Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՎՈՒՆՔ» ԱՌԱՐԿԱՆ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Ապրիլ 16,2007 00:00

\"\"Որոշ մասնագետներ պնդում են, որ այս առարկան պետք է գործնականացնել, ոմանց ձեւակերպմամբ էլ՝ «դպրոցը կաշառակեր իրավաբանների տեղը չէ»:

2001-ից հանրակրթական դպրոցների 8-րդ դասարաններում դասավանդվում է «Մարդու իրավունքներ» առարկան, 9-րդում՝ «Քաղաքացիական կրթությունը», 10-րդում՝ «Պետություն եւ իրավունքը»: Ուսուցիչները հավաստիացնում են, որ եթե աշակերտները առավելագույնս յուրացնեն այս առարկաներից ստացած գիտելիքները, լավատեղյակ կլինեն իրենց իրավունքներին, երկրի պետական կարգին եւ ավելի հասուն կլինեն՝ որպես քաղաքացի: Նշված առարկաների դասերի ընթացքում դպրոցականներն ուսումնասիրում են երեխայի, սեփականության, ազատ ընտրության իրավունքների եւ այլ հարցերի մասին թեմաներ:

Թիվ 89 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից Լիլիթն այսպես պատասխանեց հարցին՝ հաճույքո՞վ են սովորում առարկան. «Լավ կլիներ, որ մեր ստացած գիտելիքներն ամրապնդեինք գործնական դասերի միջոցով: Օրինակ, եթե իրավաբանների կամ դատավորների հրավիրեին դասերին, մենք էլ նրանց հարցեր տայինք, չէինք մոռանա մեր սովորածը»: Բազմաթիվ ուսուցիչներ ու աշակերտներ համակարծիք են այն հարցում, որ դպրոցում ստացած իրավական գիտելիքները պիտի գործնականորեն ամրապնդվեն: Սակայն կան այնպիսի մանկավարժներ, ովքեր չեն ցանկանում իրավաբանների «ոտքը դպրոցում տեսնել», քանի որ առիթ ունեցել են նրանց հետ շփվելու ու հիասթափվելու: Մյուս կողմից էլ, նրանք կարծում են, որ իրավաբանները չունեն մանկավարժական կրթություն, ինչը կարեւոր նախապայման է դպրոց մուտք գործելու համար: «Իրավաբանները թող իրենց իրավաբանությամբ զբաղվեն, թող ժողովրդին, որի իրավունքներն այսօր հաճախ ոտնահարվում են, մարդու իրավունքներին ծանոթացնեն: Մի անգամ, երբ մեր շրջանային ոստիկանության անչափահասների բաժնից փորձեցի թույլտվություն ստանալ, որ 8-9-րդցիներին տանենք որեւէ կալանավայրի տարածք ուսումնասիրելու, նրանց բացասական վերաբերմունքին արժանացա»,- պատմեց թիվ 31 դպրոցի տնօրեն Սվետլանա Սարուխանյանը: Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141-ում, ի տարբերություն նախորդ դպրոցի, իրավաբանների հետ համագործակցություն կա, սակայն ոչ՝ «մարդու իրավունքներ» առարկայի «շրջանակներում»: «Համագործակցում ենք արդարադատության նախարարության քրեական վարչության ապարատի հետ, որը հատուկ հսկողության տակ է վերցրել դատապարտված ծնողների երեխաներին: Դպրոց այցելում են նաեւ անչափահասների տեսուչները: Իրավաբաններից հիասթափված չեմ, քանի որ նրանց չեմ էլ դիմել՝ նույնիսկ ինչ-որ արտադասարանական միջոցառում համատեղ իրականացնելու համար»,- նշեց թիվ 141 դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը:

Նկատենք, որ «մարդու իրավունքներ» առարկան դպրոցներում հիմնականում դասավանդում են աշխարհագրության ուսուցիչները, ովքեր հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցել: Կան նաեւ այնպիսի ուսուցիչներ, ովքեր, աշխատելուն զուգահեռ, հեռակա սովորում են նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: «Վերապատրաստվեցինք «Օրրան» կազմակերպությունների ղեկավար Արմինե Հովհաննիսյանի կազմակերպած հատուկ դասընթացներում: Դասախոսներից կազմված հանձնաժողովը մեզ քննեց եւ հատուկ որակավորում տվեց»,- պատմեց Գրիբոյեդովի անվան թիվ 41 դպրոցի «Մարդու իրավունքներ» առարկայի ուսուցչուհի Նինել Գասպարյանը: Այս դպրոցը մեկ տարի առաջ սերտ համագործակցության մեջ էր «Կարիտաս» կազմակերպության հետ, որը զբաղվում է թրաֆիքինգի դեմ պայքարով: «Թատերական փոքրիկ միջոցառում կազմակերպեցինք, որտեղ աշակերտները ներկայացնում էին, թե հիմնականում ովքեր են թրաֆիքինգի զոհեր դառնում: «Մարդու իրավունքներ» առարկայի դասավանդման մեթոդներում որոշ բարեփոխումներ կարելի է մտցնել, օրինակ՝ որ կապը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հետ ամրապնդվի, հնարավորություն ունենանք երեխաներին դատարաններ տանել»,- նկատեց Ն. Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել