Քրեական գործ՝ «բարդակ-սաունայի» տնօրենի դեմ
«Առավոտը» վերջերս անդրադարձավ Եր- եւանի Մոսկովյան 15 հասցեում գտնվող «Ակվարիում» շոգեբաղնիքում տեղի ունեցած մարմնավաճառների միացյալ, ազատ ու թափանցիկ աշխատանքին: Արդյունքում՝ մի քանի մարմնավաճառ հայտնվեց իրավապահների ցանցում, իսկ հաջորդ օրը խմբագրություն եկած սաունայի տնօրենը՝ Արշակ Ստեփանյանը, «Առավոտին» փոխանցեց, որ տեղյակ չի եղել մարմնավաճառների մասին: Նա նաեւ ասաց, որ իրեն աշխատանքում օգնել է ընկերը, որը, ըստ ոստիկանության աղբյուրի, ներկայացել էր որպես տնօրեն:
«Առավոտի» այդ լրատվությունից հետո տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել հենց տնօրենի նկատմամբ: Նախաքննությամբ պարզվել էր, որ շոգեբաղնիքի սեփականատեր Արշակ Ստեփանյանը, մշտական հաճախորդներ ունենալու եւ դրանով իսկ եկամուտ ստանալու ակնկալիքով, 2006-2007թթ. ընթացքում շոգեբաղնիքն օգտագործել է որպես պոռնկության վայր՝ դրա համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ:
Ըստ նախաքննության մարմնի (ոստիկանությունից գործն ուղարկվել էր գլխավոր դատախազության քննչական վարչություն)՝ շոգեբաղնիքի տարածքում գործել է «սեռական հարաբերությամբ զբաղվելու համար որպես ննջարան հարմարեցված սենյակ, առանց շոգեհարմանը անհրաժեշտ որեւէ հարմարության կամ կահավորանքի», իսկ շոգեհարման համար նախատեսված առանձնասենյակը տրամադրվել է առանց շոգեխցիկը միացնելու, սահմանվածից ավելի ցածր գնով՝ ծառայելով միայն որպես ննջասենյակ: «Սաունայի» համապատասխան սենյակները պարբերաբար տրամադրվել են մարմնավաճառներ Յանա Քոչարյանին, Անետ Օրցեւային, Անուշ Մոսինյանին, Մանուշակ Մինասյանին, Քրիստինա Ստեփանյանին, Ռուզաննա Նարինյանին, Օկսաննա Կետովսկայային եւ այլոց: Ըստ գործի նյութերի, մարմնավաճառ կանայք, գտնվելով Արշակ Ստեփանյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ, օգտվել են նրա բարեհաճ վերաբերմունքից, «Ակվարիում» շոգեբաղնիքում են անցկացրել «աշխատանքից» ազատ ժամանակը՝ «սպասելով հաճախորդների»: Արշակ Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ «Մի խումբ անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար» հոդվածի հատկանիշներով:
Տնօրենն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա ասել էր, թե տեղյակ է, որ բաղնիք են այցելում մարմնավաճառներ, սակայն «չի գիտակցել, որ դրանով նպաստում է նրանց պոռնկությամբ զբաղվելուն»: Մարմնավաճառությամբ զբաղվող Յանա Քոչարյանի, Անետ Օրցեւայի, Անուշ Մոսինյանի, Մանուշակ Մինասյանի, Քրիստինա Ստեփանյանի, Ռուզաննա Նարինյանի, Օկսաննա Կետովսկայայի ցուցմունքներով պարզվել է, որ 2006-2007թթ. հաճախակի այցելել են Մոսկովյան 15 հասցեում գտնվող «Ակվարիում» շոգեբաղնիք, որտեղ սեռական հարաբերություն են ունեցել տարբեր տղամարդկանց հետ:
Ըստ հնագույն մասնագիտության կանանց, նրանք ընտրել են «Ակվարիումը», «քանի որ տնօրեն Արշակ Ստեփանյանը լավ է ճանաչում իրենց եւ իմանալով, որ իրենք զբաղվում են մարմնավաճառությամբ, երբեւէ անձամբ կամ մյուս աշխատակիցների միջոցով չի արգելել կամ սահմանափակել իրենց այցելությունները: Ավելին, իրենց թույլ է տրվել «հաճախորդ» չլինելու դեպքում ազատ ժամանակը անցկացնել շոգեբաղնիքում: Նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ իրենց միջոցով շոգեբաղնիքը ապահովվել է մշտական հաճախորդներով ու եկամտով»:։ Մարմնավաճառները նաեւ հայտնել էին, որ «ցանկության դեպքում շոգեբաղնիքում պատվիրում են սուրճ, հյութ, քաղցրավենիք, ոգելից խմիչք, որի համար վճարում են իրենց հետ եկած տղամարդիկ: Այնտեղ վաճառում են նաեւ պահպանակ՝ սեռական վարակներից պաշտպանվելու համար»:
Մենք տեղեկացրել էինք, որ ոստիկանություն էին տարվել նաեւ «Ակվարիում» շոգեբաղնիքի գանձապահ-մատուցող Հասմիկ Հայրապետյանը, հավաքարարներ Աղավնի Մարտիրոսյանն ու Դշխուն Գեւորգյանը: Նրանք էլ նախաքննությանը հայտնել են, որ «Ակվարիում» շոգեբաղնիքում աշխատանքի անցնելուց հետո պարզվել է, որ շոգեբաղնիքի հիմնական հաճախորդները մարմնավաճառ կանայք են: Վերջիններս, ըստ վկաների, սիստեմատիկաբար այցելում են շոգեբաղնիք, 1-2 ժամով զբաղեցնում են երկու սենյակներից որեւէ մեկը, որոշակի գումարի դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար: «Ակվարիում» շոգեբաղնիքի փոքր առանձնասենյակը, որը չունի շոգեխցիկ, լողավազան եւ շոգեհարման համար անհրաժեշտ այլ հարմարություններ, տրամադրվում է 1 ժամը 3000 դրամով, իսկ շոգեխցիկով առանձնասենյակի 1 ժամն արժեր 5000 դրամ: Վկաները նաեւ ցուցմունք տվեցին, որ այցելող մարմնավաճառներ Յանան, Օկսաննան, Անյան, Անուշը, Կառան, Մանուշակը, Քրիստինան մերսում կատարելու անվան տակ փողով սեռական հարաբերություն էին ունենում հաճախորդների հետ: