Այժմյան խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցկացվեն մայիսի 12-ին, փաստացիորեն նախագահական ընտրությունների ստուգատեսն են:
Պետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որը Ռուսաստանի հետ դրական հարաբերությունների անկեղծ կողմնակիցն է, չի կարող առաջադրվել երրորդ անգամ, ինչպես եւ Վլադիմիր Պուտինը:
Թե՛ քաղաքացիները, թե՛ վերնախավը նրա հետնորդի կարգավիճակում տեսնում են Սերժ Սարգսյանին: Կրթությամբ՝ բանասեր, նա ճակատագրի բերումով դարձել էր ղարաբաղյան բանակի հրամանատարներից մեկը, իսկ վերջին տարիներին գլխավորել է պաշտպանության նախարարությունը եւ Անվտանգության խորհուրդը: Համաձայն հարցումների՝ Հայաստանի ընտրողների մեծամասնությունը գտնում է, որ հենց նա է դառնալու հաջորդ նախագահը: Սարգսյանը հարմար է նաեւ Ռուսաստանին: Լինելով ուժեղ, սակայն ճկուն քաղաքական գործիչ՝ նա ամուր կապեր է հաստատել Ռուսաստանի ղեկավարության շրջանակներում: Նրան իրավամբ համարում են Մոսկվայի հետ հարաբերություններն ամրապնդելուն կողմնորոշված քաղաքական գործիչ: Դրանով հանդերձ, նա բացասական լուրջ վերաբերմունք չի առաջացնում նաեւ Արեւմուտքում: Սակայն, առաջին հերթին, Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է Սարգսյանը, պետք է դրսեւորի իր առավելությունը խորհրդարանական ընտրություններում:
Բայց ընտրարշավն անցնում է հանդարտ, նրա ելքը բնավ ակնհայտ չէ, եւ Անդրանիկ Մարգարյանի մահը լրացուցիչ սրություն է հաղորդել ինտրիգին՝ ազդելով հանրապետության ներսում ուժերի դասավորվածության վրա:
Իշխանական կուսակցության համար այնքան էլ հեշտ չի լինի պահպանել իր դիրքերը՝ հաշվի առնելով ընտրողների մեջ կուտակված հոգնածությունը, նույնիսկ դինամիկ տնտեսական աճի ֆոնի վրա: Հարկ է ընդունել, որ իշխանական կուսակցության խնդիրները, որքան էլ դա պարադոքսալ է հնչում, որոշ չափով կապված են նրա՝ Ռուսաստանի հետ սերտ սերը գործընկերությանն ուղղված կողմնորոշման հետ: Այդ գործընկերության արդյունքներում որոշակի հիասթափության պատճառով:
Ինչո՞վ կարող ենք մենք օգնել Հայաստանին: Առաջին հերթին՝ մեր գործընկերոջ հանդեպ պատասխանատու եւ ուշադիր վերաբերմունքով, հաշվի առնելով հայկական կողմի՝ քաղաքական եւ նույնիսկ կենցաղային մակարդակում դրսեւորած մտահոգությունները: Ռուսաստանից է կախված այն հայերի իրավունքների պաշտպանությունը, որոնք ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, նրանց անվտանգության ապահովումը, ազգային կամ քաղաքացիության հողի վրա ցանկացած խտրականության կանխումը:
Էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները պետք է միանշանակ դատապարտվեն: Կարեւոր է հնարավորինս արագ ներդրումներ կատարել այն ձեռնարկություններում, որոնք սեփականաշնորհման արդյունքում եւ արտաքին պարտքի դիմաց սեփականության իրավունքով անցել են ռուսական իրավաբանական անձանց, եւ դրանցում իրական արտադրություն սկսել: Հակառակ դեպքում՝ հնարավոր է ոչ միայն բացասական տնտեսական, այլ նաեւ՝ բացասական քաղաքական էֆեկտ լինի:
Հայաստանում ակնհայտ հիասթափություն առաջացրին բնական գազի գնի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Անցումը շուկայական գնագոյացման մեխանիզմին, իհարկե, անխուսափելի է, սակայն, դրանով հանդերձ, Ռուսաստանը կարող էր դիտարկել դաշնակից երկրներին իրենց ֆինանսական կորուստների դիմաց որոշակի փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը: Այս տարի առաջին անգամ միջոցներ են հատկացվում արտասահմանյան աջակցության ծրագրերի համար, եւ, կարծում եմ, Հայաստանը պետք է դիտարկվի որպես այդպիսի օգնություն ստացող գլխավոր երկրներից մեկը: Եթե այդ ամենն արվի՝ մենք կօգնենք Հայաստանի ռուսամետ ուժերին, այսինքն՝ նաեւ ինքներս մեզ: Եվ չպետք է մոռանալ նաեւ խոսքի ուժի մասին: Ռուսաստանի խոսքից, որին Հայաստանում դեռեւս վատ չեն վերաբերվում, նույնպես շատ բան է կախված:
«Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ «Իզվեստիա», 4 ապրիլի Տպագրվում է կրճատումներով