոք Արմենին տեղյակ չենք պահել:

– Ես ուզում էի սյուրպրիզ անեմ,- խեղճացավ Ռոլանդը:

– Հիմի ինքն ա սյուրպրիզ անում,- ծիծաղեց Գագոն:

– Ես սովոր եմ,- հոգոց հանեց Ռոլանդը.- իմ ընկերները որ ինձ չքաշեն՝ ուրիշը չի քաշի:

– Հինգ տարվա մինիստր ես. մի անգամ քեզ անհանգստացրած կա՞մ,- հարցրի ես:

– Էս անհանգստացնել չես հաշվո՞ւմ,- տրտնջաց Ռոլանդը:

– Էդ մեդալը երեւի դերասաններից մեկնումեկին տանք,- ասաց Գագոն:

– Հրամանագիրն արդեն ստորագրել եմ,- ասաց Ռոլանդը.- «Արմենպրեսն» արդեն հաղորդագրությունը տարածել ա:

– Մենակ «Հայաստանի Հանրապետությունն» ա տպել,- ասացի ես.- մնացածներին զգուշացրել եմ, որ չտպեն:

– Սյուրպրիզիդ հերն անիծել ա,- Ռոլանդին նայելով՝ հռհռաց Գագոն:

– Գոնե իսկական ոսկի ըլներ,- ծիծաղեցի ես:

– Որ իսկական ըլներ, չէիր հրաժարվի, չէ՞,- ժպտաց Ռոլանդը:

– Որ իսկական ըլներ, քաշն էլ կիլոյից ավել ըլներ՝ երեւի մտածեի,- ասացի ես:

– Էղածն ընդամենը չորս գրամ բան ա,- ասաց Գագոն.- ասում էի՝ իսկական ոսկուց ձուլել տանք:

– Էս մարդը կիլոյից ավել ա ուզում,- ծիծաղեց Ռոլանդը:

– Էդ մեդալը երեւի Դրամատիկականի դերասաններից մեկնումեկին տանք,- ասաց Գագոն:

– Ոչ մեկին էլ չենք տա,- անսպասելի գոռաց Ռոլանդը.- էդ մեդալն Արմոյի՛նն ա:

– Ինձ թվում ա՝ Արմենի հարցն արդեն փակված ա,- ասաց Գագոն:

– Էսօր փակված ա՝ վաղը կբացվի,- ասաց Ռոլանդը:

– Չհասկացա,- ասաց Գագոն:

– Էս մեդալը կպահեմ, Արմոյի վաթսունամյակին կտամ իրան,- ասաց Ռոլանդը:

– Բայց իրա վաթսունամյակին դու կարող ա մինիստր չըլնես,- ասաց Գագոն:

– Ավելի լավ,- ասաց Ռոլանդը.- որ մինիստր չըլնեմ՝ ինքն էս մեդալից հաստատ չի հրաժարվի:

– Այսինքն,- ասաց Գագոն:

– Այսինքն, էս մեդալը կտանեմ մեր տուն, կպահեմ ու իրա վաթսունամյակի օրը կհանձնեմ իրան,- լուրջ-լուրջ ասաց Ռոլանդը:

– Համաձա՜յն եմ,- ուրախացած բացականչեցի ես ու ավելացրի.- մամուլից ու հեռուստատեսությունից էլ մարդիկ կկանչենք:

– «Արմենպրեսին» էլ կասենք, որ հաղորդագրություն տարածի,- ասաց Ռոլանդը:

– Հա,- ասացի ես.- վաթսունամյակիս օրն էդ մեդալը հանդիսավոր կհանձնես ինձ:

– Կարող ա՞ էդ վախտ էլ հրաժարվես,- ծիծաղեց Ռոլանդը:

– Չէ,- ասացի ես.- Աստված տա՝ էդ օրվան հասնենք:

– Կհասնենք,- ասաց Ռոլանդը.- էրեսներս պադոշ ա:

– Պատկերացնո՜ւմ եմ,- ծիծաղեց Գագոն.- էրկու բիձեքով իրար մեդալ եք տալի:

– Ի՞նչ մնաց որ,- ասաց Ռոլանդը.- աչքդ թարթում ես՝ տասը տարին թռնում ա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30