Մանկավարժ կալանավորի նամակը՝ քրեակատարողական հիմնարկից
Շա՜տ-շատ վաղուց, այսինքն՝ 2005թ. սեպտեմբերի 23-ին հայտնվեցի «Կագեբեի պադվալում»: Ինչո՞ւ շա՜տ-շատ վաղուց. գուցե տարօրինակ թվա, բայց ժամանակը տարբեր միավորներով է չափվում «ներսում» եւ «դրսում»: «Դրսում» կարող ես աննկատ տարիներ, նույնիսկ մի ամբողջ կյանք ապրել, իսկ այստեղ ամեն ինչ ուրիշ է՝ չափազանց թանկ է ու կարեւոր է ամեն օրը, ժամը, նույնիսկ րոպեն ու վայրկյանը: Բանտում («ներսում») կարծես ժամանակը կանգ էր առել: Չնայած բոլորովին նոր ու ժամանակակից վերանվանմանը՝ «Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ», ականատեսի իրավունքով կարող եմ վստահեցնել, որ այն դեռեւս 1950-ականների «պադվալն» է եւ ոչ մի նոր բան այնտեղ չկա, բացի բանտարկյալներից, նույնիսկ աշխատակիցներից ոմանք դեռ սովետական են: Նաեւ բաղնիքի երկու տաքացուցիչ սարքերն են շաբաթը մեկ եւ, լավագույն դեպքում՝ երկու անգամ հիշեցնում, որ դրսում արդեն 21-րդ դարն է:
Սենյակները, որ իրենք արդարացիորեն խուց են անվանում՝ գորշ, անդուր ու մռայլ կացարաններ են, որտեղ համակեցությամբ կողք կողքի ապրում ու միասնաբար մի բանի մասին են երազում տարբեր ու հեռավոր աշխարհների մարդիկ (նկատի ունեմ նրանց ե՛ւ հոգեւոր, ե՛ւ լեզվական, ե՛ւ աշխարհագրական տարբերությունները): Ու նրանց մի կարեւոր բան էլ է միավորում՝ Հանցագործությունը: (Վերեւի անմեղներն ամեն դեպքում այդպես են պիտակավորել ներքեւում գտնվողներին): Խոսակցության հիմնական թեման արդարությունն ու անմեղությունն են եւ, իսկապես, վերեւների համեմատ եւ այդ ֆոնի վրա, շատերի կատարածը ոչ թե հանցանք, այլ մի փոքրիկ զանցանք է ընդամենը: Ինչպես օվկիանոսում, երբ նետում են ուռկանը՝ այնտեղ վտառներով մանր ու միջին ձկներ են հայտնվում, իսկ շնաձուկ կամ կետ՝ երբեք: Շատ մանրերն էլ ցանցից դուրս պրծնելու մեծ հնարավորություն ունեն: Եվ սա է կյանքը. ոմանք ձկներ են, իսկ ոմանք՝ ձկնորս:
Այստեղ մարդիկ դառնում են թիվ, համար ու հաշվետվություն: Եվ որքան մեծ է թիվը, որքան ուռճացված է հաշվետվությունը, այնքան շատանում ու փայլում են ուսադիրների աստղերը:
«Անմեղների բնակավայրում» (բանտում) արժեքները բոլորովին այլ են: Եվ սովորելու շատ ու շատ բաներ կան այստեղ: Աշխարհում միշտ արժեքներ թալանելու միտում կա, նրանց տերերին ու կրողներին էլ՝ ոչնչացնելու սովորություն: Ամեն ժամանակ իր արժեքն ունի՝ նյութական թե բարոյական՝ կարեւոր չէ: Ոչ հեռավոր անցյալում արժեք էր խոսքը եւ այս նկուղներում Եղիշե Չարենցը, Աճառյանը, Զապել Եսայանը եւ այլք էին, իսկ այսօր՝ օպոզիցիոն կուսակցությունների լիդերներ, խոշոր գործարարներ, ինֆորմացիայի կրողներ: