Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին «օգտագործել» են

Ապրիլ 16,2007 00:00

«ԱրմենՏելը» խախտել է «Գովազդի» մասին օրենքը

«ԱրմենՏել» ընկերության «Go» քարտի գովազդներից մեկում նկարահանված է անչափահաս՝ 4-5 տարեկան երեխա: Այդ գովազդը հեռարձակվում է մի քանի հեռուստաալիքներով, բացի այդ, երեխայի կերպարն օգտագործվում է նաեւ «Go» քարտի արտաքին գովազդում: Ըստ «Panorama.am»-ի, դա «Գովազդի մասին» օրենքի խախտում է, քանի որ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին»:

Այս առնչությամբ «ԱրմենՏելից» «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց գովազդները պատրաստում է «Շարմ» ընկերությունը, ուստի գովազդների հետ կապված նման հարցերով առաջարկեցին դիմել այդ ընկերությանը: «Շարմի» գովազդային բաժնից Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ «ԱրմենՏելի» այդ գովազդում ոչ մի խախտում էլ չկա: Նրա բացատրելով՝ «Երեխան ոչ թե գովազդում է քարտը, այլ, եթե հիշում եք՝ պարզապես ասում է, որ ամեն մեկին իր համար նախատեսված նվեր պետք է տան, այդ երեխային փոշեկուլ էին տվել: Երեխան այդտեղ բոլորովին այլ դեր ունի, նա չի ասում, թե «ԱրմենՏելի» քարտը ավելի էժան է, լավն է, եթե ասեր՝ դա խախտում կլիներ: Հակառակ դեպքում, անչափահասների պատկերներով այսօր շատ գովազդներ կան, ուրեմն կստացվեր՝ դրանք բոլորը խախտումներով են»: Նկատենք, որ որքան էլ «Շարմի» ներկայացուցիչը փորձում էր հերքել, այնուամենայնիվ, երեխան օգտագործված է «Go» քարտի գովազդում եւ պարտադիր չէ, որ նա ասեր՝ «գնե՛ք այս քարտը, այն լավն է»: Քարտերը, բնականաբար, 3-4 տարեկան երեխաների համար նախատեսված չեն, այդ տարիքում նրանք բջջային հեռախոսից էլ չեն կարող օգտվել, ուր մնաց, թե ունենան սեփական բջջային հեռախոս ու դեռ մի բան էլ իմանան «Go» քարտի առավելությունները:

Կարեն Ղազարյանը համոզում էր, որ «շատ վիճելի է՝ երեխան քա՞րտն է գովազդում, թե՞ ճիշտ նվերներ տալը», ըստ նրա՝ «եթե նույնիսկ քարտն է գովազդում, դա էլ օրենքի խախտում չէ, քանի որ նա կարող է տանը մենակ լինել ու մոր հետ հեռախոսով կապվել, կարող է քաղցած լինել ու մորը զանգել՝ հաց ուզել»: Չնայած «Շարմի» անտրամաբանական այս հիմնավորումներին, ինչ տեսանկյունից էլ որ «ԱրմենՏելի» այդ գովազդին նայելիս լինենք՝ այն, միեւնույն է, խախտել է օրենքը: Օրենքի խախտումով են նաեւ «Ժեմչուժնայա» ձեթի, «Թայդ» լվացքի փոշու, «Աֆթաբ» յուղերի եւ նմանատիպ տասնյակ այլ գովազդները, որոնք արդեն տարիներ շարունակ հեռարձակվում են հեռուստաեթերով: «Գովազդի մասին» օրենքի այդ խախտումները պետք է վերահսկի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը պետք է պատասխանատվության ենթարկի գովազդատուին, գովազդ պատրաստողին եւ հեռարձակողին, ինչը, սակայն, չի անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել