Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կարիքների հերթական զոհը

Ապրիլ 16,2007 00:00

\"\"Ազգային անվտանգության նախարարությունը «քցեց» քաղաքացիներին

Նալբանդյան 130 հասցեում նախկինում բնակվող 72-ամյա Գոհար Գասպարյանը «Առավոտում» հայտնվեց այն նույն ճամպրուկով, որով 2001-ին հեռացավ Հայաստանից, 5 տարի ապրելով փախստականների ճամբարում՝ սկզբում Բելգիայում, այնուհետեւ Շվեյցարիայում: Ճամպրուկում 1926-ին կառուցած իր տան պատմությունն էր, իրեն վտարելու վճիռը, ավտովթարից մահացած թոռան լուսանկարը:

Գոհար Գասպարյանի կարծիքով, իր ողջ ընտանիքի կործանումը սկսվել է 1998-ին, երբ իրեն եւ վերոնշյալ հասցեում բնակվող եւս 4 ընտանիքների հրավիրեցին ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարություն՝ փոխնախարար Գրիշա Հարությունյանի մոտ: Վերջինս հրավիրվածներին տեղեկացրեց, որ Նալբանդյան 130 հասցեում վարչական շենք է կառուցվելու: Խոստացավ հատուցման գումար տալ կամ տների փոխարեն տրամադրել նոր կացարաններ: Գ. Գասպարյանն «Առավոտին» պատմում է, որ իրենց եւ փոխնախարարի խոսակցությունից ամիսներ անց հայտնվեց Վալերի անունով մի երիտասարդ, որը կինո «Ռոսիայի» (այժմյան «Այրարատ» հանրախանութի) մոտակայքում ցույց է տալիս բարձրահարկ շենքի մի սենյականոց բնակարան, որին ինքը համաձայնվում է: Բանավոր զրույցից ամիսներ հետո Կենտրոնի դատարանից ստանում է ծանուցագիր: Իր հարեւաններին՝ Վարուժան Խուդեյանին, Ռոբերտ Դաշտոյանին եւ իրեն վտարելու պահանջով Կենտրոն թաղապետարանը հայց էր ներկայացրել: Հայցից տեղեկանում ենք, որ իբր «Պատասխանողները հրաժարվել են ՆԳ եւ ԱԱ նախարարության հետ կնքել պայմանագրեր: Հայցվոր կազմակերպությունը խնդրում է դատական կարգով վտարել, պատճառաբանելով, որ նրանց զբաղեցրած տարածքը ենթակա է իրացման պետական կարիքների համար»: Դատարանի որոշմամբ բնակիչներին քշեցին ՆԳ եւ ԱԱ նախարարության հաշվեկշռում գտնվող Զարյան 15 շենքի 1-ին հարկի մսուր-մանկապարտեզի շենքը: Դատարանը նախարարությանը «պարտավորեցրեց», որ բարեկարգի նշված բնակարանների սանհանգույցները: Գ. Գասպարյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ մինչ օրս չի եղել իրեն «հատկացված» խցում՝ 37 քմ տարածքում:

Այդ պրոբլեմներից հոգեկան խանգարում է ստանում տղան, որի կինը երկու երեխաների հետ հեռանում է՝ չցանկանալով նույն հարկի տակ ապրել: Չստանալով այն ժամանակվա ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակներից եւ որեւէ մեկի պատասխանը, Գ. Գասպարյանը վիրավորված հեռանում է հայրենիքից: «Վաճառեցի ունեցած-չունեցածս եւ հեռացա Հայաստանից: Բելգիայում որդուս անմիջապես հիվանդանոց պառկեցրին: Հետագայում հայտնվեցինք Շվեյցարիայում, պահեցին փախստականների ճամբարներում: Որդիս արդեն լավ էր զգում: «Կարիտաս» կազմակերպության միջոցով վերադարձանք Երեւան: Սակայն տեղեկացանք, որ ավտովթարից մահացել է թոռներիցս մեկը: Տղայիս գիտակցությունը լրիվ կորել է»,- ասում է Գոհար Գասպարյանը եւ հարցնում. «Եթե մինչ օրս շենքը չի կառուցվել եւ չէր կառուցվելու, ինչո՞ւ ինձ հանեցին իմ բնօրրանից, ինչո՞ւ պատճառ դարձան մեր ընտանեկան այս մեծ ողբերգությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել