Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԵՂ ԵՆ ՏԱԼԻՍ, Ո՛Չ ԳՈՎԱԶԴԻ

Ապրիլ 16,2007 00:00

\"\"Գյումրիում ընդդիմադիրները ստիպված են իրենց նկարները փակցնել միայն շենքերի պատերին, իսկ որպես գրասենյակ՝ օգտագործել հայրական տունը:

Գյումրիում նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրվանից քաղաքի ամենակենտրոնական հատվածներում եւ մարդաշատ վայրերում տեղադրված են միայն իշխանամետ ուժերի քարոզչապաստառները: Այնպիսի տպավորություն է, որ, նրանցից բացի, քաղաքում այլ թեկնածուներ գոյություն չունեն եւ որ հենց ՀՀԿ-ականներ Աշոտ Աղաբաբյանը, Սուքիաս Ավետիսյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նույն կուսակցության անդամ Համբարձում Մաթեւոսյանն են «ազգի փրկիչները»: Գովազդվելն այնքան է գայթակղել որոշ թեկնածուների, որ նրանցից ոմանք այլեւս ուշադրություն չեն էլ դարձնում ցուցապաստառների տեղադրման վայրին. նկարները տեղադրում են անգամ իրենց ընտրատարածքից դուրս: Ի տարբերություն իշխանամետ ուժերի, ընդդիմադիրները չեն կարող նման ճոխություն իրենց թույլ տալ, քանի որ Գյումրիի բոլոր գովազդային վահանակները արդեն զբաղված են: Լավագույն դեպքում նրանք կարող են շենքերի պատերին պաստառ փակցնել:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ընտրություններից դեռեւս մեկ ամիս առաջ ինքը զանգահարել է գովազդային պաստառների վրա նշված հեռախոսահամարով ու խնդրել է իրեն տեղ հատկացնել: Սակայն խորհուրդ են տվել զանգահարել նախընտրական քարոզարշավից մեկ շաբաթ առաջ եւ երբ պատգամավորության թեկնածուն նորից է զանգահարել, այս անգամ պատասխանել են. «Չե՞ք տեսնում տեղերը զբաղված են՝ կեսը «ԱրմենՏելին» ենք հատկացրել, իսկ քաղաքական գովազդների համար՝ միայն հանրապետականներին»: Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի, ցուցապաստառը մի երեւելի գին չի ներկայացնում, միջին հաշվարկով յուրաքանչյուր թեկնածուի վրա մեկ ամսվա համար նստում է 36 հազար դրամ, սակայն համառորեն տեղ չեն հատկացնում. «Ակնհայտ է, որ իշխանական կուսակցությունների թեկնածուների համար լրիվ այլ պայմաններ են ստեղծված: Հավասար պայմանների մասին խոսք լինել չի կարող: Ինչ հավասարություն, եթե էսօր նախարարները, փոխնախարարները, վարչապետ եւ այլն, որոնք առաջադրել են իրենց թեկնածությունը, ժամանակավորապես վայր չեն դնում իրենց լիազորությունները: Նրանք գնում են շենք բաժանելու, բնակարան են տալիս, ջրագիծ են բացում: Նրանք անընդհատ հայտնվում են էկրանում, բնակիչը միշտ իրենց է տեսնում, դա քարոզ չէ՞: Մի ժամանակ լավ էր, պաշտոնյաները, ովքեր մեծամասնական ընտրակարգով էին առաջադրվում, ժամանակավորապես վայր էին դնում իրենց լիազորությունները: Հիմա պատճառ են բռնում, թե կառավարությունը կպարալիզացվի ու թույլ են տալիս, որ մեծամասնականով առաջադրված թեկնածուն մնա իր պաշտոնում: Թող փոխնախարարը զբաղեցնի նախարարի տեղը կամ էլ տվյալ քաղաքական ուժը նախապես, մի քանի ամիս առաջ փոխի նախարարին, որպեսզի նման անհավասարություն չստեղծվի»: Վերջինս պնդում է, որ նման անհավասար պայմաններ են ստեղծված նաեւ գրասենյակների առումով, սեփականատերերին վերեւներից հրահանգ է տրված ընդդիմադիր գործիչներին վարձու գրասենյակներ չտալ, այդ պատճառով էլ, ըստ պատգամավորության թեկնածուի, ինքը գրասենյակ է դարձրել իր հայրական օջախը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են քարոզարշավի ընթացքում անհավասար պայմաններ ստեղծում՝ այդկերպ խախտելով Ընտրական օրենսգիրքը, Գյումրիի գլխավոր ճարտարապետ Նորիկ Մանուկյանը պատասխանեց. «Համայնքի ղեկավարը բոլոր թեկնածուների համար մինիմալ հավասար պայմանները ստեղծել է: Ցանկացած թեկնածու կարող է իր գովազդը փակցնել մեր առաջարկած տեղերում: Իսկ դրանք երեքն են, քանի որ քաղաքը բաժանված է երեք ընտրատարածքի: Բայց եթե կան մարդիկ, որոնք ուզում են իրենց գովազդները փակցնել մեր ունեցած գովազդային վահանակներում, բնականաբար՝ դա իրենց խնդիրն է: Թե ինչու նրանց գովազդի համար տեղ չեն տալիս՝ ես չեմ կարող ասել: Իմ կարծիքով, դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորություններն են»: Գլխավոր ճարտարապետին ավելի շատ մտահոգում էր, որ «երբեմն թեկնածուները շենքերի պատերին այնպես են սոսնձում իրենց նկարները, որ ընտրություններից տասը տարի անց էլ պոկել չի լինում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել