Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս վերականգնել տոհմական ազգանունը

Ապրիլ 16,2007 00:00

\"\"Դատարանը թույլ չի տալիս Ջալալյանին դառնալ Հասան-Ջալալյան

«Հասան-Ջալալյան տոհմն ամենահին եւ ամենամեծ հենասյուներից էր, որոնց վրա դարերի ընթացքում դարբնվում եւ խորանում էր Ղարաբաղի հայության ինքնուրույնությունը»,- իր աշխատության մեջ նշել է պատմաբան Լեոն: Այս եւ բազմաթիվ այլ ազգանուններ աղճատվել էին խորհրդային տարիներին. մասնավորապես՝ 30-ական թվականներին, եւ այսօր շատ բնական է, որ մարդիկ ձգտում են վերականգնել իրենց տոհմական ազգանունները:

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում ծնված եւ 1984 թվականից ընտանիքով Երեւանում բնակություն հաստատած Ստեփան Ջալալյանը, որը, իր պնդմամբ, սերում է հինավուրց Հասան-Ջալալյանների տոհմից, անցյալ տարի այցելում է Գանձասարում գտնվող իրենց տոհմական գերեզմանատուն: «Ուսումնասիրեցի բազմաթիվ շիրմաքարերի արձանագրությունները: Ցանկանում եմ շարունակել մեր տոհմածառի պատմությունը»,- «Առավոտին» ասաց Ստեփանը:

Մասնատված Հասան-Ջալալյան ազգանունը վերականգնելու նպատակով 23-ամյա Ստեփանը դիմում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, ներկայացնելով 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ հինավուրց տոհմի հիմնադիր Հասան Ջալալ Դոլայի մասին վկայությունը, Բագրատ Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունը X-XVI-րդ դարերում» աշխատությունը, իրենց տոհմածառը: Սակայն դատարանը մերժեց Ստեփան Ջալալյանի հայցը, արձանագրելով. «Դիմումատուի կողմից որպես ապացույց դատարանին ներկայացված թղթերը չեն կարող դատարանի կողմից դիտվել որպես նման պահանջի բավարարման համար լիարժեք ապացույցներ: Դրանցում բացակայում է Ստեփան Ջալալյանի՝ Ղարաբաղի Հասան-Ջալալյան մելիքների տոհմից լինելու հանգամանքը հաստատող փաստը»: Համառ որոնումների արդյունքում Ս. Ջալալյանին հաջողվում է ձեռք բերել նաեւ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանի եւ պատմաբան Արտակ Մաղալյանի ստորագրությամբ հաստատված փաստաթուղթը: ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը հիմք չընդունեց նաեւ այդ վկայությունները, քանի որ, ըստ նրանց, դրանք «զուրկ են իրավական փաստաթուղթ համարվելուց»:

«Նրանց կարծիքով, ազգանունս վերականգնելու նպատակը տոհմիս երբեմնի կալվածքներին տիրանալու ձգտումն է, սակայն իմ նպատակը միայն պատմական ճշմարտության վերականգնումն է: Ես մտահոգված եմ նաեւ հետագա սերունդների համար եւ ցանկանում եմ, որ նրանք շարունակեն կրել Հասան-Ջալալյան ազգանունը»,- շարունակում է Ս. Ջալալյանը:

Ստեփան Ջալալյանը մտադիր է դիմել ՀՀ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարան եւ «Հայկական տոհմաբանական միություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Meliq Jraberdci says:

    Շանորհակալություն «Առավոտին» այս հրատարակման համար: Այս իրողությունը ինձ ամենևին էլ չէ զարմացնում. ապազգային (երբեմն թվում է թե հակազգային) պետականության պայմաններում, որոնք ստեղծվել են այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, ես կզարմանաի, եթե մեր ապազգային կաշառակեր կառավարությունը մի պահ վերանար իր փողադիզական կոմունիստական բյուրոկրատական բնույթից և հանկարցակի աջակցեր քաղաքացուն իր ոտնահարված պատմական և տոհմական իրավունքների վերականգնման հարցերում: Մենք հո Իսրայելը չե՞նք, որտեղ պետականորեն վերականգնեցին իրենց պատմական լեզուն՝ իվրիտը, և դարցնեինք այն պաշտոնական լեզու: Մենք հո Իրլանդիան չե՞նք, որտեղ կառավարությունը հատուկ որոշում ընդունեց՝ տալ բոլոր քաղաքացիներին իրավունք հեշտացված ձևով փոխել իրենց անգլիականացված ազգանուններն ու վերադարձնել իրլանդական տարբերակները: Մենք հո Ադրբեջանը չե՞նք, որտեղ Արցախին վերաբերվող ամեն մի հարց, որը կնպաստեր պատմական իրավունքների հաստատմանը, մեկ ակնթարթում լուծում են. նույնիսկ հատուկ «Ղարաբաղ» անունով ֆուտբոլի թիմ ստեղծեցին, հատուկ նրան արհեստականորեն ուժեղացրին, չեմպիոն դարցրին, որ հենց այդ «Ղարաբաղը» միջազգային խաղերը խաղա՝ Ադրբեջանի անունից…: Այդ ամենը պետական մտածողության և ազգային ինքնասիրության հարցեր են, որոնցից մեր կաշառակեր չինովնիկներն ու անբան կառավարությունը զուրկ են: «ՀՀ» ենք ստեղծել, որ իրականում խեղկատակ է՝ խայտառակություն Մեծ Հայքի հիշատակի: Իբր «պետություն» ենք ստեղծել, որտեղ ամեն մի չինովնիկ՝ սկսած կաշառակեր ջոջերից մինչև մանր-մունրները ահավոր անբարիացակամ ոճով ամեն ինչ անում են, միայն թե ոչ մի հարցում չընդառաջեն քաղաքացուն: Այս հոդվածում նկարագրվածը հենց այդ խայտառակ իրավիճակի արդյունքն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30