Կնշվեն Աշոտ Սաթյանի 100 եւ Արամ Սաթյանի 60-ամյակները
Մայիսի 23-ին լրանում է ճանաչված կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 60-ամյակը: Նա ասաց, որ միշտ էլ իր հոբելյանների առիթով հեղինակային համերգներ է ունեցել: «Այս անգամ երեկոն կուշացնեմ, որովհետեւ ինձ համար ավելի կարեւոր մի հոբելյան կա՝ հորեղբորս՝ Աշոտ Սաթյանի 100-ամյակը: Արդեն ստեղծվել է կառավարական հանձնաժողով, հավանաբար միջոցառումը կկայանա աշնանը»,- «Առավոտին» հայտնեց կոմպոզիտորը:
Արամ Սաթյանն ասաց, որ իր համար ցանկացած հեղինակային համերգ նախեւառաջ հաշվետվություն է, բացի այդ, կուտակվել են ե՛ւ սիմֆոնիկ, ե՛ւ կամերային ստեղծագործություններ, որոնք ցանկանում է ներկայացնել: Լայն հասարակությանը ավելի շատ էստրադային ստեղծագործություններով հայտնի Ա. Սաթյանը փոխանցեց, որ այս անգամ միայն էստրադայով չի սահմանափակվելու, կլինեն հատվածներ բալետներից եւ պոպ օպերաներից: Երեկոյին հանդես կգան նաեւ Սաթյան տոհմի երիտասարդ երաժիշտները: Ա. Սաթյանն ասաց, որ ինչպես ցանկացած կոմպոզիտոր, այնպես էլ ինքը կուզենար շքեղ միջոցառում նախաձեռնել, բայց այդ ամենը ֆինանսական լուրջ միջոցների հետ է կապված. «Կան հայտնի անուններ, այդ թվում թավջութակահարներ ու դիրիժորներ, ովքեր սիրով կժամանեին արտերկրից: Օրինակ, հենց աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, նույնը կաներ նաեւ իմ երգերը հնչեցրած Թամարա Գվերցետելլին, բայց հասկանում եք, թե նրանց ընդունել-ճանապարհելն ինչ կարժենա»: Կոմպոզիտորը ափսոսանքով փաստեց, որ այսօր դասական արվեստը վատ է պրոպագանդվում ու երիտասարդներն իրենց կողքին ապրող անգամ հայտնի կոմպոզիտորներին չեն ճանաչում. «Մինչդեռ, օրինակ, 1978-ին Օմսկում Հայաստանի օրերի բացումը իմ ստեղծագործությամբ է եղել, նույնիսկ Առնո Բաբաջանյանը կատակեց, թե իրենից պոպուլյար եմ: 1988-89-ին էլ, երբ հարեւան հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունները խզված էին, Ադրբեջանից զանգահարեցին ու խնդրեցին երգերիս նոտաները»: Ա. Սաթյանից հետաքրքրվեցինք, կա՞ այնպիսի ստեղծագործություն, որ պատրաստվում է հոբելյանական երեկոյին հատուկ ներկայացնել:
«Անշուշտ: Գրել եմ սիմֆոնիկ մի պոեմ՝ «Համլետ», որը 2 անգամ կատարվել է Հայաստանում, այնուհետեւ՝ Պորտուգալիայում: Այժմ աշխատում եմ «Մակբեթի» վրա, եւ դեռ երրորդ սիմֆոնիկ-պոեմն էլ կգրեմ, որ տրիլոգիան ամբողջանա: Այնպես որ, իմ երեկոյին ոչ միայն արդեն ծանոթ ստեղծագործությունների նոր մեկնաբանությունների, այլեւ նոր գործերի կհանդիպեք»,- հայտնեց կոմպոզիտորը: Նա տեղեկացրեց, որ հոբելյանին ինքն իրեն նվեր է պատրաստել՝ իր նոր ժողովածուն՝ «Մենք նվագում ենք դաշնամուր»: Ա. Սաթյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է վերաբերվում մշակույթի նախարարության կողմից կոմպոզիտորներին գործ պատվիրելու ավանդույթը վերականգնելուն: «Օրինակ՝ իմ «Համլետի» համար նախարարությունը սիմվոլիկ գումար վճարեց: Իհարկե, չեմ ուզում համեմատել, բայց երբ արտասահմանից գործ պատվիրում են, մի քանի տասնյակ անգամ շատ են վճարում: Նախ պարզ չէ, թե ինչ սկզբունքով է բաշխումը կատարվում, հետո էլ գտնում եմ, որ այդ սիմվոլիկ գումարները կարելի է սկսնակներին տալ, որպեսզի ոտքի կանգնեն»,- ասաց Արամ Սաթյանը: