Վարդենիսի դատարանի շենքային պայմանները բարվոք չեն
Մոտ երեք տասնամյակ է, ինչ չի վերանորոգվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրի շենքը, որը գործում է 1980-ականներից: Դատական նիստերի դահլիճի պատուհաններին ապակիներ չկան, ինչի պատճառով էլ դահլիճում նիստերը ձմռանն անց են կացվում մինուս 10 աստիճանից ցածր ցրտի պայմաններում:
«Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Վահագն Մելիքյանը նշեց, որ գրեթե ամեն շաբաթ պատուհանների ապակիները փոխում են, սակայն ուժեղ քամիների պատճառով դրանք կրկին կոտրվում են: Դատարանում ապահովված չէր նաեւ դատարանի արխիվի անվտանգությունը՝ գործերը փռված էին հենց նիստերի դահլիճի նստարաններին եւ ցանկության դեպքում շատ հանգիստ հնարավոր կլինի դրանք այրել, ոչնչացնել կամ էլ ինչ-որ իրի օգնությամբ պատուհանից դուրս հանել: Շենքում չկար վկաների համար նախատեսված առանձին սենյակ, ինչպես նաեւ հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակ. «Դա լուրջ բացթողում չեմ համարում, առանց այն էլ կողմերին պատշաճ ծանուցում ենք դատական նիստի օրվա եւ վայրի մասին»,- ասաց Վ. Մելիքյանը:
Մեր հարցին, թե ինչպիսի՞ գործեր են քննվում դատարանում, դատավորը պատասխանեց՝ քաղաքացիական, «ուր գերակշռում են վճարման կարգադրությունները, ինչպես նաեւ իրավաբանական փաստերի ճանաչման հայցերը»: Մասնավորապես, քանի որ Վարդենիսը սահմանամերձ շրջան է եւ տարիներ առաջ այդ տարածքներում ապրել են մեծ թվով ադրբեջանցիներ, նրանց արտագաղթից հետո տները մնացել են տիրազուրկ: Այդ տներում բնակություն են հաստատել Ադրբեջանից ներգաղթած հայեր, որոնք էլ սեփականության իրավունքը ճանաչելու հայցերով դիմում են դատարան: Դատավորի ներկայացմամբ, իրենց նստավայրում քաղաքացիական գործերը բազմաբնույթ չեն. պատճառն այն է, որ Վարդենիսում հողակտորները շատ են, մարդիկ՝ քիչ, եւ, հետեւաբար, հողային վեճեր գրեթե չեն լինում: Հազվադեպ են հանդիպում նաեւ ժառանգությանը վերաբերող վեճերը:
Ըստ պարոն Մելիքյանի, մարզի այլ նստավայրերի հետ համեմատած՝ Վարդենիսում դատարանը բավականին քրեական գործերով է ծանրաբեռնված: Այս հանգամանքն էլ բացատրվեց նրանով, որ իրենց տարածքում տեղակայված է զորամաս: Պարոն Մելիքյանի պարզաբանմամբ՝ նախկինում գերակշռում էին ծեծին վերաբերող գործերը, բայց քանի որ ներկայումս օրենքը հաշտվելու հնարավորություն է տալիս՝ նման գործերի թիվը կտրուկ նվազել է. «Մինչեւ 2006թ. շատ էին քրեական գործերը, որոնք վերաբերում էին զորամասերում զինվորների ինքնախեղման դեպքերին, զինծառայողներն իրենց թուք էին ներարկում, ասեղ էին կուլ տալիս. նման դեպքերն այնքան էին շատացել ու տարածվել, որ որոշեցի արտագնա դատական նիստ կազմակերպել, որպեսզի զորամասերում դա դաստիարակչական բնույթ կրի: Փառք Աստծո, 2006-ին նման գործեր չեմ քննել, միայն քննության եմ առել զորամասերից փախուստի գործեր, մի քանի գործ էլ վերաբերվել է մահվան ելքով անզգուշությամբ կատարված սպանությունների»,- ասում է դատավորը:
Վ. Մելիքյանը տեղեկացրեց, որ Վարդենիսի բնակչությունը անվճարունակ է եւ չի կարողանում փաստաբանների ծառայություններից օգտվել: Սակայն նկատենք, որ այստեղ իրավաբանական գրասենյակներ էլ չկան, որպեսզի քաղաքացիները դիմեն: Վարդենիսում կա միայն մեկ հանրային պաշտպան, նա էլ ոչ բոլոր օրերին է տեղում լինում։ «Երբ դատարանում քաղաքացիների հետ դատավարական լեզվով ենք շփվում, մեզ չեն հասկանում, ստիպված ենք լինում մանրամասն բացատրել, թե խոսքն ինչի մասին է, երբ զգում ենք, որ իրենց համար ամեն ինչ պարզ է, նիստը շարունակում ենք: Մեզ համար էլ հաճելի կլինի, որպեսզի քաղաքացիների շահերը դատարանում ներկայացնեն իրավաբանները: Հաճախ քաղաքացիները հայցադիմում են ներկայացնում, որտեղ պահպանված չեն ոչ ձեւին, ոչ էլ բովանդակությանը վերաբերող պահանջները, ստիպված դատարանում ենք հստակեցնում, թե ինչ պահանջ ունեն»,- խոստովանում է Վ. Մելիքյանը:
Անդրադառնալով Դատարանների նախագահների խորհրդի հայտնի որոշմանը, որով երեք տարածքային առաջին ատյանի դատարանների դատավորներ մասնագիտացվեցին որպես քրեական եւ քաղաքացիական գործեր քննողներ, պարոն Վ. Մելիքյանը նշեց, որ այդ բարեփոխումը լուրջ առաջընթաց է մեր երկրի համար, սակայն չհամաձայնեց այն մտքի հետ, որ իրենց դեռեւս չմասնագիտացված դատավորները կարող են որակավորվածներից թույլ լինել. «Ես գիտեմ, որ շատ երկրներում նույնիսկ կան նեղ մասնագիտացված դատավորներ, որոնք քննում են, ասենք, միայն աշխատանքային կամ ամուսնաընտանեկան վեճեր: Այս բարեփոխումներով մարզերում միայն քննության կառնվեն մինչեւ 5 միլիոն դրամի պահանջ ներկայացնող քաղաքացիական գործերը, ինչպես նաեւ ոչ մեծ եւ միջին ծանրության քրեական գործերը: Մնացածը քննվելու է Հյուսիսային եւ Հարավային դատարաններում, որոնք նոր են ստեղծվելու եւ գործելու են ողջ հանրության համար»: