Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՐԻԿԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԶՈՀ ԷՐ

Ապրիլ 16,2007 00:00

\"\"Գեներալի որդին եւ «Թումանյանի Թաթոսը» ուռած վիճակում ուրիշից էին հաշվեհարդար տեսնում

Այս տարվա մարտի 19-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, 12 տարվա ազատազրկման դատապարտեց Թադեւոս Համբարձումյանին (հայտնի է «Թումանյանի Թաթոս» անվամբ) եւ 4,5 տարվա ազատազրկման էլ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի որդուն՝ Հայկին: Նրանք մեղավոր են ճանաչվել Արաբկիրի տարածքի բնակիչ Էրիկ Ասատրյանի սպանության մեջ: Մեղադրյալները 30 տարեկան էին, զոհը՝ 25:

Դատաքննության ժամանակ «Առավոտը» միայն տեղեկատվական բնույթի լուրեր էր հրապարակում այդ դատաքննության մասին, որոնք, սակայն, զայրացրին «Թումանյանի տղաներին»: Վերջիններս տողերիս հեղինակի ճանապարհը օրեր առաջ կտրեցին՝ պահանջելով չլուսաբանել տվյալ գործը: Չընդառաջելով «տղերքի» պահանջներին, լուսաբանում ենք այն մանրամասները, որոնք ի հայտ եկան դատաքննության եւ նախաքննության փուլում: (Ի դեպ, նշենք, որ այսօր գործը գտնվում է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Բողոքը բերել է վերոնշյալ համայնքի դատախազի օգնական Ս. Բադալյանը):

Թադեւոսը եւ Հայկը ընկերներ են: Ըստ գործի նյութերի, նրանք 2001-ից «պարբերաբար գործածել են թմրամիջոցներ»: Դեպքի օրը (2006թ. ապրիլի 12) Հայկը իր հոր՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի ծառայողական մեքենայի համարները՝ «ՊՆ 1200 Մ», փակցնելով իր վարած ՎԱԶ 21 0135 մեքենային, գնացել է Թադեւոսենց բակ, որը գտնվում է Պուշկինի 58 շենքի տարածքում: Վերցնելով Թադեւոսին, նրանք շրջում են քաղաքում, ապա գնում Կիեւյան փողոցում գտնվող «Զանգու» սրճարան՝ պատվիրում շաուրմա: Մինչ պատվերը կբերվեր, Թադեւոսին է մոտենում նրա ծանոթներից՝ «Մերգելյանի Վռամը» (Բաղդասարյան ազգանունով), որը տեսնելով երկուսի «ուռած» վիճակը՝ հանդիմանում է. «Արա, 6 ամիս առաջ սուտ ես երդվել, թե չես անում»՝ նկատի ունենալով թմրամիջոցի ազդեցության տակ գտնվելը: Թադեւոսի եւ Վռամի միջեւ տեղի է ունենում վիճաբանություն, որին խառնվում է նաեւ Հայկը: Վռամը ծեծում է Թադեւոսին, կռվին միջամտած Հայկին, թքում նրանց դեմքին ու հեռանում:

Ըստ գործի նյութերի, Հայկը վերադառնում է Պուշկինի փողոցի 4 շենքի 27 բնակարան, որտեղից վերցնում է «Մակարով» եւ «Ռուգեր» տիպի ատրճանակներ, ապա այցելում Սոսեի փողոցում ապրող ծնողներին, նրանցից ստանում 300 դոլար, 20 000 դրամ ու գնում Թադեւոսի ետեւից: Հայտնի է, որ ճանապարհին նա լիցքավորում է «Մակարովը» 8 փամփուշտներով, այն տալիս Թադեւոսին, որը կրակել չգիտեր: «Զանգուում» չգտնելով Վռամին, Հայկը նրան սկսում է փնտրել Կոմիտասի 1 եւ Կոմիտասի 8 շենքերի միջեւ գտնվող այգում՝ ցայտաղբյուրների մոտ, ուր, հիշում է, որ Վռամը հաճախ էր լինում ընկերների հետ: Գիշերը ժ. 23.30-ի սահմաններում այդ տեղում գտնում են Վռամին, որը Էրիկ Ասատրյանի եւ Սամվել Հովհաննիսյանի հետ կանգնած էին վերոհիշյալ վայրում: Թադեւոսը եւ Հայկը կրակում են Վռամի ուղղությամբ: Գնդակը դիպչում է Էրիկին, որը հետագայում մահանում է: Դրանից հետո Հայկը մեքենայից նորից է կրակում, գնդակներից մեկը կպնում է Կոմիտասի 1 շենքի 154 բնակարանի պատուհանին, որը ընկնում է տանտիրուհու՝ Գրետա Առաքելյանի գլխին:

Էրիկին սպանելուց հետո բոլորը փախչում են, մասնավորապես՝ Վռամը, որը վիրավորված Էրիկին թողել էր անօգնական: Հայկն ու Թադեւոսը հանձնվում են 12 օր հետո: Նրանք իրենց մեղքն ընդունում են մասամբ:

Թադեւոսը դատարանում ասաց. «Մենք չենք ստուգել զենքերը լիցքավորված են, թե՝ ոչ, ապահովիչ ունեն, թե՝ ոչ»: Իսկ Հայկը դատարանում նշեց, թե չի հիշում, 3 կամ 4 անգամ կրակել է Բաղդասարյանի ոտքերի տակ՝ գետնին, բայց «Էրիկը մահացել է իմ կրակոցներից»: Սակայն հարց է ծագում, այդ դեպքում ինչո՞ւ մարդասպանը ստանում է 4,5 տարվա ազատազրկում, նրա հետ հանցագործությանը մասնակցածը՝ 12 տարի: Վերաքննիչ բողոք բերած դատախազը գրում է. «Դատարանը Հ. Տեր- Թադեւոսյանի արարքը սպանության փորձից որակել է առանձնապես չարամիտ խուլիգանություն, որը գործի բեկանման հիմք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել