Մտահղացման հեղինակը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն է
Հայկական գրադարանային ասոցիացիան արդեն 6-րդ տարին ապրիլի 9-16-ը անցկացնում է «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումը՝ «Գրադարան՝ գիտելիքի տուն» կարգախոսով: Հանրապետության գրադարաններում կազմակերպված վաղվա միջոցառումները կրելու են «Վերականգնենք միմյանց գիրք նվիրելու ավանդույթը» խորագիրը:
«Առավոտը» հանդիպեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին:
Մեզ հետ զրույցի սկզբում նա նշեց, որ օրերս իրենց գրադարանում անցկացվող միջոցառումներից մեկի ժամանակ հայտնել էր «Գրադարան» հիմնադրամ ստեղծելու գաղափարի մասին. «Ինչո՞ւ չլինի նման հիմնադրամ, որը կսատարի գրադարաններին՝ շենքերի վերանորոգման, տեխնիկական վերազինման, ֆոնդերի հնարավորինս համալրման գործում: Իմ գաղափարին դահլիճից առաջինն արձագանքեց ՀՀ ոստիկանության աշխատակազմի ղեկավար, բանաստեղծ Անդրանիկ Հակոբյանը, որը խոստացավ, թե հիմնադրամի առաջին ներդրողը կլինի հենց ոստիկանությունը»:
Հետաքրքրվեցինք, թե, օրինակ՝ 2006թ. պետբյուջեի գումարով քանի՞ կտոր գիրք է ձեռք բերել գրադարանը: Պարզվեց՝ շուրջ 120, իսկ անձնական նվիրատվությունների հաշվին՝ շուրջ 4000:
Տիկին Կարապետյանը մեկ մտահղացում էլ ունի իրականացնելու. «Գրադարանում որոշել եմ տեղադրել «Գրադարանի բարեկամ» սյունաշար, որտեղ տեղ կգտնեն այն նվիրատուների ու կազմակերպությունների անունները, ովքեր գրադարանին գրքեր են նվիրել»: Տնօրենը հայտնեց, որ այս գաղափարն էլ առաջացել է ժամանակին Գլենդելի կենտրոնական գրադարան այցելության ժամանակ. «Ամերիկացիները բացատրեցին, որ իրենց մոտ էլ գրադարանները հիմնականում հարստանում են անհատների եւ կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ եւ նման գործընթացը ղեկավարում է հոգաբարձուների խորհուրդը»: Հ. Կարապետյանը շեշտեց նաեւ, որ քաղաքակիրթ երկրներում նվիրատուները օգտվում են հարկային որոշ արտոնություններից, ինչը չկա մեր երկրում:
Գրադարանային շաբաթվա առիթով Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ուղերձը եւ նվեր՝ 100 անուն գիրք: