Դժվար է հավատալ, որ այլեւս չկա մեր սիրելի, անսահման բարի, հազվագյուտ մարդը, ընկերը, գործընկերը, բոլորի համար մտերիմ ՀԵՐԲԵՐՏԸ, Հերբերտ Բաղդասարյանը. անուն ազգանուն, որ երկար տասնամյակներ դրվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ աշխարհի բազում երկրների մամուլում տպագրված լուսանկարների տակ, անուն, որ կապված է «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի ձեւավորման, երկարամյա բեղմնավոր գործունեության հետ, անուն, որը միջազգայնացավ հատկապես «Ֆոտոլուր» գործակալության կայացմամբ: Նա ստեղծեց հայ ֆոտոժուռնալիստիկայի հիանալի դպրոց:
Իր՝ վանեցու արմատներից, իր՝ Նեմրութ հորից վերցրեց մարդասիրությունը, ազնվականությունը, բարեխղճությունը, արժանապատվությունն ու իր գեղեցիկ ներկայությամբ հարստացրեց մեզ, սովորեցրեց ինչպես աշխատել ու ապրել: Ապրել հպարտ՝ առանց մանրանալու, օգնել մարդկանց՝ առանց հաշվելու այդ օգնությունը, բոլորիս համոզել, որ շատ առողջ է՝ թաքցնելով իրեն տանջող ցավը: Ներողամիտ ու հանդուրժող լինել՝ այդպես պատժելով վատը, դժվարությունը իրեն, միայն իրեն, իր ներսում պահելով՝ մտերիմներին չցավացնելու համար:
Դժվարին այս կյանքում ինչպե՞ս դիմանար այդպիսի ծանրությանը նրա բարի ու փխրուն սիրտը:
Հայաստանի ժուռնալիստների միություն «Ֆոտոլուր» գործակալություն
Հերմինե, Ռոբերտ, Գագիկ, Մելիք, Նարինե, Սուսաննա Բաղդասարյանները անհուն վշտով հայտնում են եղբոր, հոր, պապիկի, անմոռանալի Հերբերտ Բաղդասարյանի անժամանակ մահը:
Քաղաքացիական հոգեհանգիստը՝ ապրիլի 14-ին, ժամը 18-ին, Լեոյի փող. 12, բն. 39 հասցեում, հուղարկավորությունը՝ ապրիլի 15-ին, ժամը 15-ին, նույն հասցեից:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խորապես վշտացած է «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն, երկարամյա ֆոտոլրագրող, անմոռանալի Հերբերտ Բաղդասարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ եւ ցավակցում է հանգուցյալի հարազատներին:
«Ֆոտոլուր» գործակալությունը խոր վիշտ է ապրում սիրելի Հերբերտ Բաղդասարյանի անժամանակ մահվան առթիվ եւ ցավակցում է հանգուցյալի հարազատներին:
«Առավոտ» թերթի կոլեկտիվը նույնպես սգում է լավ ընկերոջ եւ փայլուն պրոֆեսիոնալ Հերբերտ Բաղդասարյանի մահվան առթիվ եւ ցավակցում նրա բոլոր մտերիմներին: