Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անաղուհաց քրդի շուն»-2

Ապրիլ 16,2007 00:00

«Ժողովրդական թռուցիկագործի» ոդիսականը

Արարատի մարզի Վեդիի դատարանում 4 տարի առաջ քննության էր դրվել ինքնուս բանաստեղծ Ջանիկ Ադամյանի, ինչպես նաեւ Ջեմմա Սահակյանի դեմ հարուցված քրեական գործը: Ջ. Սահակյանն ԱԺՄ տարածքային կառույցի նախագահն էր: Նա 12 օրինակով տպագրել էր Ջանիկի բանաստեղծություն-թռուցիկը, որի արդյունքում բանաստեղծը 2 ամիս 7 օր պահվեց «Նուբարաշեն» մեկուսարանում՝ ՀՀ նախագահին զրպարտելու մեղադրանքով: Քրգործի հիմք էին դարձել Ջանիկի բանաստեղծության հետեւյալ տողերը. «Շատերը Վազգենով հարստացան, բայց այսօր նրան մոռացան, այսօր ունեք բար, շքեղ դաչա, տուն, ջիփ, ոսկի, միայն չունեք հարգանք, պատիվ: Անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին, հաստատ խառն է մատը հոկտեմբերի 27-ի գործին»: Մեկուսարանում զգալի ժամանակ անցկացնելուց հետո Ջանիկն ազատվեց դատարանի դահլիճից, քանի որ չկար տուժող, իսկ Ջեմմայից առգրաված գրամեքենան էլ («հանցագործության միջոցը») վերադարձվեց տիրոջը:

4 տարի է անցել այդ դատաքննությունից, սակայն Ջանիկը դարձյալ իրավապահների ուշադրության կենտրոնում է: Նա նորից թռուցիկներ է պատրաստում եւ տարածում, որոնց վրա գրում է. «Սա թռուցիկ չէ, սա կոչ է արժանապատվության»:

Երեկ Ջանիկն «Առավոտում» էր: Նա տեղեկացրեց, որ ոստիկանները հաճախ են զեկուցագրեր գրում բաժին, թե «մարդաշատ վայրերից» թռուցիկներ են հավաքել: Նա չի էլ թաքցնում, որ հեղինակն ինքն է: Ահա վերջիններից մեկը, որը նույնպես գլխացավանք պատճառեց Ջանիկին. «Սուտ է, սուտ է, հայ ժողովուրդ, չհավատաք սրանց ստին, էդ ստերին հավատալն առնվազն էշություն է»:

Մեջբերենք «Հաստիքային թռուցիկագործի» վերջին ստեղծագործություններից եւս մի դրվագ. «Պարոնայք քամելեոններ, պոպուլիստներ, վամպիր իշխանավորներ, ինչո՞ւ են ոստիկանը, դատախազը, դատավորը, որ ունեն 10-20 տարվա աշխատանքային ստաժ, ստանում ամսական 50-200 հազար դրամ թոշակ, իսկ 30 տարվա ստաժ ունեցող մանկավարժը, բժիշկը, ինժեները՝ 10 հազար դրամ թոշակ: Ոստիկանը ցուցարար է ծեծում, դատախազն անմեղ մարդ է կալանավորում ու մեղադրում դատավորի հետ: Եթե պատասխան ունեք՝ ասեք: Կոշի, Արթիկի, Սովետաշենի էլիտար խցերը դատարկ, դռները բաց՝ ձեզ են սպասում: Շաքար պատրաստեք, թութուն վերցրեք»:

Ջանիկն ինքն է գրում, պատերին փակցնում, ինքն էլ տանում՝ մեքենագրում, ինքն էլ պոկում պատերից: Եվ ժպտալով ավելացնում է՝ «ինքս էլ նստում եմ»: «Մեր ազգը այսօր կես-կես են անում, ու այդ կեսերին իրար դեմ հանում, իսկ իրենք նստած ուտում, խմում են, մեզ վրա նայում, թաքուն խնդում են»: Ջանիկին հարցնում եմ՝ չե՞ս վախենում, պատասխանում է, որ, ի տարբերություն ընդհատակյա քաղաքական գործիչների, որոնք միաժամանակյա սեանսներ են անցկացնում մի քանի կուսակցություններում, իր գործունեությունը «հրապարակային է, բացահայտ ու թափանցիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել